Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի, ջրի ու լույսի մարդիկ դարձան ավագանու անդամներ, իսկ ՀՀԿ-ականները` նորից գյուղապետեր

Փետրվար 13,2012 17:17

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ՏԻՄ ընտրություններ էին նաև Շիրակի մարզի 8 համայնքներում: Բացառությամբ մի քանիսի, օրինակ՝ Արթիկի շրջանի Պեմզաշեն, Նահապետավան ու Գեղանիստ գյուղերի՝ մնացած բոլոր վայրերում ընտրություններն անցել են միօրինակ ու տաղտկալի, ավելի ճիշտ այն սցենարով, որը նախապես մշակել էին ՀՀԿ-ական գյուղապետերը: Վերջիններս ընտրական շոու էին կազմակերպել, ձեւականորեն իրենց դեմ էին հանել գյուղապետարանի աշխատակիցներին` ցույց տալու համար, որ հարգում են ընտրական նոր օրենսգրքի պահանջը` համաձայն որի, պարտադիր է մրցակից ունենալը: Իսկ ընտրությունների օրն իրենց ենթականերին բաշխել էին ճիշտ այնքան ձայն, որքան ունեն նրանց ընտանիքի անդամները:

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից տեղեկացանք, որ օրինակ՝ Շիրակ գյուղում հաղթել է գործող գյուղապետը` ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանը, գյուղի 301 ձայնից 258-ը բաժին է հասել նրան: Իսկ նրա դեմ, իբրեւ թե պայքարի դուրս եկած գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, անկուսակցական Կարապետ Հակոբյանը, հանուն իր շեֆի՝ «խայտառակ» պարտություն է կրել:

Նույն սցենարն է նաեւ Վահրամաբերդում. վերընտրվել է գործող գյուղապետը` ՀՀԿ-ական Աղվան Մարտիրոսյանը, որի դեմ պայքարում էր գյուղապետարանում դարձյալ գլխավոր մասնագետ աշխատող, դարձյալ անկուսակցական Սեդրակ Գեւորգյանը:

ՀՀԿ-ն հաղթել է նաեւ Բասենում, թեեւ այստեղ գործող գյուղապետը վաղուց էր հանել տվել իր աշխատակցի թեկնածությունը:

Որոշակի աշխուժություն նկատվել է Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում, այստեղ պայքարի մեջ են եղել գործող գյուղապետ, անկուսակցական Աղասի Ղազարյանն ու ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի տարածքային վարչությունից, այս գյուղում առավելագույն քվեարկություն է ապահովվել. գյուղի 880 ընտրողներից 705-ը մասնակցել են ընտրություններին ու երկու թեկնածուները համարյա թե կիսել են ձայները: Պաշտոնական տվյալներով, գործող գյուղապետը հավաքել է 384, ՕԵԿ-ական ուսուցիչը` 314:

Մի խոսքով, Շիրակի մարզում մեծամասամբ վերընտրվել են ՀՀԿ-ական գյուղապետերը, այս առումով թերեւս բացառություն է Արթիկի շրջանի Տուֆաշեն համայնքը , որտեղ տեղի ունեցավ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություն: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը գյուղն ալան-թալանի ենթարկելու, աշխատել չսիրելու պատճառաբանությամբ՝ վերջերս պաշտոնանկ էր արել ՕԵԿ-ական գյուղապետ Համազասպ Մխիթարյանին: Նրա փոխարեն ձայների մեծամասնությամբ գյուղապետ ընտրվեց դպրոցի տնօրենի եղբայրը` անկուսակցական Արտակ Եգորյանը: Գյուղից ընդամենը 12 հոգի են նրան դեմ քվեարկել:

Նշենք, որ կաթոլիկական Արեւիկ համայնքում էլ ավագանու ընտրություններ էին, Շիրակի մարզպետարանից հաստատեցին մեր տեղեկությունները, որ այստեղ էլ ավագանի են դարձել գյուղի ջրի, լույսի ու գազի մարդիկ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829