Լրահոս
Օրվա լրահոսը

Արժե՞ պատժել երեխաներին. Ինդիգո երեխաներ, ովքե՞ ր են նրանք

Փետրվար 12,2012 18:35

«Խելոք մնա, թե չէ անկյուն կկանգնես», «Ձայնդ կտրիր, եթե չես ուզում ծեծ ուտել», «Եթե դասերդ չանես, տանից դուրս չես գա». այս և նմանատիպ այլ սպառնալիքները հաճախ ենք լսում ծնողներից, երբեմն դրանք վերածվում են գործողության, սակայն հարց է առաջանում` ո՞րն է երեխային պատժելու թույլատրելի և անթույլատրելի սահմանը:
1,5 տարեկան երեխաները չեն ընկալում «չի կարելի» արտահայտությունը, նրանք սկսում են լացել, գոռգոռալ, անսպասելի քայլեր անել: Շատ մայրեր էլ նրանց լացը կտրելու համար դիմում են ծեծի օգնությանը, սակայն ըստ ժամանակակից հոգեբանության `դա անթույլատրելի միջոց է, քանի որ ֆիզիկական պատիժ ստացող երեխաները մտավոր ավելի թույլ զարգացվածություն ունեն:

Դա է փաստում Նյու Համփշայը համալսարանի պրոֆեսոր Մուրեյ Շտրաուսի կատարած ուսումնասիրությունը, ըստ որի` ծեծի ենթարկված երեխաների մտավոր զարգացվածությունը մի քանի նիշով ցածր է իրենց հասակակից երեխաների մտավոր զարգացվածությունից: Երեխայի համար ամենածանր ժամանակաշրջանը 3 տարեկանն է: Հոգեբանության մեջ այն կոչվում է «Ես ինքս» շրջան: Նա փորձում է ընդօրինակել իր ծնողներից մեկին և եթե ինչ-որ բան չի ստացվում, դառնում է կամակոր և հարվածում է նրան: Իսկ 7 տարեկանում երեխայի մոտ ամրապնդվում է խղճի խայթ-ը: Այս դեպքում ծնողները պետք է փոքր ինչ համբերատար լինեն: Հոգեբան Աննա Վարդանյանն ասում է. «Եթե կա հարգանք ծնողի և երեխայի միջև, ապա խիստ հայացքն էլ բավական է, որպեսզի երեխան հասկանա ու զղջա, որ վատ արարք է կատարել: Այդ դեպքում նա կարող է նաև առանց ծեծի, ինքնակամ խոստովանել: Որպես պատիժ `ծնողը կարող է նաև երեխային զրկել քազցրավենիքից, զբոսանքի գնալուց և այլն»:

Երբեմն երեխաները պատժվում են սուտ խոսելու պատճառով: 5-ամյա Արամի մայրը`տիկին Մարիամը, պատմում է. «Փոքրիկս մեր ծանոթներից մեկի երեխային, ով հյուրընկալել էր մեզ ու վատառողջ էր, ասել էր, որ ինքը բժիշկ է, կարող է օգնել նրան, հետո վերցրել էր գրիչը, որպեսզի սրսկի: Ես շատ զայրացա, պահանջեցի, որ նա ներողություն խնդրի նրանից բոլորի աչքի առաջ, բայց նա չլսեց, և ես նրան անկյուն կանգնեցրի»: Հոգեբանի խոսքով` չի կարելի սուտ խոսելու պատճառով երեխային պատժել` այն էլ հանրության առջև, նաև չի կարելի ուրիշ մեկին խնդրել պատժել նրան, քանի որ դա ավելի շուտ դիտվում է իբրև ստորացում, դրա փոխարեն հարկավոր է խոսել երեխայի հետ ու բացատրել, թե որն է կարելի և որը` ոչ:

Պատժելուց զատ` ծնողները սիրում են նաև գովել իրենց երեխաներին` հատկապես հարևանների ու բարեկամների առջև, երբեմն էլ ուրախանում են նրանց չարաճճիություններով, օրինակ` «Էսօր բալես մամայի սիրած ծաղկամանն ա կոտրել», «Միայն տեսնեք`պատերը ո՞նց ա նախշել»: Այս ամենը, սակայն, կարող է երեխայի մեջ եսասիրական ձգտումներ առաջացնել, որոնց հետևանքները ծնողները կզգան տարիներ հետո. «Պատահում է, երբ ծնողը երեխային երես է տալիս, թողնում է անել այն, ինչ ուզում է, հետո երբ մեծանում է, ուղղվում է նրանց դեմ, այնպիսի քայլեր է անում, որ ծնողները զարմանում են`որ հարցում են նրանք սխալվել»,-ասում է Աննա Վարդանյանը:
Հաճախ էլ ծնողները պատժում են իրենց երեխաներին դպրոցում ցածր առաջադիմություն ունենալու պատճառով: Այս առթիվ հոգեբանը նշում է. «Ամենից առաջ պետք է պարզել խնդիրը, թե ինչու երեխան չի սովորում, միգուցե դա կապված է ուսուցչուհու հետ հարաբերությունների, անհետաքրքրության կամ էլ անընդունակության հետ, օրինակ` նա չի կարողանում գումարել, բայց շատ լավ ռուսերեն է կարդում: Այս դեպքում անհրաժեշտ է նրան օգնություն ցույց տալ, ոչ թե պատժել է »:

Ծնող-զավակ հարաբերությունները միշտ էլ կարևոր են բոլոր ժամանակներում: Ճիշտ է` տարբեր են երեխաների հետ աշխատելու մեթոդները, բայց միշտ էլ հիմքում ընկած է սերն ու հոգատարությունը: Դեռահասները մի փոքր դյուրագրգիռ են, ինչպես ասում է հոգեբանը, ծնողը պետք է «ընկերական» վերաբերմունք ցույց տա: Գոյություն ունի նաև ինդիգո երեխա հասկացությունը: Ռուսաստանում նրանց անվանում են «լույսի երեխաներ», իսկ Բրիտանական կղզիներում` «հազարամյակի երեխաներ»: Նրանց բնորոշ է ինքնավստահությունը, հպարտությունը և բարձր ինքնագնահատականը: «Այդ երեխաները ավելի մեծ են երևում իրենց հասակակիցներից: Նրանք կարողանում են ճիշտ կողմնորոշվել, շնորհալի են, ունեն սեփական հայացքր աշխարհի վերաբերյալ, սովորական երեխաների մոտ կարող են վատ զգալ իրենց: Տանել չեն կարողանում բռնությունը»,- ասում է հոգեբանն ու մայրերին խորհուրդ տալիս նրանց նախատել միայն այն ժամանակ, երբ մենակ են, հակառակ դեպքում նրանք հաշվեհարդար կտեսնեն:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829