Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Փետրվար 13,2012 16:31

Ընտրական իրավունքի բացահայտ ու աղաղակող խախտումներով տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ քրեաօլիգարխիկ վարչախմբի վերջնական նպատակը Հայաստանում ամբողջատիրության հաստատումն է:

Այդ նպատակի մասնակի իրականացման մասին է վկայում նաև նույն օրը Հայաստանի 39 համայնքների մի զգալի մասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկական թեկնածուներով անցկացնելու փաստը: Օգտվելով ազգային պետություն կառուցելուն միտված այլընտրանքային քաղաքական մշակույթի և ռեալ դիմադրության բացակայությունից, վարչախումբը հետևողականորեն ու մեթոդաբար մեզ վերադարձնում է խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթի ճահիճը:

Վարչախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել առկա քաղաքական համակարգի վրա, իսկ ընտրությունները վերածել է իր վերարտադրության անխափան մեխանիզմի: Նույնիսկ մեկ առանձին վերցրած համայնքում` ընդդիմության գրեթե ամբողջ ներուժի մոբիլիզացման և քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի բացառիկ հեղինակության ու առավելագույն թվով կողմնակիցներ ունենալու պարագայում հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ կատարելության հասցված ընտրակեղծիքների մեքենան անհաղթահարելի է:

Ընտրողներին քաղաքականապես հասուն չլինելու և ընտրակեղծիքների գործիք դառնալու մեջ մեղադրելը քաղաքական մանկամտություն է: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթից դեռևս լիովին չկտրված ընտրողի տեսադաշտը փակվել է այդ մշակույթի վերարտադրվող տարատեսակով, ուստի նա չի կարող տեսնել իրավիճակը հաղթահարելու իրատեսական լուծումներ: Տիրապետող քաղաքական մշակույթի տիրույթում հայտնի գործելակերպերը` ընտրություններին մասնակցելը կամ դասական իմաստով դրանք բոյկոտելը, արդյունք չեն տալիս:

Նշված քաղաքական-մշակութային փակուղուց դուրս գալու ճանապարհը քաղաքական ստեղծագործության միջոցով ժողովրդավարական այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորման միջավայրի ստեղծումն է:

Առաջարկում ենք.

1. մերժել իշխանությունը յուրացրած բռնապետական վարչախմբի խաղի կանոնները և այլևս չմասնակցելով նրա վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին` խափանել տիրապետող քաղաքական մշակույթի և համակարգի սնուցումը ու վարչախմբի լեգիտիմացումը,

2. միասնական ջանքերի գործադրմամբ ձեռնամուխ լինել ժողովրդի իրական ցանկություններն ու նպատակներն արտացոլող զուգահեռ իշխանական մարմինների սաղմերի ձևավորման միջավայրի (այլընտրանքային նախախորհրդարան) ստեղծմանը,

3. հետևողականորեն համապատասխան ներուժ ու ռեսուրս կուտակելով (համախոհների համախմբում, ազգային պետության կառուցման հայեցակարգային-ռազմավարական հիմնադրույթների մշակում, ապագա իշխանության հիմնական մարմինների ձևավորման մեխանիզմների հստակեցում և այլն) ստեղծել իրական լեգիտիմությամբ օժտված այլընտրանքային իշխանության հիմնական մարմինների համակարգ,

4. լեգիտիմ ու իրական իշխանության մարմինների համակարգի կայացմանը զուգընթաց բոլոր հնարավոր ձևերով նվազարկել ու չեզոքացնել վարչախմբի ներուժն ու ռեսուրսը` հասնելով ժողովրդի իշխանությամբ նրա վերջնական փոխարինմանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829