Հատված ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի հարցազրույցից՝ «Azerisport.com»-ին:
– Ձեզ տխրեցրե՞ց, որ Բաքուն չկարողացավ հաղթել հավակնորդների մրցաշարը կազմակերպելու մրցավազքում:
– Կարծում եմ, որ ՖԻԴԵ-ն այդ մրցամարտը Լոնդոնին տվեց այն բանի համար, որպեսզի Անգլիայի մայրաքաղաքն ավելի շատ ճանաչեն շախմատային աշխարհում: Դրան ավելացրած՝ այնտեղ են անցկացվելու ամառային օլիմպիական խաղերը:
– Դա չէ՞ք կապում Լեւոն Արոնյանի՝ Ադրբեջան գալուց հրաժարվելու հետ:
– Ես կարծում եմ, որ մրցաշարի կազմակերպիչները Լեւոնի անվտանգությունը կապահովեին ամենաբարձր մակարդակով: Այլ հարց է, որ Արոնյանը հոգեբանորեն պատրաստ չէ Բաքվում խաղալ: ՖԻԴԵ-ն կարող էր մերժել նրան, սակայն որոշեց ընտրել Լոնդոնը: Չեմ կարծում, թե Արոնյանի հրաժարվելը խիստ է ազդել այդ որոշման վրա:
– Եթե Երեւանը ցանկանար հավակնորդների մրցամարտ կազմակերպել, դուք կմասնակցեի՞ք:
– Ես ունկնդիր կլինեի Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի որոշմանը: Կանեի ամեն բան, որպեսզի ՖԻԴԵ-ն փոխեր իր որոշումը: Չգիտեմ, թե Հայաստանն ինչպիսի՞ պայմաններ կկարողանար առաջարկել: Համենայն դեպս, այնտեղ խոշոր մրցաշարեր հազվադեպ են անցկացվում: Այլ է Ադրբեջանը, որը մեկ անգամ չէ, որ ընդունել է հայ մարզիկներին:
Հ.Գ. Այո, Բաքուն ընդունել է հայ մարզիկների: Եվ ոչ միայն Հայաստանից: Հենց նույն «Azerisport»-ը եւ ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են հայերին (այդ թվում նաեւ՝ բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի երկու անդամներին) այդ օրերին ցույց տված «ադրբեջանական ջերմ ընդունելության» մասին խայտառակ տեղեկատվություններով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ադրբեջանցիների համար անվտանգություն ապահովելուն, Մամեդյարովը կարող է հարցնել իրենց երկրի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մարզիչներին ու անդամներին, որոնք Եվրոպայի առաջնության ժամանակ Երեւանում գտնվելու օրերին, երեկոները հանգիստ շրջում էին Հանրապետության հրապարակում, հիանում երգող շատրվաններով ու շփվում մարդկանց հետ: Բացի դա, այսօր Երեւանում բնակվում ու աշխատում են ադրբեջանցիներ, անգամ լավ աշխատանքի համար պարգեւատրվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ