Տյառնընդառաջը կամ տերնդեզի տոնը քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճար ընծայելու օրն է: Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է փետրվարի 13-14-ը: Փետրվարի 13-ին քահանան կատարում է անդաստանի արարողություն, օրհնվում է երկրի չորս կողմերը, որպեսզի տարին արագասաբեր լինի, նախատոնի ժամերգությունից հետո էլ բակերում կրակ է վառվում, իսկ կրակը մոմերով տուն տանելով՝ հավատացյալները Քրիստոսի լույսն են տանում իրենց օջախները:
52-ամյա Ջուլիետան այս տարի նույնպես եկեղեցի է գնալու ու կրակն էլ տուն է տանելու: Տանելու է, որ հաջողությամբ լցնի իր օջախը:
Տիկին Ջուլիետայի համար սա պարտականության նման մի բան է դարձել: Ինքն է ասում: Ըստ նրա՝ ցանկացած մարդ դա պետք է անի:
Փետրվարի 14-ին նշվում է նաև նորապսակների օրհնության օրը: Այդ օրը նրանք գնում են եկեղեցի ու ստանում տիրոջ օրհնությունը: Իսկ Հովհաննիսյանների ընտանիքի համար փետրվարի 14-ը կրկնակի տոն է. 33 տարի առաջ այդ օրը Թադևոսն ու Անահիտը ամուսնացան: Ինչ խոսք, նրանք նորապսակ չեն, բայց ավանդույթը պահելով, գնալու են եկեղեցի` օրհնություն ստանալու: Որոշել են` հետո էլ բարեկամներով կհավաքվեն ու կնշնեն` թե՜ տյառնընդառաջը, և թե ամուսնության 30 -ամյակը:
Տիկին Անահիտը պատմում է, որ իրենց երկու աղջիկները` Մարինեն ու Դիաննան արդեն ամուսնացել են ու ունեն իրենց երեխաները: Մնացել է միայն ծառայության մեջ գտնվող որդին:
«Հայկն էլ կամուսնանա ու կունենա իր երջանիկ ընտանիքը»,-համոզված են Թադևոսն ու Անահիտը:
Եթե կյանքը նորից դասավորելու հնարավորություն ունենաին, միևնույնն է` միասին կլինեին:
Բոլոր նորապսակներին ու երիտասարդներին էլ շնորհավորելով տոնի կապակցությամբ, ցանկանում են երջանկություն:
Արամ Արարատյան