Երեկ երեկոյան Լոնդոնում կայացավ Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությունը:
Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը յոթ մրցանակ ստացավ: «Արտիստը» սեւ ու սպիտակ ֆիլմ է, որում բացակայում են երկխոսությունները: Հատուկենտ արտահայտություններ հնչում են միայն ֆիլմի ավարտին: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1920-ականներին, երբ համր կինոյին փոխարինելու էր գալիս հնչյունայինը: Հազանավիչուսի ֆիլմը հավակնում էր BAFTA –ի 12 մրցանակի: Արդյունքում «Արտիստը» ստացավ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան»(Ժան Դյուժարդին), «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Հագուստի լավագույնդի զայն», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում նախատեսված մրցանակները:
11 մրցանակի էր հավակնում Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, դուրս կորիր» (օրիգինալ անունը՝ Tinker Tailor Soldier) ֆիլմը, որը ստացավ «Լավագույն վերափոխված սցենար» մրցանակը, ինչպես նաեւ ճանաչվեց տարվա լավագույն բրիտանական ֆիլմ:
Բրիտանական ակադեմիան լավագույն դերասանուհի ճանաչեց Մերիլ Սթրիփին՝ Ֆիլլիդա Լլոյդի «Երկաթյա լեդի» կենսագրական ֆիլմում Մարգրետ Թետչերի դերակատարման համար: Այդ նույն ֆիլմը հաղթեց նաեւ «Լավագույն դիմահարդարում եւ սանրվածքներ» անվանակարգում:
Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Բրիտանական կինոակադեմիայի պաշտոնական կայքում: