Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչու որակի թամադայությունից մինչեւ չստացված ասմունք

Փետրվար 12,2012 16:48

Այսօր հեռուստաալիքներից մեկով դիտեցի  Սուրեն Շահվերդյանի «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, որի հյուրը Լիանա Զուրաբյանն էր: Նա ներկայացավ իբրեւ բանասիրական կրթությամբ ասմունքող, ավելին` ասմունքի ստուդիայի հիմնադիր, սակայն իրականում, այս կինը քեֆերի թամադա է, չնայած դահլիճներ է վարձում ու ասմունքի ինքնամեծարման երեկոներ կազմակերպում: Ի դեպ, պոեզիայից էլ բավականին հեռու է. դա  աչք ծակելու նման երեւում էր նրա ողջ խոսակցությունից: Երբ Սուրենը նրա հոգու հետ խաղալով, առանց հեղինակին  նշելու, ասաց, թե իբր մի ռուս աղջիկ իրեն նվիրել է «Я вас любил» պուշկինյան հայտնի կտորը, թամադա-ասմունքողը  դա լուրջ ընդունեց: «Պատկերացնում եմ թե ինչքան ես մեծամտացել դրանից »,-ասաց նա հաղորդման հեղինակին: Հետո շեշտելու համար սեփական կարդացածությունն ու ինտելեկտը` պատմեց, որ  մի երկու անգամ Ռուսաստանում է ասմունքել, ունկնդիրներն էլ զարմացել-սիրահարվել են ձայնին, ասմունքին: Դրանից հետո  որոշել է Բլոկ ուսումնասիրել ու մի 5 բանաստեղծություն է անգիր արել, որոնցից 2-ը դեռ հիշում է:

Լիանա Զուրաբյանը Սուրենին խայթելու համար նշեց, որ ամեն մարդ չի կարող իր նման պոեզիա հասկանալ, դրա համար նրա ձեւակերպմամբ, «Պետք է լավ մարդաշխարհ ունենալ, իսկ դո’ւ , Սուրեն ռուսական շեղվածություն ունես եւ դատարկ մարդ ես»: Վերջին արտահայտության վրա, Սուրեն Շահվերդյանը չկարողացավ զսպել ծիծաղը: Սկսեց զանազան հարցերով  ավելի խորացնել լուրջ ասմունքողի հայտ ներկայացրածի տապալումը: Կինը սկսեց ինքնագովերգել իրեն, ապա հավելեց, թե Շեքսպիր էլ է սիրում. «Նրա սոնետները թարգմանել է մի ռուս պոետ, եւ ես դա ունեմ իր գրադարանում: Ընդհանրապես շատ գրքեր ունեմ»:

Իսկ ինչպե՞ս է Լիանա Զուրաբյանը հայտնվել Գրողների միության տանիքի ներքո, որտեղ գործում է նրա ստուդիան: Ընդամենը 50000 դրամով մարդը տարածք է վարձակալել` իր համերկրացի, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի թողտվությամբ, անունն էլ դրել  է «Լիանա Զուրաբյանի անվան բեմական խոսքի ստուդիա»: Գրողների միության շենքը հարմար վայր է. իրենց երեխաներին այդ ստուդիան բերող ծնողները կմտածեն, թե լուրջ տեղ են տանում, մանավանդ տիկինն ամենուր հայտարարում է, որ ավարտական վկայական է տրվելու ավարտողներին: Ուրիշ «հնարքների» էլ է դիմում Լիանա Զուրաբյանը. օրինակ, գրողների հոբելյաններին պանթեոնում կամ գրական միջոցառումների ժամանակ  կանգնում է ՀԳՄ նախագահ Անանյանի ու, դիցուք,  ՀՌԱՀ անդամ  Կորյուն Առաքելյանի կողքին, որպեսզի միամիտները  մտածեն, թե գրականության հետ իսկապես կապ ունի: Ինչ վերաբերում է Կորյուն Առաքելյանին, նա էլ գրողական հայտ է ներկայացրել` իրեն մերօրյա մայրերգու հռչակելով, իրականում, մեղմ ասած,  դժգույն պոեզիա ունի: Բայց, դա արդեն ուրիշ թեմա է…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Խեղճ Սուրեն Քոչարյան, մանրումեծ «տրամաչափի» այլ ասմունքողներ եւ ամենակարեւորը` այդ ստուդիան հաճախող երեխաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829