Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գյուղապետի ընտրություններ էին Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկում` Պեմզաշենում, որտեղ պաշտոնակռիվ էին տալիս նախկին ու ներկա գյուղապետերը` ՀՀԿ-ական Երվանդ Միքայելյանն ու գեներալ Մանվելի սանիկը` ԵԿՄ-ական Անան Ոսկանյանը:
Հենց նոր հայտնի դարձավ, որ գյուղապետ է վերընտրվել գեներալի սանիկը, ով , ըստ ականատեսների, գյուղում այնպիսի մի հրավառություն ու խնջույք է կազմակերպել, որ շատերին թվացել է, թե Արևմտյան Հայաստանն են Թուրքիայից ազատագրել:
Նախնական տեղեկություններով, Անան Ոսկանյանը 1300 ձայն է հավաքել, իսկ մրցակիցը` 300: ԵԿՄ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախկին գյուղապետ, նորաթուխ հանրապետական Երվանդ Միքայելյանին Անան Ոսկանյանի դեմ դուրս էին հանել Վարագյան եղբայրները:
Նշենք, որ Վարագյան եղբայրներից մեկը` ՀՀԿ-ական Խաչատուրը, Արթիկի քաղաքապետն է, Մխիթար Վարագյանն էլ այդ տարածաշրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր է:
Կարդացեք նաև
Ըստ մեզ մատուցված տեղեկությունների, Պեմզաշենի պես մեծ համայնքում ՀՀԿ-ական գյուղապետ ունենալը հատկապես ձեռնտու է եղել պատգամավոր Վարագյանին, ով նորից ցանկությունի ունի ԱԺ մտնելու, հաշվարկ է կատարել ու հասկացել, որ Երվանդ Միքայելյանի գյուղապետ դառնալը իրեն ձայն բերելու առումով շատ հարմարավետ է:
ԵԿՄ-ականների պարծենալով, Մխիթար Վարագյանը ուղղակիորեն սխալվել է, չի մտածել, որ իրենք աթոռ զիջողներից չեն: Պատահական չէ, որ ժամեր առաջ, դեռ ընտրությունները չվերջացած, գեներալի սանիկը մեզ հայտնեց, որ ինքը արդեն հաղթել է, և գյուղապետ է լինելու մինչև 2030 թվականը, այսինքն նա էլ մյուսների պես, որոշել է այս աթոռը սեփականաշնորհել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ