Հունվարի 30-ից փետրվարի 5-ը Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի դպրոցում իրականացվում էր Եվրոպական ծրագիր: Ծրագրի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանի խոսքով` ծրագրի հիմնական նպատակը 7 օրվա ընթացքում երեխաներին Եվրոպային ծանոթացնելն էր:
«Քանի որ դպրոցը մայրաքաղաքից բավականին հեռու է գտնվում, սա օգնում է երեխաներին, իրենց ավելի մոտ զգալ արտաքին աշխարհին: Նրանք սկսում են ճանաչել միմյանց, ազատ են դառնում շփման մեջ ու ամենակարևորը ծանոթանում են Եվրոպական մշակույթին: Մեզ ծրագրի իրականացման հարցում օգնեցին Եվրասիա հիմնադրամը, Երիտասարդական բանկն ու ՀՈՒՋ կազմակերպությունը: Մենք ծրագրին տվել էինք «Ճանաչենք Եվրոպան 7 օրում» անունը»:
Նա պատմում է, որ ստացված արդյունքը չափազանց ոգևորիչ էր, քանի որ բոլոր երեխաները մեծ ակտիվությամբ էին մասնակցում ծրագրին:
«Ծրագրում ընդգրկել էինք 20 երեխա, – ասում է Սաթենիկը, – իրենց երկրները ներկայացնելու համար մեզ հյուր էին եկել նաև կամավորներ Իռլանդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Էստոնիայից և Նորվեգիայից: Սա երեխաներին ավելի էր ոգևորում ու կարճ ժամանակահատվածում նրանք կարողացան ճանաչել շատ երկրներ: Ամեն օրվա վերջում մենք պատրաստում էինք տվյալ երկրի պաստառն ու այն պակցնում դպրոցում, խաղում էինք տարբեր խաղեր, սովորում էինք նրանց ազգային պարերը»:
Ծրագրի մասնակից երեխաներից մեկն ասում է, որ անչափ ուրախ է, որ նման ծրագրի է մասնակցել:
«Այն ինչ սովորեցինք այս ընթացքում, – պատմում է Ռոբերտը , -կարող ենք գործածել նաև առօրյա կյանքում: Ես արդեն առանց կաշկանդվելու կարող եմ շփվել օտարերկրացիների հետ: Ինձ մոտ նույնիսկ ցանկություն առաջացավ կամավոր դառնալ, որովհետև ինձ գրավեցին մեզ մոտ եկած կամավորների ուժն ու եռանդը»:
Լուսինե Ավետիսյանը, որը 2 տարի սովորել ու ապրել է Նորվեգիայում և այդ երկրի ներկայացուցիչն էր, ասում է, որ ինքը հիացած է երեխաների ակտիվությամբ:
«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց մասնակցել ծրագրին: Ենթադրում եմ, որ այս ծրագիրը շարունակական կլինի, քանի որ երեխաները մեծ խանդավառությամբ էին մասնակցում ծրագրին»:
Մերի Խաչատրյան