Այսօր` փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 30-ամյա Նաիրա Սերոբյանը, 6-ամյա Նարեկ Դրմեյանը, 6-ամյա Ռոզա Մադաթյանը, 32-ամյա Արման Դրմեյանը, 29-ամյա Զոհրաբ Մադաթյանը:
Զինվորական հոսպիտալ մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 11-ին` ժամը 22.30-ի սահմաններում, 32-ամյա ՀՀ ՊՆ X զորամասում որպես հրետանային հրամանատար աշխատող Արման Դրմեյանը, ով Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ է, վարելով «Ֆոլցվագեն» մակնիշի 21 ՏԼ 567 համարանիշի ավտոմեքենան, Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհով ընթանալիս, բախվել է Վարդենիս կայարանից դեպի Սոտքի ոսկու հանք գնացող գնացքի վագոններից մեկին, որի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: