Ամուսնական զույգերը իրենց հարսանեկան արարողությունն ավելի խորհրդավոր դարձնելու համար նախընտրում են նշել հենց այսօր՝ Տյառնընդառաջի օրը: Չնայած որ կրակի վրայով թռչելը ավանդական և հետաքրքիր արարողություն է, այնուամենայնիվ նորապսակներից ոչ բոլոր փեսաներն են համաձայն պտտվել կրակի շուրջն ու թռչել նրա վրայով: 27-ամյա Գայանեն և նրա ամուսինը` Հայկը, երկու տարի առաջ որոշել էին ամուսնանալ փետրվարի 13-ին: «Կրակի մասին ամուսնուս հետ նախնական ոչինչ չէինք խոսել, դե մտածեցի, որ այդ ամենը պետք է լինի նրանց տան կամ եկեղեցու բակում և կազմակերպելու հարցում բարդություն չի լինի»,-ասում է Գայանեն: Ամուսնության օրը Գայանեի համար սպասված պահերից էր կրակի շուրջը պտտվելը, սակայն ի զարմանս նրա՝ խարույկ չվառվեց ո՜չ եկեղեցու բակում, ո՜չ էլ հարսանյաց սրահի բակում: «Շարունակ մտածում էի, եթե ոչ մի կրակ ու Տրնդեզ չի լինելու, ապա էլ ի՞նչ իմաստ ունի եթե ոչ այլ, ապա հենց այս օրը նշել պսակադրությունը»,-ասում է Գայանեն և հարսանյաց սրահում այդ մասին հայտնում ամուսնուն: Եթե մինչ այդ Հայկը ժպտում էր, ապա Գայանեի խոսքերից հետո լրջանում է ու ասում. «Վերջացրու՛, ի՞նչ կրակ, հո ես լակոտ չեմ», իսկ Գայանեն` Հայկին չվիրավորելու նպատակով, ծիծաղելով պատասխանում է. «Լակոտ չես, բայց քյարթու ես»:
Մինչ օրս էլ Գայանեն փորձում է համոզել ամուսնուն, որ դա ոչ թե լակոտութուն է, այլ իր մեջ խորհուրդ ունի, սակայն Հայկը մնում է իր կարծիքին: Ամուսնու համառությանն ընդունելով՝ ասում է. «Սիրում եմ նրան, թեկուզ լինի նա քյարթու»:
Արամի և Կարինեի դեպքում խարույկի արարողությունն իրականացավ, սակայն արտառոց պայմաններում. «Շատ խնդրեցի Արամին, որպեսզի մենք էլ պտտվենք կրակի շուրջ և թասիբի գցելով՝ ասում էի, եթե վատ ու անիմաստ է, ի՞նչ է, շատերը չե՞ն գիտակցում դա», – ասում է Կարինեն: Ի վերջո նրան հաջողվում է համոզել Արամին, միայն թե ամուսնու պահանջով խարույկը պիտի վառվեր ոչ այլ վայրում, քան իրենց շենքի 8-րդ հարկի բաց պատշգամբում (բալկոնում) և ոչ հյուրերի ներկայությամբ: Սակայն Արամի ցանկությանը հակառակ` կրակը վառելուն պես, եթե ոչ հյուրերը, ապա ողջ հարևանությունը հավաքվեց: «Սկզբում կարծեցինք, թե շենքում հրդեհ է բռնկվել, և տարօրինակ իրարանցում սկսվեց, իսկ հետո միայն հասկացանք, որ կրակը չի տարածվում և հրշեջ ծառայության կարիք ամենևին էլ չկա», – ասում է հարևանուհիներից` Արևիկը: Այս անգամ արդեն հարևանները մոռանալով, որ կրակը շենքում է` ուրախությամբ պտտվում են խարույիկի շուրջ, թռչում նրա վրայով ու շնորհավորում նորապսակներին:
Ալվարդ Սիմոնյան