ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հրազդանում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ վստահեցրեց, որ իրենց հաղթանակն արդար ընտրությունների արդյունք էր. «Ուզում եմ հպանցիկ խոսել նաեւ լույսերի անջատման մասին, որը կրկին փորձեցին իշխանության վրա բարդել, բայց ես ընդամենը կուզենայի, որ քաղաքական զսպվածություն ունենային, հավասարակշռվածություն, որ ընտրությունները, նախորդ բոլոր ընտրությունների հետ համեմատած՝ անցել են ավելի բարձր որակով, տային ավելի բարձր գնահատականներ »:
Պարոն Սահակյանին զարմացրել է, որ ՀԱԿ-ը հայտարարում է ընտրական կեղծիքների, ընտրակաշառքների մասին ու չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները կամ վերահաշվարկ պահանջել. «ՀԱԿ-ը հասկացավ, այս ընտրությունները, որտեղ իրենք կենտրոնացրել էին իրենց ուժերը, անցել են բավարար արդար ու բողոքարկելու տեսակետից էլ արդյունքներ չեն լինելու: Բայց որոշ քաղաքական գործիչներ ազնիվ չգտնվեցին իրենց մտքերի արտահայտման առումով ու չտվեցին իրական, կոնստրուկտիվ գնահատականներ, ինչի դեպքում մեզ ավելի շատ կօգնեին, որ կարողանայինք սուբյեկտիվ ու օբյեկտիվ թերությունները, որոնք առկա են եղել, վերացնենք: Քաղաքական գործիչների անուններ չտամ, որ ավելի չարժեւորենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ