Արմավիրի մարզի Արշալույս գյուղում արդեն ավարտին է մոտենում համայնքապետի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Մեր ունեցած նախնական տեղեկություններով` այդ համայնքում ձայների ակնհայտ առավելությամբ հաղթել է Զարզանդ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի համար այսօր այս գյուղում ընտրապայքար էր ընթանում գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու` Զարզանդ Գրիգորյանի եւ գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանի միջեւ: Վերջինս թեեւ գեներալի ազգականը չէ, սակայն Մանվել Գրիգորյանը նրան է սատարում: Զարզանդ Գրիգորյանին սատարում էր Մանվել Գրիգորյանի մյուս եղբորորդին` ԱԺ հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
Հիշեցնենք նաեւ, որ գեներալի հարաբերություններն իր եղբորորդիների հետ վատացել էին դեռ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Մանվել Գրիգորյանը չեզոք դիրքորոշում որդեգրեց, իսկ Հրանտ Գրիգորյանը հրապարակավ մեղադրելով իր երբեմնի «թեւ ու թիկունք» հորեղբորը` հավատարմության երդում տվեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին:
Տեղեկացնենք նաեւ, որ Արշալույսում որեւէ արտառոց միջադեպ օրվա ընթացքում չի գրանցվել, չնայած մթնոլորտն այնքան լարված է եղել, որ մեր տեղեկություններով, մոտ 300 ոստիկան է այնտեղ հսկել իրավիճակը: