Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական. այս է խնդիրը: Այսպես կարելի է ձեւակերպել ընտրությունների նախօրեին ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների բանավեճի հիմնական թեման: Ուստի Aravot.am-ը իշխանական ՀՀԿ կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանից եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից մեկնաբանություններ ստացավ այս կապակցությամբ:
Ստեփան Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Շարունակում եմ մնալ համամասնական ընտրակարգի կողմնակիցը: Այսօր ԱԺ–ի 1/3-ը չի հարում որևէ քաղաքական ուժի, բայց գիտենք, որ նրանց ճնշող մեծամասնությունը քվեարկում է իշխող կուսակցության օգտին, բայց իշխանությունը պատասխանատու չէ նրանց արարքների համար, որոնք շատ դեպքերում կրիմինալ գնահատականը կարող են ստանալ: Մենք ուզում ենք, որ քաղաքական ուժերը կամ ասեն, որ այս կրիմինալը իրենցն է, կամ նրանք գործ չունեն ԱԺ–ում: Իսկ ՀՀ–ով մեկ 41 ընտրատարածքի գոյությունը ընտրական կոռուպցիան վեր է ածում համակարգային եւ զանգվածային երեւույթի: Ուստի այս ընտրակարգը պիտի վերանա»:
Կարեն Ավագյանն էլ նույն հարցի կապակցությամբ ասաց. «Թույլ տվեք այս հարցին՝ որպես բժիշկ պատասխանել: Լավ հասկանում եմ, որ 2007-ին Րաֆֆի Հովհաննիսյանի պարտությունը Թալինում՝ որպես մեծամասնական պատգամավոր, որոշակի բարդույթներ է առաջացրել , եւ նա սկսել է ատել այդ ընտրական համակարգը: Բարդույթները քաղաքականություն բերելը վտանգավոր երեւույթ է, քանի որ մեզ հայտնի չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ուրիշ ինչ բարդույթներ է ունեցել: Միգուցե մանկապարտեզ հաճախելիս դաստիարակի հետ է խնդիրներ ունեցել եւ առաջարկի փակել մանկապարտեզները, կամ բակի տղաների հետ է խնդիրներ ունեցել, ինչի պատճառով առաջարկի վերացնել խաղահրապարակները: Մեծամասնական ընտրակարգը ընդունված է շատուշատ երկրներում, այն մեզ մոտ օրենքով ֆիքսված է, եւ դրա հետ կապված խոսակցություններն ուշացած են»:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ