Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը առաջարկում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի համար նախատեսված կրթական ծրագրեր հայ ուսանողների համար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շեֆֆիլդի համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը, հայ ուսանողներին առաջարկվում են հատուկ զեղչեր. բակալավրիատի եռամյա կրթության համար՝ 6500, իսկ մագիստրատուրայի համար՝ 8000 եվրո տարեկան վարձավճարով, իսկ կրթաթոշակը սահմանվում է տարեկան վճարի 40 տոկոսի չափով:
Ինչպես նշեց Գ. Դիկեոսը, ծրագիրն առայժմ առաջարկվում է միայն հայ ուսանողներին. «Մեր նպատակն է՝ կրթություն տալ նրանց, որպեսզի հետագայում վերադառնան Հայաստան եւ օգտակար լինեն իրենց երկրի հետագա զարգացմանը: Հույս ունեմ, որ հայերը եւ հույները կփոխանակվեն կրթական փորձով»:
Բանախոսը հետաքրքրված է հատկապես հայ ուսանողներով, քանի որ հայերը եւ հույներն ունեն նման պատմական ճակատագիր: «Անձամբ ես տպավորված եմ հայ ժողովրդով եւ հայոց պատմությամբ: Ուսանողական տարիներին Բրիտանիայում ապրել եմ հայ տիկնոջ բնակարանում»,-ասաց Դիկեոսը:
Բանախոսի հավաստմամբ՝ Սիթի Քոլեջ դիմած բոլոր ուսանողներն արժանանալու են անհատական ուշադրության. «Յուրաքանչյուր 5 ուսանողի ղեկավարելու է մեկ պրոֆեսոր, ով օգնելու է նրանց համալսարանի հետ կապված ցանկացած հարցում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ