Հայկական և ադրբեջանական կողմերը երկուստեք իրար մեղադրում են սահմանային գծում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: ԵԱՀԿ համանախագահները, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ պարբերաբար կողմներին կոչ են անում պահպանել հրադադարը և հեռացնել դիպուկահարներին: Սակայն հետևողական աշխատանք չի իրականացվում, շատ հարեցրի լուծումը ավարտվում է սոսկ հայտարարություններով: Ի վերջո, ի՞նչ է իրականում տեղի ունենում սահմանագծում: Մի պահ վերանալով այսպես կոչված տեղեկատվական հակամարտության ոլորտից` փորձենք անկողմնակալ գնահատել իրավիճակը:
Պատասխան կրակ` 10 դեպքից մեկում
Վերջերս հրադադարի ռեժիմի խախտման մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փետրվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերը 10 դեպքից միայն մեկում են պատասխան կրակ բացում. «Իմ կողմից տրված է հստակ ցուցում, որ պատասխանեն միայն այն կրակոցներին, որոնք դիպուկ են, երբ դիպուկահարների կրակոցների արդյունքում մենք ունենում ենք կորուստներ կամ վիրավորներ»: Այս հայտարարությանը հետևեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիկ պատասխանը. «Թե΄ Ադրբեջանում, թե΄ Հայաստանում, այդ թվում` այդ երկրի պաշտպանության նախարարությունում, բոլորը լավ գիտեն, որ Սեյրան Օհանյանը ստում է: Շատ հավանական է, որ Սեյրան Օհանյանն էլ իր խոսքերին չի հավատում»,- սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևի խոսքերն են: Նման, մեղմ ասած, անհեթեթ պարզաբանումները կարող են միայն զավեշտ առաջացնել:
Անհաջող «copy-past» ադրբեջանավարի
Կարդացեք նաև
Այն, որ Հայստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում փոխհրաձգություններ են տեղի ունենում, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Կրակում են ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը: Երբեմն այդ հրաձգությունները միտումնավոր են, ինչպես եղավ 2011-ին, երբ հակառակորդի կողմից սպանված հայ զինծառայողի ահազանգից հետո հայերը դիմեցին պատժիչ գործողությունների:
Հրազենային փոխհրաձգությունները հիմնականում բռնկվում են գիշերները, երբ սահմանային գծում հերթապահություն իրականացնող զինծառայողները, լսելով որևէ աղմուկ, մտածում են` մոտենում են հակառակորդները և սկսում են անկանոն կրակահերթ արձակել: Տվյալ պարագայում չափազանց տարօրինակ է Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Այս երկրի պաշտպանության նախարարությունն ամեն օր պարտադիր տարածում է նույնանման հայտարարություններ՝ նշելով, որ, իբր, հայկական կողմը որերորդ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ հայտարարությունները միշտ զետեղվում են նույն ժամերին՝ առավոտյան ժամի 9-11-ը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե Ադրբեջանի ՊՆ-ն ոչ թե արձանագրում է փաստը, այլ զբաղված է «copy-past»-ով, որն իր հերթին միտված է տեղեկատվական պատերազմում հաղթաքարեր ձեռք բերելուն: Այս առնչությամբ դեռևս 2011 թվականին պաշտոնական Երևանը հանդես է եկել սուր և դիպուկ քննադատությամբ. «Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները, ըստ որոնց` ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել նույն ժամին` 10:04-ին ու նույն` Ֆիզուլիի շրջանում, իսկ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին` 09:56-ին` Թարթառի շրջանում: Այս ամենը վկայում է, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ»,- ռուսական «Regnum» լրատվական գործակալությանը ասել է ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Հայկական կողմի պատրաստակամությունը
Մինչդեռ հայկական կողմը առանձնանում է առավել ողջամտությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամեն ամիս վերլուծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին ներկայանում է համապատասխան վիճակագրությամբ, որտեղ հստակորեն նշվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ինչպես հայաստանյան, այնպես էլ ղարաբաղյան կողմի շփման գծում՝ զուգահեռներ անցկացնելով նախորդ ամսվա հետ: Ադրբեջանը նման վիճակագրություն հազվադեպ է ներկայացնում:
Այս հարցը մշտապես բարձրացվում է նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Օրինակ` անցած տարի ԵԱՀԿ նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Իմոն Հիլմորը ասել էր, որ իրավիճակը, հատկապես շփման գծում, անբավարարվածություն է հարուցում և հարկավոր է կենտրոնանալ հրադադարի համաձայնագրի պահպանման ամրացման, ինչպես նաև դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերմանը: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով` իր պատրաստակամությունը հայտնելով հրադադարի համաձայնագրի պահպանման ամրացման և դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու հարցում: Օրինակ՝ 2011 թվականին Սոչիում եռանախագահների հանդիպման ժամանակ այս ուղղությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն Ադրբեջանը այն մերժել էր: Հարց է բարձրացվել նաև Հայաստանի պաշտանական գերատեսչության ղեկավարության մակարդակով. 2011-ի հոկտեմբերին Սեյրան Օհանյանը հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի հետ և վերջինիս հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում Օհանյանը նրա ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա:
Այս ամենը հաշվի առնելով` ակնբախ է դառնում, որ հայկական կողմին ձեռնտու չէ լարվածությունը շփման գծում, մինչդեռ ադրբեջանական կողմը շահագրգռված է հրադադարի ռեժիմի խախտումներով, նախ` այս կերպ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ղարաբաղյան հակամարտության վրա, երկրորդ` հաշվի առնելով այդ երկրի զինված ուժերում նկատվող կարգապահության ցածր մակարդակը` շատ հավանական է, որ զինծառայողներն են ինքնակամ կրակահերթեր արձակում, և երրորդ` Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը միայն նման քայլերի դիմելով է փորձում ձերբազատվել պարտվածի բարդույթից:
Գևորգ Թոսունյան