Ինչպես նշվել էր, այսօր Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում:
Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 4300 քաղաքացի: Այս մասին Թիվ 25 ընտրատարածքում Aravot.am-ին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը: Նրա խոսքերով, հաճախումը ընթանում է նորմալ հունով, չնայած արդեն իսկ որոշակի բողոքներ արձանագրել են. «Առավոտվա դրությամբ որոշ տեղամասերում խնդիրներ են եղել, կնիքների օգտագործված լինելու վերաբերյալ մեր վստահված անձինք կասկածներ են հայտնել, որի մասին արձանագրել են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյաններում: Տեղամաս է եղել, որ մեր այս արձանագրությունը հաշվի են առել, տեղամաս կա՝ ոչ»:
Պարոն Ավագումյանը նաեւ ասաց, որ երեկ դիմել են ընտրատարածքային հանձնաժողով՝ բողոքելով, որ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ կետը անտեսվել է ընտրատարածքային հանձնաժողովի կողմից եւ տեղամասային հանձնաժողովներին չեն տրվել անձնագրերը դրոշմակնքող կնիքներ. «Մենք բողոքարկել ենք ընտրատարածքային հանձնաժողով, մերժել են մեզ, արդեն երեկոյան բողոք ենք ներկայացրել վարչական դատարան, որը նույնպես մերժել է մեզ: Սա ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է»:
Կարդացեք նաև
Պարոն Ավագումյանն ասաց նաեւ, որ ժամը 11-ի դրությամբ ընտրացուցակներում արձանագրվել է նաեւ մեկ մահացած մարդու անուն ազգանուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ