Տեառնընդառաջն ունի քրիստոնեական անվանում՝ կապված 40 օրական Քրիստոսին Սիմեոն ծերունու մոտ տանելու հետ, այդ իսկ պատճառով տոնը նշվում է Սուրբ Ծնունդից 40 օր հետո:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քրիստոնեական աշխարհում Տեառնընդառաջի տոնն ունի ժողովրդական ակունքներ. «Դրա ժողովրդական ծեսը բացառիկ հայկական չի, այլ առաջավորասիական: Միայն հայերը չէ, որ խարույկ էին վառում: Կրակի պաշտամունքը համարվում էր տարածաշրջանային մշակույթի էլեմենտ: Հետագայում այդ ծեսը արտացոլվեց մեր Տեառնընդառաջի տոնում»:
Վաղ ժամանակներում կրակի պաշտամունքը սրբազան էր՝ ջրի կամ տիեզերական մարմինների պաշտամունքների պես: Կրակն ուներ մաքրազարդելու, բժշկելու եւ չարքերից պաշտպանելու խորհուրդ՝ չնայած այրելու եւ ոչնչացնելու հատկությանը: «Մոխիրն օգտագործում էին բնակարանը մաքրելու համար, նույնիսկ քսում էին մարմնի հիվանդ մասերին, իսկ ծխի օգնությամբ կանխատեսում էին տարվա բերքառատությունը»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Ինչպես հայտնի է, Տեառնընդառաջի տոնին կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ազգագրագետի խոսքերով՝ եկեղեցին հիմնվել է ժողովրդական ծիսական դրսեւորումների վրա. «Հայոց ավանդական մշակույթի համաձայն, երկու կրակ են վառել՝ եկեղեցու մոտ եւ տան բակում: Նորապսակ փեսայի համար պատիվ էր կրակը վառելը, իսկ հարսների գիրկը տղա երեխա տալը»:
Կարդացեք նաև
Հ. Խառատյանը նշեց, որ Տեառնընդառաջն օդի բարեխառնություն է խորհրդանշում. «Ժողովուրդն ասում է, թե Տեառնընդառաջը ձմեռվա քառասունքն է, որից հետո կարելի է սպասել մեղմ եղանակի»:
Ըստ Հրանուշ Խառատյանի, Հայաստանի անկախացումից հետո տոնը նոր շունչ է ստացել եւ շքեղացել. «Տոնի խնջույքը գնալով ճոխանում է, հարսների տուն տարվող սկուտեղները մրցում են իրար հետ: Տեառնընդառաջը կարծես երկրորդ հարսանիք է դառնում: Տոնի ճոխացումն իր հետ բերում է ավելորդ պատասխանատվություն եւ ծախսեր՝ չափազանց շատ ենք կենտրոնացնում տոնը սեղանի շուրջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ