28-ամյա Արամը անհամբեր սպասում է հանգստյան օրերին: Այդ օրը նա ուղղակի «փախչում է» քաղաքից, այստեղի աղմուկից. «Ամբողջ օրը լարված աշխատում ես, այդ ընթացքում ոչինչ չես նկատում, բայց երբ աշխատանքդ վերջացնում ես, զգում ես հանգստի կարիք, բայց հասկանում ես, որ հանգստանալ չես կարող, փողոցում կանգնած, տանը ` բազմոցին բազմած, հանգիստդ չես վայելում, փոքրիկ մայրաքաղաքում աղմուկ եւ նորից աղմուկ է»,- ասում է նա:
Ըստ հոգեբան Դավիթ Հայրապետյանի աղմուկի ազդեցությամբ առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթ իրականում չկա: Այս է պատճառը, որ աղմկոտ քաղաքներում մարդիկ անհանգիստ են ու դյուրագրգիռ: «Եթե հոգեբանական երևույթները` դյուրագռգռությունը, աշխատունակության նվազումը կարճ ժամանակահատվածում վերականգնվում են, ապա իմունային համակարգի թուլացումը, արյան բաղադրության որոշակի փոփոխությունը վերականգնելու համար երկար ժամանակ է հարկավոր»:
Մարդու ականջի համար վնասակար ազդեցություն է ունենում 75 դեցիբելից ավելի աղմուկը, ընդ որում` բարձր ձայնից առաջացած լսողական խանգարումները անբուժելի են: Երևանի Բաղրամյան, Մաշտոցի պողոտա, Հերացու անվան փողոցներում ցերեկային ժամերին աղմուկը 95 դեցիբել է, իսկ ամենօրյա ձայների մեկ դեցիբելի ավելացումը բերում է աշխատունակության 2-3 տոկոս նվազման: Երևանի ամենաաղմկոտ վայրերը Հրազդանի կիրճն ու օղակաձև այգուն հարող սրճարաններն են:
Վերջերս Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակուստիկա» Հանրապետական գիտական կենտրոնի ուսումնասիրությունները պարզել են, որ Երևանում տիրող աղմուկն ու դրա տարեկան աճի մեծությունն աշխարհի խոշոր քաղաքների համեմատությամբ նույնիսկ բարձր է:
Խնդրի պատասխանատուն քաղաքապետարանը, մայրաքաղաքի վարչական շրջաններն ու Պետական Հիգիենիկ Հակահամաճարակային տեսչությունն են: Վերոհիշյալ մարմինները խնդիրը կարգավորում են ՀՀ լռության մասին օրենքով, համաձայն որի, խախտումները պատժվում են 30-40 հազար դրամ տուգանքով: Տուգանքը սահմանվում է հազվադեպ, ավելի հաճախ կազմակերպությունը պարզապես զգուշացվում է:
Հարցը հենց նրանում է, որ այդ վայրերում գործող սրճարանների ու ռեստորանների համար 30-40 հազար դրամը չնչին գումար է , այն աղմուկի համեմատ, որով նրանք դեպի իրենց են «ձգում» հաճախորդներին:
Հարությունյան Արմինե