Երեկ գյուղապետի աթոռի համար պաշտոնակռիվ էր նաեւ Ամասիայի Գառնառիճ գյուղում: Այն Արփա լճի տարածքի սահմանամերձ նախավերջին գյուղն է. գտնվում է ամենահյուսիսում` Վրաստան-Թուրքիա-Հայաստան խաչմերուկում եւ ունի փոքր թվով բնակչություն` 269 մարդ:
Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի բնութագրելով, այստեղ սովորաբար ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցակցություն չի լինում: Մինչդեռ այս անգամ պայքարի էին դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ` ծագումով ախալքալաքցի, երկարամյա գյուղապետ Մանվել Ղազարյանն ու դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանը: Սակայն վերջիններս հասարակ ՀՀԿ-ականներ չեն, այլ աներ ու փեսա են:
Այսօր պարզ դարձավ, որ աներն իր աթոռը զիջել է փեսային, ավելի ճիշտ՝ վերջինս խայտառակ պարտության է մատնել աներոջը:
Կարդացեք նաև
Ինչպես Aravot.am-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից, Գառնառիճի 106 մասնակցից 96-ն իրենց ձայնը տվել է փեսային` Վանիկ Մանուկյանին, որն ուսուցիչ էր աշխատում իր զոքանչի ղեկավարած դպրոցում:
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ գյուղապետ էր Մանվել Ղազարյանը եւ ի՞նչն է դրդել նրան հրաժարվել իր պաշտոնից: «Միգուցե ընտանեկան խորհո՞ւրդն է որոշել, որ աներոջ փոխարեն փեսան գյուղապետ ընտրվի, ես նախկին գյուղապետին դեռ չեմ տեսել ու չեմ ճշտել, բայց ինքը գլուխը կախ, խելոք աշխատող, պարտաճանաչ մարդ է, զարմացա, որ չուզեց վերընտրվել, երիտասարդ մարդ է` 46 տարեկան, չեմ պատկերացնում, ուրիշ ինչո՞վ պիտի զբաղվի: Ճիշտն ասած՝ նոր ընտրվածին չեմ էլ ճանաչում, երեւի նրան երբեք չեմ տեսել»,- ասաց Կարլեն Աբրահամյանը:
Միգուցե խնդիրնե՞րն են շատ ու դրանի՞ց է գյուղապետը փախել, հարցրինք մենք: «Դե խնդիրներն այս գյուղում բոլոր գյուղերի նման են. հիմնականում ճանապարհներն են դժվարանցանելի եւ ամռանը, եւ ձմռանը»,- տեղեկացրեց մարզպետարանի պաշտոնյան:
Պարզաբանումներ ստանալու նպատակով մենք զանգահարեցինք նաեւ Գառնառիճի պաշտոնաթող գյուղապետին, սակայն նրա փոխարեն մեր հարցերին պատասխանեց կինը` դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանը: Տիկինը տեղեկացրեց, որ ինքը ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարն է եղել, եւ ավելի ստույգ կկարողանա պատասխանել մեր հարցերին: «Ամուսինս ուղիղ 10 տարվա գյուղապետ էր, մեր տնտեսությունը շատ է տուժել, քանի որ ամուսիններով անընդհատ դրսում ենք եղել`շատ զբաղված, հիմա ժամանակն է մի քիչ մեր տնտեսությամբ զբաղվենք, ուրիշներին էինք վստահում, բայց նրանց նայածը ի՞նչ պիտի լինի:Ես էլ ամբողջ օրը վազքի մեջ եմ` դրսերում, ստիպված մեքենա եմ քշում: Ամուսինս էլ անընդհատ մարզպետարան պիտի գնար ` տարբեր գործերով: Սկզբում չէինք ուզում առաջադրվել, բայց որ Ընտրական օրենսգիրքը պարտադրում է` թեկնածուները մեկից ավելի պետք է լինեն, այդ պատճառով առաջադրվեցինք, բայց հետո ամուսինս ինքնաբացարկ չհայտնեց, որովհետեւ կնմանվեինք Շիրակի մարզի մյուս գյուղերին: Մենք էլ գնացինք ու տնովի ձայն տվեցինք ամուսնուս: Իսկ փեսաս, որ էդքան շատ են լրատվամիջոցները շեշտում, որ մեր փեսան է՝ պատմության հրաշալի մասնագետ է, երիտասարդ` 29 տարեկան, եւ շատ արժանավոր է: Մեր փեսան լինելուց առաջ էլ նա ինքնադրսեւորվել էր, աշխատում էր գյուղապետարանում, հետո նոր դպրոցում: Նա ավելի ջահել է, շատ բանի կհասնի: Ուզում եմ, որ Գառնառիճը ծաղկի, թեեւ քաղաքից շատ է հեռու, բայց շատ եմ ուզում քաղաքատիպ ավան դարձնենք, ծաղկեցնենք»,- ասաց տիկինը` շեշտելով, որ ինքը Գյումրիից է, 1989-ին պետական համալսարանն ավարտելուց հետո է տեղափոխվել Գառնառիճ ու այնտեղ էլ բնակություն հաստատել:
Մեր այն հարցին էլ, թե ինչո՞վ կզբաղվի պաշտոնաթող գյուղապետը, տիկին Աբրահամյանը պատասխանեց, որ իր ամուսինը բարձրագույն կրթություն ունի եւ զինղեկ կաշխատի դպրոցում, այլեւս գյուղապետի պաշտոնը իրեն չի խանգարի : Նրա տեղեկացմամբ, դպրոցը մոտ է իրենց տանը, հետեւաբար եւ այսպես ավելի ձեռնտու կլինի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ