Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների՝ 2012 թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման ու վերլուծության արդյունքները՝ ըստ ոլորտների:
Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների համագումարի արդյունքում վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցնում են Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանները:
«Մրցակցային պայմաններում վարչական շրջանների աշխատակազմերը, ոլորտների պատասխանատուները գործնականում պետք է ավելի հետևողական ու զգոն լինեն՝ առաջիկա հաշվետվությունների ժամանակ ցուցանիշները բարելավելու համար: Առողջ մրցակցությունը պետք է հանգեցնի նրան, որ բոլոր վարչական շրջանները լինեն առաջին տեղում»,-ընդգծել է քաղաքապետը:
Առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները ապահովել են սեփական եկամուտների հավաքագրման, դիմում բողոքների արձանագրման ու արձագանքման, աղբահանության, սոցիալական և սանմաքրման ոլորտներում: Ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել ապօրինի հողօգտագործման դեպքերի հայտնաբերմանն ուղղված արդյունքներում, բարեկարգման ու կանաչապատման և ֆինանսական ոլորտներում:
Կարդացեք նաև
Քաղաքապետը անդրադարձել է նաև համատիրությունների խոշորացման գործընթացին, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացմանը և հանձնարարել է գործընթացն ավարտել սահմանված ժամկետում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն