Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի ձախողումը

Փետրվար 12,2012 15:26

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. աշնանը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ նախաձեռնություն ցուցաբերեց՝ փաստելով, որ «արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է», որ «դատարանների նկատմամբ լուրջ դժգոհություն կա», որ «Սա այն բնագավառն է, որտեղ դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չի կարող հանդուրժվել: Համապատասխան կամքի առկայության մասին ես արդեն հրապարակավ հայտարարել եմ. եկել է գործելու ժամանակը: Եվ ես խիստ որոշակի արդյունքներ եմ ակնկալում տեսնել», «Այսուհետ դատաիրավական բարեփոխումների ընթացքը գնահատելու համար ցուցանիշ է լինելու համակարգի հանդեպ հասարակական վստահության գնահատականը»:

Թևակոխել է նշված նախաձեռնության չորրորդ տարին և տեսնենք առկա՞ են արդյոք խիստ որոշակի արդյունքները, հանրության վստահությունը դատարանների նկատմամբ բարձրացե՞լ է արդյոք:

Ցավոք՝ ո´չ: Եվ պետք է փաստել, որ առկա է Հանրապետության Նախագահի ձախողումը, նրա կամքի չիրագործումը և անլուրջ վերաբերմունքի հանդուրժումը:

Նշվածի ապացույցն են ոչ միայն կառավարության նախաձեռնությամբ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, այլև թեմայի վերաբերյալ տարին մի քանի անգամ Նախագահի մոտ անցկացվող քննարկումների ժամանակ Նախագահի գնահատականները: Օրերս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին լրատվամիջոցների մոտ հայտարարեց, որ այժմ դատարանների նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80 տոկոս և պետք է հասնել նրան, որ այդ տոկոսը իջնի մինչև 40-ի, իսկ հետագայում մինչև 20-ի:

Փաստորեն անցել է 4 տարի, սակայն պատկերը նույնն է, եթե ոչ ավելի վատը: Ո՞վ է մեղավոր Նախագահի նախաձեռնության նման ձախողման համար: Կարծում եմ, առաջին հերթին Նախագահը, դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չհանդուրժելու մասին հայտարարելով, սակայն, հանդուրժելով, նաև դատական համակարգի ղեկավարները, որոնց համապատասխան պաշտոնների է նշանակել նույն Նախագահը:

Այժմ իմ գործերից բերեմ մի քանի օրինակ, որոնցից տեսանելի կլինի, թե հասարակությունն ինչու չի վստահում դատարաններին: Հիշեցնեմ, որ Հանրապետությունում ավելի քան 1000 փաստաբան կա և պատկերացնել կարելի է, թե քանի նման օրինակ:

Դավիթ Փոլադյանի գործի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, ասուլիս է արվել, Նախագահին ուղղված դիմումներ են գրվել: Ինչումն էր բանը. Դավիթ Փոլադյանը գումարի պահանջով դատական վեճ ուներ և վեճը լուծում էր ստացել երեք դատական ատյանների կողմից ու վճռի կատարման փուլն էր: Վճիռներով հաստատված մոտ 350.000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Փոլադյանին առաջարկվում է 200.000 ԱՄՆ դոլար, զգուշացնելով, որ եթե չհամաձայնվի, ապա ամեն ինչ փոխվելու է: Փոլադյանը առաջարկին չհամաձայնվեց և ահա թե ինչ եղավ:

Այն գործարքը, որի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռներ կային, որոնցով հաստատված էր, որ կողմերի միջև կնքված համաձայնագիրը «վերաբերելի և հստակ տեղեկություններ է պարունակում», «արտահայտում է կողմերի համաձայնությունը և կամքը» և «Այվազյանը անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որևէ պարտք և պահանջ չի ունենալու և չի ներկայացնելու Դ. Փոլադյանի հանդեպ», դատարանի կողմից անվավեր ճանաչվեց, պատճառաբանությամբ, որ Այվազյանը մոլորության ազդեցության տակ է կնքել:

Հստակ տեղեկություններ պարունակող, կողմերի համաձայնությունը և կամքը արտահայտող և համաձայնագրի պայմաններն անվերապահորեն ընդունված գործարքը չի կարող մոլորությամբ կնքվել, բայց դատարանը այդպես համարեց և սա այն դեպքում, երբ գործարքին ներկա 4 անձինց 3-ը ասում են հակառակը: Մի բան էլ ասեմ, դատարանը իր վճռում ընդհանրապես չանդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, կարծես թե այդպիսիք չեն եղել և դատարանին չեն ներկայացվել:

Նշված վճիռը առաջին ատյանի դատարանը կայացրեց նախագահի 2008թ. աշնանային նախաձեռնությունից օրեր անց: Այդ ժամանակ ասուլիս արեցինք, մամուլում հրապարակումներ եղան, դիմում գրվեց նախագահին, ներկայացնելով իրավիճակը և ասելով, որ կատարվածը դատական համակարգի պատասխանն է նախագահի նախաձեռնությանը և եթե արձագանք չունենա, ապա մեզ այդքան ոգևորած բարեփոխումների նախաձեռնությունը ձախողվելու է: Ինչ եք կարծում, ինչ պատասխան եղավ: Ոչ մի: Այդ դատական ակտը թեև բողոքարկվեց, բայց մնաց ուժի մեջ:

Կարծում եմ, դժվար չէ կռահել, թե սպիտակը սևացնելու մեջ մասնագիտացած դատավորներն ինչպես էին «արդարանում». հրահանգը գալիս է նախագահականից, իրենք ոչինչ չեն կարող անել:

Այս գործը մինչ օրս շարունակվում է, բայց դե Նախագահի նախաձեռնության տապալումը փաստ է:

Սիլվա Ասատրյանի ոդիսականի մասին շատ է գրվել, հիշեցնեմ, որ նրա գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն իսկ ՀՀ-ի դեմ մեկ վճիռ կայացրել է, երկու գործ էլ վարույթում է, իսկ Սահմանադրական դատարանն էլ չորս անգամ հակասահմանադրական է ճանաչել Սիլվա Ասատրյանի գործով կիրառված օրենքները, սակայն, նա ապօրինաբար պահվում է անազատության մեջ:

Սիլվա Ասատրյանը իր նկատմամբ կիրառված ազատազրկումը կրում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Մոտ յոթ տարվա ազատազրկումից հետո նրա ուղղիչ հիմնարկի ռեժիմը կիսաբացից փոխվեց բաց ռեժիմի և նա հնարավորություն ստացած ցերեկային ժամերին ուղղիչ հիմնարկից դուրս գալ: Սակայն դա տևեց ընդամենը քսան օր, որից հետո ռեժիմը կրկին խստացվեց: Օրենքը ռեժիմի խստացման ընդամենը երկու դեպք է սահմանում՝ 1) երբ անձը անձամբ դիմել է խստացնելու համար կամ 2) երբ խախտում է թույլ տվել: Սիլվա Ասատրյանի մոտ երկու հիմքերն էլ բացակայել են, սակայն արդարադատության նախարարության տեղաբաշխիչ հանձնաժողովը նման որոշում է կայացրել:

Երբ դատարանում բողոքարկեցինք նշված որոշումը, հիմքում դնելով այն, որ նման որոշման հիմքը, առիթը բացակայել է, դատարանները մեր պահանջը մերժում էին, պատճառաբանելով, որ որոշումը կայացվել է բաց քվերակությամբ և չի կարող վերացվել:

Բնականաբար, այս գործով կատարված ապօրինության «արդարացումը» ևս նախագահականն է:

Սիլվա Ասատրյանի նկատմամբ կատարվող ապօրինությունների շարանը դեռ շարունակվում է: Հիմա էլ նրա նկատմամբ համաներումը չեն կիրառում, ավելի ճիշտ կիրառում են մասամբ:

Սիլվա Ասատրանին մեղսագրված արարքներից մեկի համար պատիժ է սահմանվել 8 տարի, մյուսի համար 2 տարի ազատազրկում և գումարելով իրար, վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի:

Համաներման ակտով Սիլվա Ասատրյանը պետք է ազատվեր այն արարքի համար պատժի կրումից, որի համար 2 տարվա ազատազրկում է սահմանվել, իսկ 8 տարուց էլ պետք է կրճատվեր պատժի չկրած մասի ¼-ը:

Ի՞նչ պետք է անեին մեր համաներում կիրառողները, պետք է ութ տարվա պատժաժամկետը գերազանցող մասը, այսինքն 1 տարվա պատժից Սիլվա Ասատրյանին ազատեին, իսկ մնացած ժամկետն էլ կրճատեին ¼-ով: Բայց արի ու տես, որ այդպես չարվեց և խտրականորեն Սիլվա Ասատրյանի նկատմամբ կիրառվեց միայն ծանր հանցագործության համար նախատեսված՝ պատժի չկրած մասը ¼-րդ ով կրճատելու մասը: Այսինքն Սիլվա Ասատրյանը ըստ համաներման ակտի պետք է ազատվեր թեթև արարքի պատժից, բայց դա չարվեց և դրա համար սահմանված ազատազրկման ժամկետն էլ ընդամենը ¼-ով կրճատվեց:

Այս գործով էլ ենք դիմել դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը պահանջը մերժեց այնպիսի պատճառաբանությամբ, որը իրավունքի հետ աղերս անգամ չունի և բնականաբար բողոքարկվել է վերաքննիչ դատարան:

Այս դեպքում էլ ապօրինության սլաքները դեպի գլխավոր դատախազությունն են ցույց տալիս:

Ի դեպ, եթե համաներումը Սիլվա Ասատրյանի նկատմամբ ճիշտ կիրառվեր, ապա նա 11.02.2012թ-ին պետք է ազատ արձակվի պատժի կրումից:

Սիլվա Ասատրյանին 11.02.2012թ-ին ազատ չարձակելու և նրան ապօրինի անազատության մեջ պահելու դեպքում կրկին ստիպված ենք լինելու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նունե Ասրատյանը ԱՄՆ քաղաքացի է, երբևէ Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել և ՀՀ քաղաքացի չի եղել: Նա ունի երեք երեխա, որոնք ևս ԱՄՆ քաղաքացիներ են: Նրա ամուսինը ևս ԱՄՆ քաղաքացի է, սակայն ՀՀ-ում բանկ ուներ և մեծահարուստ է: Նրանց ընտանիքը վերջին տարիներին բնակվել է Բելգիայում: Նունե Ասրատյանը Բելգիայի դատարանում ամուսնալուծության գործընթաց է սկսում, որից հետո նրա ամուսինն է ՀՀ դատարանում Նունե Ասրատյանից ամուսնալուծվելու գործընթաց սկսում:

Թեև մեր օրենքով ՀՀ դատարանը չի կարող քննել երկու օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծության վեճը, սակայն ՀՀ դատարանը գործը վարույթ է ընդունում, մեկ ժամ չտևած մեկ դատական նիստով գործի քննությունն ավարտում ու ամուսնալուծում, այն դեպքում, երբ Նունե Ասրատյանի փաստաբանը դատարանին միջնորդում է մի քանի օրով հետաձգել դատական նիստը, որպեսզի Բլգիայում բնակվող Նունե Ասրատյանը ներկայանա դատական նիստին: Փաստաբանը նաև ներկայացնում է Նունե Ասրատյանի ԱՄՆ անձնագրի պատճենը, ապացուցելու համար, որ նա ԱՄՆ քաղաքացի է և ՀՀ դատարանը չի կարող գործը քննել:

Դատարանը, սակայն, դատական նիստը չի հետաձգում, ամուսնալուծության վճիռ է կայացնում, ապացույցների ցանկից հանելով Նունե Ասրատյանի անձնագրի պատճենը, նշելով, որ ապացույց կարող է լինել բնօրինակը, իսկ վճռի հիմքում դնում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության գրությունն այն մասին, որ Նունե Աբովյանը (օրիորդական ազգանուն) ՀՀ քաղաքացի է, 1996թ-ին ստացել է ՀՀ անձնագիր:

Նունե Ասրատյանը, որ 1996թ-ին ՀՀ չի եկել և ՀՀ անձնագիր չի ստացել, տեսնելով, որ կատարվել է կեղծիք, այսինքն ՀՀ դատարանում ամուսնալուծության հարցը քննելու համար հետին ամսաթվով կեղծ հիմք է ստեղծվել, իբր թե նա 1996թ-ին ՀՀ անձնագիր է ստացել, դիմել է քրեական գործ հարուցելու համար: Մինչև գործի հարուցումը կատարվել է փորձաքննություն և փորձագետի եզրակացության համաձայն անձնագիր ստանալու և տրամադրելու թիվ 1 ձևի դիմումի ստորագրությունները Նունե Ասրատյանի կողմից չեն արված, ավելին, երբ անձնագիր է տրվում, թիվ 1 ձևում ստորագրում է անձնագրային բաժնի պետը, որի ստորագրությունը ևս բացակայում է քարտում, ինչը նշանակում է, որ նման անձնագիր ընդհանրապես չի տրվել, պարզապես կեղծ հիմք է ստեղծվել ամուսնալուծությունը ՀՀ դատարանի կողմից իրականացնելու համար անձնագրերի և վիզաների վարչությունից Նունե Ասրատյանի քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար:

Նման պայմաններում, սակայն, քննիչը քրեական գործ չի հարուցում, նրա գործողությունները բողոքարկվում են դատախազին, այնուհետև դատարան, սակայն, անարդյունք:

Այստեղ էլ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում կատարված կեղծիքը կոծկելու խնդիր կար, համ էլ Նունե Ասրատյանի ամուսինը հարուստ է:

Մարտին Մայսուրյանը երկար տարիներ եղել է Գորիսի շրջգործկոմի երկրորդ քարտուղարը, այժմ էլ ՀԿԿ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղարն է: Նա ավելի քան հիսուն տարի տիրապետում է իր բնակարանի դիմաց գտնվող մոտ 900քմ հողամասը, որը բետոնյա հիմքի վրա ցանկապատված է ու բազմաթիվ ծառեր են տնկված:

Այդ հողամասը, սակայն, Գորիսի քաղաքապետարանի կողմից աճուրդով վաճառվում է Սյունիքի մարզպետի կնոջ եղբորը: Մարտին Մայսուրյանը վիճարկում է աճուրդը և բազմաթիվ խախտումների կողքին նշում է նաև թվաբանական այն խախտումը, որը վերաբերում է աճուրդի անցկացման ժամկետին: Հողային օրենսգրքի համաձայն «աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է…», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն. «Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին»:

Աճուրդի մասին հրապարակումը տեղի էր ունեցել մարտի 12-ին, ինչը նշանակում է, որ աճուրդը կարող էր տեղի ունենալ ապրիլի 12-ից ոչ շուտ, այն դեպքում, երբ վիճարկվող աճուրդը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, այսինքն մեկ ամիսը չլրացած: Այդպիսի խախտումը օրենքի համաձայն աճուրդն անվավեր ճանաչելու հիմք է:

Ինչ արեց վերաքննիչ դատարանը: Բռնեց ու պատճառաբանեց, որ մեկ ամիսը 30 օրն է և քանի որ մարտ ամիսը 31 օրից է բաղկացած, ապա ապրիլի 11-ին լրացած է եղել 30 օրը, այսինքն 1 ամիսը: Եվ սա այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի նման հայտնագործություն կատարած նույն դատավորները ամեն օր վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելիս անդրադարնում են բողոք բերելու համար մեկամսյա ժամկետը պաշտպանված լինելու հարցին ու մեկամիսյա ժամկետը մեկնաբանում են այնպես, ինչպես օրենքում է գրված՝ հաջորդ ամսվա համապատասխան ամսաթիվը հիմք ընդունելով և ոչ է 30 օրը:

Բնականաբար այդ դատավորները գիտեին թե ինչի են գնում, բայց նրանք օրենքի այդ կոպիտ խախտումն անելիս իրենց ապահով են զգացել, չէ որ Սյունիքի մարզպետն է գործին խառնված (տես նաև՝ https://168.am/am/articles/30867):

Նշված հինգ գործերը ընդամենը մի քանիսն են, այն բազմաթիվներից, որոնցով թույլ տրված խախտումները դատական պատահական սխալներ չեն, այլ ապօրինություն կատարելու հրահանգի արդյունք են և բացի այս վերջինից, մնացած գործերը կապվում են նախագահական նստավայրի հետ: Իսկ նախագահական նստավայր ասելիս մենք հասկանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե դա այդպես է, ապա դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մասին հայտարարությունները չար կատակ են հիշեցնում, չէ որ ես հավատացել էի համապատասխան կամքի առկայությանը: Եթե նախագահականը կապ չունի, չի հանդիսանում ապօրինությունների պատվիրատուն, ուրեմն թվարկածս կոնկրետ գործեր են, կոնկրետ գործող անձանցով, խախտումներն էլ ակնառու են: Դե գործեք, ցանկանում եմ տեսնել դատական ապօրինությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, ուզում եմ բարձրանա հավատս մեր դատական համակարգի հանդեպ:

Հակառակ դեպքում հաջորդ 4 տարին լրանալուց հետո էլ, կարձանագրվի, որ դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը կազմում է 70-80 տոկոս:

 Փաստաբան Կարեն Մեժլումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829