Այսօր` փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 23-ամյա Վահե Մարգարյանը և մարմնական վնասվածքներով նույն գյուղի բնակիչ 24-ամյա Վարդգես Մարգարյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 00.40-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը, իր վարած «Օպել վեկտրա» մակնիշի 06 ՕՍ 187 համարանիշի «Մալինա» գրառմամբ տաքսի ավտոմեքենայով, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 23-րդ կմ-ի հատվածում հարվածելով փակ ուղեփակոցին` բախվել է ուղեփակոցի մասով ընթացող բեռնատար գնացքին, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Վահե Մարգարյանը տեղում մահացել է, մյուս ուղևոր Վարդգես Մարգարյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Վարորդը, մահացածին ու վիրավորին թողնելով վթարի վայրում, դիմել է փախուստի: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Ն. Այվազյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 1-ին մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: