Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որն այս պաշտոնում միայն մեկ տարի մնաց հայկական լոբբիի ուժեղ ճնշումների պատճառով եւ որն, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ այսօր բնակվում է Թուրքիայում, «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասում է, թե հատկապես մինչեւ 2Օ15 թվականը եւ հատկապես ընտրական տարվա ընթացքում «Ապրիլի 24-ի» հարցով տարեց-տարի են մեծանալու հայկական լոբբիի ճնշումները,։ «Հայկական կազմակերպությունները, որոնք արգելափակեցին ինձ, շարունակելու են այս հարցն առաջ տանել անդադար։ Սակայն ժողովուրդներն են, այլ ոչ թե կառավարությունները, որ պիտի որոշեն ինչպես է հարկավոր անվանել այդ իրադարձությունները», ասել է Բրայզան՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Նրա խոսքերով, տարելիցները, ինչպես օրինակ 2Օ15 թվականը, կարեւոր հանգամանքներ են, «սակայն Թուրքիան ունի այս հարցի կապակցությամբ քննարկումներում ազդեցություն գործելու կարողություն», ասել է նա՛։
Բրայզան հարցազրույցում նշել է նաեւ, թե մեծ սխալ է ասել, որ կապ չկա հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջեւ։ «Ես կարծում եմ, որ երկու հարցերը կարող են օգնել միմյանց», ասել է նա։
Լրագրողի այն հարցին, թե չի կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Թուրքիայում արձանագրվել է զարգացում, Բրայզան պատասխանում է, որ Հրանտ Դինքի սպանությունը մեծապես է փոխել միլիոնավոր թուրքերի դիրքորոշումը։ «Ոչ թե կառավարությունը, այլ հասարակությունն է շարժվել առաջ, այդ սարսափելի սպանությունները վերանայելու ու քննարկելու պատրաստակամությամբ։ Սակայն ընդհանրապես ոչինչ չի փոխվել թուրքական այն տեսակետի մեջ, որ այս հարցը չպետք է քաղաքականապես ճանաչվի որպես ցեղասպանություն։
Կարդացեք նաև
Իմ կարծիքով, դա արդար մոտեցում չէ», ասել է Բրայզան «Հուրիեթ» օրաթերթին։