Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը «կոտրված չէ» կոալիցիոն համաձայնությունից

Փետրվար 13,2012 16:59

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ, քաղաքական կոալիցիայի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում «կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը»: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

Սույն կոալիցիոն համաձայնության վերաբերյալ Aravot.am-ը փորձում է ՀԱԿ- ներկայացուցիչներից մեկնաբանություններ ստանալ, քանի որ ՀՀ առաջին նախագահը եւ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ «Բարգավաճ Հայաստանը» «ճիշտ» կկողմնորոշվի, ինչի արդյունքում Հայաստանում քաղաքական իրավիճակ կփոխվի: Սակայն, մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան են մնում, նույնիսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում պատասխանատուներից որեւէ մեկը չկա: Պատճառը, թերեւ այն է, որ երեկ բոլորը ներկա էին Հրազդանի ընտրություններում, գուցե, դեռ հանգստանում են եւ վերլուծում տեղի ունեցածը:

Aravot.am-ին հաջողվեց խոսել միայն ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ, որը մեր հարցին այսպես արձագանքեց. «Բնական է, որ նման համաձայնություն պիտի լիներ: Նրանք բոլորը հետապնդում են մի նպատակ՝ պահպանել իշխանությունը եւ իրենց տնտեսական դիրքերը: Ամեն մեկն իր առանձին խաղը տարավ, բայց ի վերջո, մենք բոլորս էլ գիտենք, որ ՀՀԿ-ն շատ լավ զսպաշապիկներ ունի եւ երբ իրեն անհրաժեշտ է՝ կարողանում է դրանք կիրառել: Այս դեպքում ԲՀԿ-ի դեմ էլ կիրառվեց: Բոլորը հանգստացան, եկան փոխհամաձայնության եւ եթե նույնիսկ առանձին ցուցակներով են գնում ընտրությունների, դա ոչինչ չի նշանակում. ՀՀԿ-ն կփորձի ամեն ինչ անել, որ ԱԺ-ում մեծամասնությունը պահպանի, ԲՀԿ-ն կփորձի մի փոքր ավելացնել իր տեղերը, բայց ամեն ինչ կլինի ընդհանուր տրամաբանության մեջ: ՕԵԿ-ն էլ կստանա այնքան, ինչքան, որ ՀՀԿ-ն կգրի»:

Հարցին՝ հիասթափեցնո՞ւմ է այս համաձայնությունը ՀԱԿ-ին, քանի, որ մինչ այդ ՀԱԿ-ում, այնուհանդերձ, հույսեր էին փայփայում, որ ԲՀԿ-ն իր ըմբոստ կեցվածքով կարող է լուրջ դերակատարում ունենալ նոր քաղաքական իրավիճակ առաջ բերելու գործում, տիկին Սարգսյանը հակադարձեց, որ ՀԱԿ-ում հույսեր չէին փայփայում, պարզապես՝ ոչինչ չէին բացառում, հետեւաբար, հիասթափություն չկա: «Իշխանությունն իր կերպարով շատ տեսանելի է եւ դա Հրազդանում էլ երեւաց, թեկուզ այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն չաջակցեց հիմնական քաղաքական ուժերին, որոնք պաշտպանում էին Սասուն Միքայելյանին: Թեպետ չաջակցեց նաեւ ՀՀԿ-ի թեկնածուին, բայց այս իրավիճակում այդ չաջակցելն էլ կարելի է դիտարկել որպես աջակցություն. այս իրավիճակում չեզոք մնալ չէր կարելի: Ոչ մի արտառոց բան չկա, պետք է պատրաստվել եւ առաջ գնալ»,- ասաց տիկին Սարգսյանը:

Մյուս հարցին՝ Հրազդանի ընտրությունների արդյունքները, կոալիցիոն այս համաձայնությունը, չե՞ն կոտրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ականների ոգեւորությունը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Մեր ոգեւորությունը չի կոտրվել: Ես եւ իմ ընկերները համարում ենք, որ դա Սասուն Միքայելյանի փայլուն հաղթանակն էր ամբողջ վարչակարգի դեմ: Գործի էին դրվել բոլոր վարչական լծակները, որոնց դիմաց Սասուն Միքայելյանն ընդամենը 1600 ձայնով չի հաղթել: Նման պարտությունն այդքան լծակների դիմաց՝ հաղթանակ եւ հերոսություն է: Դա նաեւ մեր հաղթանակն էր, այն առումով, որ իշխանությունները եվս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց միակ ուժը փողն ու ընտրակաշառքն է: Բայց ՀԱԿ-ն այն քաղաքական միավորն է, որ երբեւիցէ չի ընկրկելու այս ամենի դեմ ու հասնելու է իր նպատակին: Նպատակն էլ մեկն է՝ ունենալ օրինական իշխանություն եւ ապագա նվիրել մեր ժողովրդին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829