Այս օրերին մամուլում շրջանառվում են առաջիկայում կառավարության նոր կազմի հետ կապված խոսակցությունները, ըստ որի ՊՆ նախարարը պետք է վարչապետ դառնա, ոստիկանապետ Վովա Գասպարյանը պետք է ՊՆ նախարար դառնա եւ այլն: Այսօր լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից ճշտեցին` այդ փոխատեղումների մասին ի՞նչ կասեք, ընտրություններից հետո հնարավո՞ր են նման տեղափոխումներ: Գալուստ Սահակյանի խոսքերով` «Ես ոչինչ չեմ կարող ասել: Թե լիներ իմ փոխատեղման մասին` կպատասխանեի: Խորհրդարանին մեծ դերակատարում է տրված` կառավարություն կազմելու համար, իսկ խորհրդարանը քաղաքական բանակցությունների ճամբար է: Այսինքն, այնպես չի, որ մենք քվեարկենք ու կառավարությունը մեր ուզած ձեւով կազմվի ու մեր ուզած մարդիկ լինեն: Այնտեղ համաձայնությունների մեխանիզմ կա»: Նա չբացառեց, որ կոալիցիայի կազմն էլ հնարավոր է փոխվի:
Հարցին` ընդդիմությանն առաջարկ արվելո՞ւ է կառավարություն գալու` նա պատասխանեց. «Մենք մի ժամանակ դա արեցինք, նույնիսկ ընդդիմությունից նախարար ունեցանք, տեղակալներ ունեցանք: Խորհրդարանում բավականին հանձնաժողովներ նաեւ ընդդիմությանը տրվեց: Համենայնդեպս, տեսանք, որ պատասխանատվությունն էլի մնաց մեր վրա: Որեւէ մեկը հետագայում պատասխանատվությունն իր վրա չվերցրեց»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, այն 20-25 %-ով փոխվելու է: Գալուստ Սահակյանն ասաց, թե կընդգրկվեն մարդիկ, որոնք զերծ կմնան ձեռնարկատիրական գործունեությունից: Բայց սա չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի սատարելու մեծամասնական ընտրակարգով առաջադրված ձեռներեցներին. «Նայած որ ձեռներեցին կսատարենք: Նա, ով տեսել ենք, գիտակցում ենք, որ քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն կարող է ցույց տալ` նրան էլ կպաշտպանենք: Այն ձեռներեցները, որոնք իրոք որ բաժնետերեր են եւ ամբողջովին կլանված են խորհրդարանական քաղաքական աշխատանքներում` դա նույնիսկ օգուտ է խորհրդարանին»: Հարցին ` այդ դեպքում ինչո՞ւ չեք համամասնական ցուցակում նրանց ընդգրկում` Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ «այնպես չէ,որ համամասնական ցուցակում այդպես գիծ է դրված»:
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ աղանդավորական կազմակերպութուները սկսել են հիմնական կուսակցությունների հետ պայմանավորվածությունների մեջ մտնել, որպեսզի նրանց ցուցակներում անցողիկ տեղեր ունենան: Այդ առնչությամբ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ եթե աղանդավորները կուսակցություն են դառնում, ցուցակ են դնում, կամ մասնակցում են մեծամասնական ընտրություններին` դա իրենց իրավունքն է, բայց համենայնդեպս, իրենք աղանդավորությանը զարկ տվող չեն. «Լրիվ հակառակ եւ կոշտ կուսակցություն ենք՝ այդ առումով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ