Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Մաշտոցի պուրակ` ցուկերբերգյան ուղիներով

Փետրվար 12,2012 14:20

Երեկ մինչև ժամը 22:00 քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ Մաշտոցի պուրակում էին` տեր կանգնելու հանրային օգտագործման այդ տարածքին: Նրանք պահանջում են անհապաղ ազատել տարածքը բետոնից և նորկառույց կրպակներից:

Նույն օրը ավելի վաղ նրանց էին միացել ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Լիլիթ Գալստյանը: Ոգևորված այս ճշմարտացի գաղափարի շուրջ հասարակության տարբեր ներկայացուցիչների համախմբվածություննից` քաղաքացիները իրենք իրենց ուժերով դադարեցրին կանաչ տարածքում ընթացող ապօրինի շինարարությունը:

Ողջունելի է մեր քաղաքի միջավայրի համար այս կենսական խնդրով մտահոգ, բայց և իրական, գործուն քայլերով լուծումներ առաջարկող քաղաքացիների ինքնաբուխ գործունեությունը: Ավելորդ չի լինի նշելը, որ անտանելի ցրտի պայմաններում Մաշտոցի պուրակի ամբողջականությունը պաշտպանողների հայրենասիրությունը և օրինապաշտությունը կարող են օրինակ ծառայեն բազմաթիվ անձանց համար, ովքեր, այսօր զբաղեցնելով որոշում կայացնողի պաշտոններ, աչք են փակում քաղաքի կենտրոնում կառուցապատման նման բացահայտ և խայտառակ ապօրինությունների վրա:

Նույն այդ որոշում կայացնողներից այսօր հանրության ակնկալիքներն ավելի մեծ են, քան նրանք կարող են պատկերացնել:

Մասնավորապես, մինչ բազմաթիվ բողոքներից հետո քաղաքապետարանը զբաղված է ձնապատ փողոցների մաքրման աշխատանքներում սեփական ջանասիրությունը ապացուցելով` քաղաքացիները միաժամանակ ակնկալում են ռեալ քայլեր` ապօրինի շինարարության կասեցման, կանաչ տարածքների նկատմամբ ոտնձգության հեղինակներին պատժելու և քաղաքացիների նկատմամբ հաշվետու վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ: Հատկապես վերջինի` հաշվետու վերաբերմունքի բացակայությունը և ձեռառնոց հիշեցնող «հիմնավորումների» հրապարակումը Երևանի քաղաքային իշխանությունների կողմից ակնհայտորեն գցում է վերջիններիս առանց այն էլ անկայուն վարկանիշը:

Ասել, թե Մաշտոցի պուրակի անհիմն, անփաստաթուղթ, հետևաբար և անօրինական կառուցապատումը տեղի է ունենում «Հին Երևան» ծրագրի շրջանակներում նշանակում է հեգնել ոչ միայն նման կարևոր ծրագրի համար օրենքով սահմանված ընթացակարգերի անհրաժեշտության գաղափարը, այլև քաղաքացիների կիրթ և իրազեկ լինելու ոչ անհավանական կանխավարկածը: Իրականում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում բազմաթիվ գոհ ու երջանիկ փոխկապավորներ «բողոքավոր» կանվանեին, այսօր ավելի իրազեկված են քաղաքին վերաբերող խնդիրներին` քաղաքաշինական, բնապահպանական և իրավական առումներով, քան անհրաժեշտ է նրանց ապատեղեկացնելու և այգու կառուցապատման «գեղեցկությունը» հրամցնելու համար: Սակայն իրողությունները թարսուշիտակ ներկայացնող կեղծարարների`ապօրինության համահեղինակների և պաշտպանների գլխին անընդհատ դամոկլյան սրի պես կախված է ցուկերրբերգյան զենքը:

Վերջին լուրերը կայծակնային արագությամբ տարածվում են Ֆեյսբուքով և այլ սոցիալական ցանցերով: Րոպեներ առաջ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը դեպքի վայրից գրում է, որ նորից տարածք են մտել բանվորներ, ովքեր ուզում են շարունակել աշխատանքները, սակայն քաղաքացիները պնդում են, որ հանդիպում են պահանջում շինարարական աշխատանքների ղեկավարի հետ, և քանի որ իրականացվող կառուցապատումն անօրինական է, աշխատանքները չպետք է շարունակվեն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ից ակտիվիստների տարբեր խմբեր` ԶԼՄ-ների և ազատ քաղաքացիների մասնակցությամբ, հսկում են տարածքը երկու-երեք ժամանոց հերթափոխով: Նրանք վճռական են տրամադրված և պահանջում են կրպակների վերջնական ապամոնտաժում, որպեսզի Մաշտոցի պուրակն իր նախկին տեսքով վերադարձվի հանրությանը:

 «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829