Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոպանչին» հաղթեց ՕԵԿ-ականին

Փետրվար 12,2012 23:42

ՕԵԿ-ական գյուղապետը պարտվեց

Այսօր ՏԻՄ ընտրություններ էին նաև Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղում, որտեղ գյուղապետի պաշտոնի համար բառի իսկական իմաստով գլուխ էին կոտրում 10 տարվա գյուղապետ,  60-անց   ՕԵԿ-ական Սաշա Վարդանյանն ու  մոտ 35 -ամյա «խոպանչի» Գոռ Պետրոսյանը:

Նշենք, որ այս գյուղը պաշտոնական տվյալներով ունի  624 ընտրող, սակայն  թիվ 36.01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերոբ Կարապետյանի տեղեկացմամբ, նրանցից 100-ը խոպանում են:

Գյուղի մեն ու միակ ընտրատեղամասը դպրոցում էր, որտեղ սակայն այդքան էլ անվտանգ չէր քվեարկության գնալը,  հատակն այնպես էր  սայթաքում, որ քիչ էր մնում ձյունոտ ոտքերով ներս մտնողը բերանքսիվայր ընկներ: Ընտրատեղամասում սալյարկայով վառարան էր վառվում. պարզվեց , որ գյուղի դպրոցի երեխաները այդ միջոցով են տաքանում`ամեն անգամ  մրոտված, կեղտոտ դեմքով  ու շորերով տուն վերադառնալով: Դպրոցի շենքն էլ այնքան հին էր,  պատուհաններից այնպես էր փչում, որ ակամայից գյուղացիներից հետաքրքվեցինք, թե Նահապետավանը ինչ խնդիրներ ունի: Ու կարծես թե մեր այս հարցին էին սպասում ոչ միայն գյուղի ծերերը, այլեւ ջահելությունը: Ծերերից մեկը խորհուրդ տվեց` Նահապետավան այցելել տաք եղանակներին ու տեսնել, թե ովքեր են գյուղում մնացել: «Աղջիկ ջան, գյուղում  մենակ հաշմանդամներ են մնացել, որոնք չեն կարող դուրս գնալ, անօգնական են, իսկ ձեռ-ոտ ունեցողները սաղ հեռացել են, ամոթ էլ է ասելը` գյուղում երբ մեռել է լինում, մնում ենք կանանց հույսին»,-նեղսրտեց տարեց մեր զրուցակիցը:

Իսկ ընտրատեղամասի մոտ հավաքված ջահելությունը այսպես ներկայացրեց գյուղը. «Մեր գյուղն աշխարհի վերջն է,  չե՞ս տեսնում ինչ դպրոց է, 1984 թվին շահագործման հանձնվեց ու բացարձակապես ոչ մի ռեմոնտ, ոչ մի բան: Թեև գյուղի ի՞նչն է նորմալ, որ դպրոցը նորմալ լինի` ոչ խմելու ջուր կա, ոչ գազ, ոչ հող, ոչ մանկապարտեզ , ոչ ճանապարհներ, ո՞ր մեկը ներկայացնենք, մեր մոտ ԽՍՀՄ տարիներ են, փողն անգամ չի փոխվել` կարմիր տասնոց է մեր մոտ»:

Նրանց պատմելով , վերջերս մարզպետ Գիզիրյանը եկել է գյուղ ու ապշահար հետ է դարձել: «Մարզպետը իր գյուղական ճամփորդությունները  սկսել էր հենց մեր մոտից, Գիզիրյանը Նահապետավանից է սկսել իր կարերիան, ջահել վախտը ստեղ է աշխատել   որպես ոստիկանության տեսուչ, եկավ ու ասաց` ոնց որ թողել գնացել եմ, էդ ձևով  էլ գյուղը մնացել է, հեչ բան չի փոխվել, առանց կատակի ենք ասում», -վստահեցրին գյուղի երիտասարդները` տեղեկացնելով, որ մարզպետը ահագին խոստումներ է տվել: Իսկ ի՞նչ խոստումներ` հետաքրքրվեցինք մենք: «Դե մինչև մայիսի 6-ը ահագին բաներ փոխված կլինեն», -դարձյալ ծիծաղեցին մեր զրուցակիցները:

Ու մինչ մենք զրուցում էինք, ՕԵԿ-ական գյուղապետի կինը` Զվարթ Վարդանյանը , ով նրա վստահված անձն էր, ընտրասենյակից դուս եկավ ու զայրացավ, թե ընդդիմադիրներին որտեղի՞ց  են գտել: Նա իր հերթին արդարացրեց իր գյուղապետ ամուսնու անգործությունը` ասելով, որ պետության միջոցները սուղ են, իսկ գյուղացիները անհասկացող են ու բողոքավոր: Ըստ գյուղապետի կնոջ` Արթուր Բաղդասարյանն էլ եկավ, ժողովրդին գազիֆիկացում խոստացավ, բայց թղթի վրա թողեց ու գնաց:

Որքան էլ զարմանալի լինի, ՕԵԿ-ական գյուղապետն էլ իր հիասթափությունը հայտնեց ՕԵԿ-ից` ասելով, որ կուսակցական լինելը լրիվ անօգուտ է: Իսկ ինչո՞ւ էր ՕԵԿ-ական դարձել, եթե անօգուտ է` մեր հարցին գյուղապետը պատասխանեց, որ  հարգել է Արթուր Բաղդասարյանին` որպես Արթիկի շրջանի մարդ ու դրա համար էլ ՕԵԿ-ական է դարձել: Արդեն երկրորդ տարին  է` նա կուսակցական է, բայց հիմա կարծում է, որ գյուղապետը պետք է անկուսակցական մնա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829