ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Այն կապված է Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու հետ:
Պարզվել է, որ փետրվարի 12-ին, Հրազդանում կայացած ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում ժ.12.15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդանում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն:
Նա ներկայացել էր տեղամաս Բենիկի անվամբ անձնագրով, ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը հանձնաժողովը պարզել էր, որ տվյալ անձը նշված Բենիկը չէ:
Կարդացեք նաև
Անձը թողնելով քվեաթերթիկը, դիմել էր փախուստի: Այս պահի դրությամբ անձը դեռ բռնված չէ:
Սասուն Միքայելյանի վստահված անձ Արամ Մանուկյանից էր ստացվել հաղորդում, թե 25/21 ընտրական տեղամասի մոտ նկատել է, թե ինչպես է հավակնորդներից՝ Արամ Դանիելյանի վստահված անձը ընտակաշառք՝ գումար տալիս: Այդ կապակցությամբ, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Բացի այդ, ընթացք է տրվել երեկ ինտերնետային կայքերում տեղադրված մի տեսանյութին: Տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բողոքում էր, թե ինչու իրեն 5000 դրամ չեն տվել, ինչպես տվել են մյուսներին:
Հրապարակմանը ընթացք էր տրվել: Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանը հայտնել էր, թե կատարվել է մոտ 4000 կեղծ անձնագրով քվեարկություն:
Սույն հայտարարության կապակցությամբ, Կոտայքի մարզի դատախազը հանձնարարել է ստուգել իսկությունը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ