Լրահոս
Օրվա լրահոսը

Աժ ընտրություններին կլինե՞ն «պատահական» հոսանքազրկումներ (Տեսանյութ)

Փետրվար 13,2012 16:15

«Բավականին դրական ընտրություններ էին»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Քաղաքագետների միությունում այսպես գնահատեց Հրազդանում երեկ անցկացված ընտրությունները:

Հարցին` դա կարո՞ղ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար լավ նախադեպ ու լավ մեկնարկ համարել` նա պատասխանեց. «39 համայնքներում ընտրություններ են տեղի ունեցել, բամբասանքներ կլինեն: 39 տեղերում որեւէ բողոք, լարվածություն, որեւէ թերություն չի արձանագրվել: Ամբողջ պրոցեսներում որեւէ կողմից որեւէ բողոք չի արձանագրվել ո’չ տեղամասային հանձնաժողովներում, ո’չ տարածքային, եւ ոչ էլ ԿԸՀ-ում եւ ոչ էլ լրատվության միջոցով որեւէ արձագանքներ են եղել»:

Երբ բոլոր լրագրողները միաբերան ասացին, թե ո՞նց, ԶԼՄ-ները բազմաթիվ դեպքեր են արձանագրել, նույնիսկ տեսանյութեր կան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Դա հայկական ցավի պես մի բան է, պարտվող կողմը ոչ թե մտածում է, որ պայքարը շարունակվում է, այլ շատ ցավոտ է տանում պարտությունը եւ հազար ու մի բան կարող է ասել, բայց իրավական տեսակետից որեւէ խոսակցություն չի եղել: Մամուլն էլ տեղյակ չէ, որովհետեւ հրապարակումներ կլիներ: Իսկ մնացածը պիտի համարել մեր մենթալիտետին հատուկ խոսակցություններ: Եթե տեսանյութերը կան` թող ցուցադրեն, բայց ընդհանուր առմամբ, որակի տեսակետից, ասեկոսեների մակարդակից եթե դուրս ենք գալիս` դրանք բավականին դրական ընտրություններ էին»:

Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեց` հաշվի առնելով, որ Հրազդանի ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվելուց առաջ հոսանքազրկումներ եղան, որեւէ երաշխիք կա՞, որ խորհրդարանական ընտրություններին նման «պատահական» անջատումներ չեն լինի քվեաթերթիկները հաշվելիս: Գալուստ Սահակյանի խոսքերով` «Հրազդանի ընտրություններն ինձ համար հրաբխային կարգավիճակ չունեին, դա ՏԻՄ ընտրություն է, ես այնտեղ չեմ եղել, եւ այնքանով եմ ինֆորմացիայի տիրապետում, որքանով ինձ զեկուցել էին: Գիտեք, այդ հարցը ինձ պիտի չտաք, ինչ-որ նորելուկ մեկին գտեք` տվեք այդ հարցը: Նախորդ անգամ բոլոր ընտրատեղամասերում այլ ենթակայաններից հոսանքներ էին բերվել, այս անգամ էլ այդպես կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829