Այսօր` փետրվարի 12-ին, մարզական բնույթի միջոցառում էին կազմակերպել Երևանում:
Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնագիտությամբ ծանրամարտիկ, վոլեյբոլի առաջին կարգային, 55-ամյա Բենիկ Իսրայելյանն աջ ձեռքի միջնամատով բարձրացրեց 121 կգ 750 գրամ կշռող ծանրաձողը: Բարձրացնելուց հետո Բ. Իսրայելյանն այն բարձրացրած վիճակում պահեց 8.7 վայրկյան:
Դեռ 2000 թվականի մայիսի 31-ին աջ ձեռքի միջնամատով նա բարձրացրել էր 116 կիլոգրամանոց ծանրաձող: Այս ամենին ներկա էին Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման (Դյուցազնագրքի) հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրագրող Էդվին Գրիգորյանը, «Ակվատեկ» ֆիրմային ակումբի մարզիչ Ռաֆայել Ամրաքյանը:
Հանձնաժողովի կողմից այս ամենը տեսաձայնագրվեց և լուսանկարահանվեց, որպեսզի ուղարկվի Գինեսի հանձնաժողով` փաստը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար: