Այսօր Քաղաքագետների միությունում տեղի ունեցան հերթական լսումները՝ ընտրությունների թեմայով: Այս անգամ հյուրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էր: Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նրանից հետաքրքրվեց, թե վարչապետն ո՞վ է լինելու: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «Հեչ կարեւոր չէ, որ այսօր մենք ժողովրդին շեղենք, ասենք` գիտեք ինչ, երկրի վարչապետ ենք ընտրելու: Բոլոր քաղաքական թիմերն իրենց ցուցակի առաջին համարները դնեն վարչապետների: Ընտրությունների իմաստը դա չէ: Մնացած բոլոր պաշտոնյաները` վարչապետ, նախարար, չինովնիկ, դրանք ընդամենը գործիքներն են: Վարչապետը կընտրի խորհրդարանը, կարծում եմ` շատ շուտ է, որ այսօր խոսենք, թե ով է նախարար լինելու, ով է վարչապետ լինելու: Մենք գնալու ենք շատ սովորական ընտրությունների, մեր բանաձեւը լինելու է, որ խախտումներ չլինեն»:
Հմայակ Հովհաննիսյանը ճշտեց` սովորական, այսինքն` նախորդ ընտրությունների նմա՞ն, ինչին ի պատասխան` պարոն Սահակյանն ասաց. «Նախորդը որի՞ հետ եք, եթե 90-ականների հետ եք, ապա այդ թվականին արդեն իներցիա ձեռք բերած մի ժողովուրդ էր, ինչպես կոմունիստների ժամանակ էր: Հաջորդն այս ասպարեզով էր` իշխանությունն իմն է, մեր դեմ խաղ չկա: Մարդիկ եկան, ես այն ժամանակ էլ եմ եղել, տարբերությունն այն էր, որ կոմունիստների վերջին շրջանում արդեն բուլետենների կապերը չէին քանդում, այդ շրջանում բուլետենի կապը քանդում էին, մի տոպրակ վերցնում` լցնում էին քվեատուփի մեջ: Ո՞ր ընտրությունների հետ եք»:
Չնայած Հմայակ Հովհաննիսյանը համոզված էր, որ առաջիկա ընտրութուններին իշխանությունը պիտի ջանա, որ խախտումներ չլինեն, հակառակ դեպքում կզրկվի միջազգային կառույցների կողմից խոստացված խոշոր գումարներից, սակայն Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ գումարներն իրենց համար նպատակ չեն. «Մենք ողորմածին ժողովուրդ չենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև