Լոնդոնում, որտեղ ապրում է մոտավորապես 12 հազար հայ, 1978 թվականից գործում է Գեւորգ Թահթայան (K Tahta) կիրակնօրյա հայկական դպրոցը: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը, ներկայացնելով բրիտանահայ համայնքի համար մեծ դեր ունեցող դպրոցը, տեղեկացրեց, որ 2010 թվականին այն դարձել է Սփյուռքի նախարարության «Սփյուռքի լավագույն կրթօջախ» մրցույթի մրցանակակիր: Ներկայումս դպրոցն ունի 150 աշակերտ, թեեւ եղել են ժամանակներ, որ դպրոցում սովորել է մինչեւ 220 աշակերտ: Սակայն այն բանից հետո, երբ այդ պատվավոր մրցանակը ստացան, առաջին դասարանցիների թիվը զգալի աճեց:
Տեղի համայնքային եւ եկեղեցական խորհրդին պատկանող Գեւորգ Թահթա ազգային վարժարանում 24 ուսուցիչներ երեխաներին սովորեցնում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, երգ, արվեստ, պար: «Դպրոցը գործում է ամեն կիրակի` ժամը 10.30-ից մինչեւ 14-ը: Ամիսը մեկ անգամ եկեղեցու հոգեւոր դպիրը գալիս է, իր օգնությամբ աղոթք ենք անում, երեխաներին հայկական եկեղեցուն վերաբերող մի քանի հիմնարար նյութեր է բացատրում, հոգեւոր երգեր սովորեցնում: Տարեվերջյան հանդեսներ ենք ունենում, Թարգմանչաց տոնն ենք միշտ նշում, հայտնի դերասանուհի Ժենյա Ներսիսյանը մեր դրամայի բազմամյա ուսուցչուհին է, եւ նրա շնորհիվ մենք շատ գեղեցիկ բեմադրություններ ենք անում: Այս տարի (հարցազրույցն արվել է 2011 դեկտեմբերի վերջին–հեղ.) մենք մեծ շուքով տոնեցինք Անկախության օրը, երեխաները եկեղեցում երգչախմբով ելույթ ունեցան, շատ հաջող միջոցառում էր: ՀԲԸՄ-ի հետ համատեղ կազմակերպեցինք «Հայաստանը Սփյուռքի երեխաների աչքերով» միջոցառումը: Մեր երեխաներին, որ երբեք Հայաստանը չէին տեսել, ցույց տվեցինք Մինասի, Կոջոյանի, Սարյանի նկարները, նրանք այդ նկարների միջոցով Հայաստանի մասին պատկերացում կազմեցին, եւ հետո իրենք էլ նկարեցին իրենց պատկերացրած Հայաստանը»,-պատմեց տիկին Թաթուլյանը:
Գեւորգ Թահթա դպրոց երեխաները հաճախում են 3 տարեկանից: 3-5 տարեկանները հաճախում են մանկապարտեզ, 5-7 տարեկանները` նախակրթարան եւ 7-16 տարեկանները միջին դպրոց: Դպրոցը երկու մասի է բաժանված` արեւելահայերեն եւ արեմտահայերեն ուսուցմամբ: Ընդ որում` արեւելահայերենի բաժնում հայաստանցիները սովորում են հայաստանյան ուղղագրությամբ, իսկ պարսկահայերը` դասական ուղղագրությամբ: Արեւմտահայերեն կրթության համար դասագրքերը բերվում են Հալեպից, Բեյրութից, իսկ արեւելահայերենի համար` Պարսկաստանից եւ Հայաստանից: Տիկին Թաթուլյանն ասաց, որ մինչեւ 2008 թվականը երեխաներն ավարտելուց հետո քննություն էին հանձնում եւ վկայական էին ստանում անգլիական կրթական համակարգի կողմից, որը ճանաչվում էր համալսարաներում որպես լրացուցիչ միավոր, սակայն այժմ կրթական համակարգի փոփոխության պատճառով հայկական կիրակնօրյա դպրոցից երեխաները նման հավաստագիր չեն ստանում, թեեւ ավարտական ներքին քննություն են հանձնում: Այժմ դիմել են նոր կրթական համակարգին ինտեգրվելու խնդրանքով, սակայն առայժմ պատասխան չկա: Այս խնդիրը դառնում է դպրոց հաճախող երեխաների թվի նվազման պատճառ, քանի որ, ինչպես դպրոցի տնօրենը նշեց. «Շատ ծնողներ ափսոսում են, որ երեխաները այդքան սովորում են, բայց արդյունքը չի երեւում: Մենք դպրոցում ներքին քննություն անցկացնում ենք, մեր դպրոցի վկայականը տալիս ենք, բայց դա բավարար չէ: Երեխաներ էլ կան, որ մինչեւ ութերորդ դասարան գալիս են, հետո, երբ անգլիական դպրոցների քննությունները սկսվում են, մտածելով, որ հայերենի քննությունը իրենց պետք չի համալսարանի համար, նախկինի նման միավոր չի բերելու, այլեւս չեն գալիս իններորդ դասարանը: Մենք մեր քննությունները անգլիական համակարգով ենք անցկացնում, եւ ցանկացած պահի, երբ կրթական մարմինները տան իրենց համաձայնությունը, մենք պատրաստ ենք»:
Բացի անգլիական կրթական մարմիններին դիմելուց, Գեւորգ Թահտա դպրոցը դիմել է նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, որ ԿԳՆ-ն իրենց մոտ եւ ընդհանրապես սփյուռքի դպրոցներում միասնական քննություն անցկացնի հայերենից եւ վկայական հանձնի: «Պարզ է, որ Հայաստանի ԿԳ նախարարության տված վկայականը այստեղի բուհերում չի անցնի, բայց նախ` դա երեխաների եւ ծնողների մոտ մեծ ոգեւորություն կառաջացնի, որ Մայր հայրենիքից վկայական են ստացել: Եվ բացի այդ, կարծում եմ, լավագույն մարմինը, որն իրավունք ունի եւ կարող է հայոց լեզվից քննություն անցկացնել եւ վկայական տալ, դա, իհարկե, ՀՀ ԿԳՆ-ն է: Դա նաեւ կնպաստի, որ այստեղի կրթական համակարգն էլ մեր դպրոցի վկայականն ընդունի: Մենք արդեն դիմել ենք նախարարություն, սակայն առայժմ պատասխան չունենք; Հասկանում ենք, որ դա հեշտ գործ չէ, բայց կարծում եմ ճիշտ կլինի անել այդ քայլը, որպեսզի Սփյուռքի դպրոցները բերվեն մի ընդհանուր չափանիշի, մի ընդհանուր մակարդակի եւ Հայրենիքից պատասխանատու անձը գա ու քննություն ընդունի երեխաներից, վկայական հանձնի: Դա շատ մեծ խթան կլինի հայապահպանության գործում»,-ասաց տիկին Թաթուլյանը:
Ռուզաննա Թաթուլյանը (Պետրոսյանը) ծնվել է Գյումրիում, ոսկե մեդալով ավարտել տեղի թիվ 30 դպրոցը, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, աշխատել է Մերգելյանի անվան հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես առաջատար գիտաշխատող: Տիկին Թաթուլյանի ամուսինը` Ստեփան Թաթուլյանը Լոնդոնի համայնքային խորհրդի անդամ է:
Նրանց ընտանիքը Լոնդոն է տեղափոխվել 1989 թվականին, երբ Ստեփան Թաթուլյանին, որը Երեւանի «Մարս» գործարանում բաժանմունքի վարիչ էր, գործուղեցին Մանչեստր` երեք տարով: 1992-ին, երբ ավարտվեց ծրագիրը, «Մարսն» արդեն չէր աշխատում, Հայաստանում ամեն ինչ արդեն փոխվել էր, եւ Թաթուլյանների երկու դուստրերն էլ սովորում էին դպրոցում: «Մինչեւ այստեղի կրթական համակարգին համակերպվեցին, ահագին ժամանակ անցավ, եւ նորից վերադառնալը մեծ սթրես ու հետընթաց կլիներ երեխաների համար: Դիմեցինք բրիտանական կառավարությանը, աշխատանքային իրավունք տվեցին, մտածում էինք, հենց դպրոցը կավարտեն, կվերադառնանք: Սակայն ավարտեցին եւ ընդունվեցին համալսարան, դրանից հետո մեծ աղջիկս քիմիայի գծով դոկտորական պաշտպանեց, կրտսերս իրավաբանություն էր սովորում… Եվ այդպես մնացինք այստեղ: Բայց Հայաստանի քաղաքացիությունից երբեք չհրաժարվեցինք: Դա, իհարկե, որոշ դժվարություններ էր առաջացնում այստեղ ապրելու համար, բայց չէինք կարող: Չէինք ուզում: Իսկ հիմա, փառք Աստծո, կարող ենք դիմել երկքաղաքացիություն ստանալու համար: Հիմա մեր դուստրերից մեկն ամուսնացել է, նոյեմբերին էլ առաջին թոռնիկն ունեցանք»,-պատմում էին Թաթուլյան ամուսինները: