Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՍՏ ԼՅՈՎԻԿ

Փետրվար 11,2012 13:33

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 Գլուխ տասնութերորդ

ՀԱՄԵՍՏ ԼՅՈՎԻԿ

Սովորաբար Լիպոն ոչ միայն ժամանակակից հայ գրականության անդաստանում անձամբ Ջավախյանի արձակի առաջնայնությունից է խոսում, այլեւ՝ Ջավախյանի արձակի հետ կապված Նոբելյան մրցանակի անխուսափելիությունից ու հրատապությունից, եւ չնայած Ջավախյանին դեռեւս չի հաջողվել ճշտել թե՝ Լիպոյի ասածների որ մասն է լուրջ եւ որը՝ կատակ, այդուհանդերձ, ինքն ամեն իրիկուն Լիպոյենցից առժամանակ «Կետիկնոց» պոկվելով՝ շատ չանցած վերստին վերադառնում է Լիպոյենց, եւ իր էդ մշտական վերադարձը տեղի է ունենում էն պահին, երբ «Կետիկնոցում» Շանթն ու մի քանիսն, այնուամենայնիվ, հանդգնում են իմ անունն իր անվան կողքին դնել, եւ Ջավախյանը հատկապես էդ դեպքերում է անհապաղ վերադառնում Լիպոյենց, եւ Ջավախյանը նորից, դարձյալ, կրկին, վերստին ու մշտապես Լիպոյենց է վերադառնում ոչ միայն էն պատճառով, որպեսզի իր ու Նոբելյանի առնչության վերաբերյալ անձամբ Լիպոյից որոշ բաներ լսի, այլեւ էն պատճառով, որ Օրթախենց պես Լիպոյենք էլ բացակա ընկերներից բամբասելու սովորություն ունեն, եւ Ջավախյանը հասկանալով ու գիտակցելով, որ էդ առումով ինքը չի կարող բացառություն լինել, մշտապես ու հապշտապ վերադառնում է Լիպոյի շրջապատ, որովհետեւ մանավանդ Ջավախյանի բացակայության պայմաններում նույն Լիպոն ի վիճակի է նույն Ջավախյանի եւ նույն Նոբելյանի թեման ամբողջովին կատակի վերածել, եւ քանի որ Ջավախյանը մշտապես հասկանում է ու գիտի, որ իր բացակայության պայմաններում իր Նոբելյանի հարցը հիմնականում կատակի է վերածվում, մշտապես ու վերստին վերադառնում է Լիպոյի շրջապատ, որովհետեւ իր հայտնվելու պահից սկսած՝ Լիպոն վերստին լրջացնում է իր Նոբելյանի թեման, եւ էս ասածներս վերաբերում են ամառային ու տաք եղանակներին, որովհետեւ ցրտերն ընկնելու հետ ոչ միայն «Կետիկնոցն» է փակվում, այլեւ Լիպոյենք են ձմեռային արձակուրդ գնում, եւ, փաստորեն, ձմռան սեզոնին Ջավախյանը տեւականորեն հայտնվում է Օրթախի շրջապատի հետ դեմառդեմ ու մենմենակ, եւ Լիպոյին վերադառնալով ասեմ, որ, ճիշտ է, ինքը Ջավախյանի բացակայության պայմաններում հիմնականում հումորով է Ջավախյանի Նոբելյանի թեման արծարծում, Ջավախյանի ներկայությամբ միանգամայն լուրջ շեշտադրությամբ է էդ նույն բաներն ասում ու կրկնում. այսինքն, Ջավախյանի Նոբելյանի թեմայի կոնտեքստում ոչ ոք Լիպոյին չի կարող մեղադրել ու սխալ հանել, որովհետեւ Լիպոն Ջավախյանի ներկայությամբ ու Ջավախյանի բացակայությամբ, փաստորեն, Ջավախյանի Նոբելյանի մասին միանգամայն նույն բաներն է ասում՝ ընդամենը ասելու ձեւն ու հնչերանգը փոխելով, եւ էս հարցում որեւէ մեկը չի էլ փորձում նրան բռնացնել՝ ոչ միայն էն պատճառով, որ Լիպոն, փաստորեն, Ջավախյանի ներկայությամբ ու բացակայությամբ նույնն է ասում, այլեւ էն պատճառով, որ Ջավախյանի Նոբելյանի թեման բոլորին ու մանավանդ Արիկին լիաթոք ու լիասիրտ ուրախություն է պատճառում, եւ, իհարկե, ամենից ավելի անձամբ իրեն՝ արձակագիր ու արծաթավաճառ Լեւոն Ջավախյանին է ուրախություն պատճառում, եւ ամենից քիչ հենց Լեւոն Ջավախյանն է ձգտում իր Նոբելյանի հետ կապված Լիպոյի վերաբերմունքը քննարկման դնել, որովհետեւ բոլորից լավ է հասկանում, որ Լիպոյի վերաբերմունքի քննարկումն իրոք ծիծաղելի կլինի, եւ չնայած էդ բանն ինքը մյուսներից լավ է հասկանում, այնուամենայնիվ, մի անգամ իմ ներկայությամբ ու կողմնակիների բացակայությամբ Լիպոյին հարցրեց՝ «ադա, էդ Նոբելյանիս կապակցությամբ լուրջ ե՞ս խոսում, թե՞ հանաք ես անում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «միանգամայն լուրջ եմ խոսում, պարոն Ջավախյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածելուց հետո հարցրեց՝ «որ լուրջ ես խոսում, բա ինչի՞ ես ծիծաղում», եւ Լիպոն մի քիչ մտածելուց հետո փռթկացնելով ասաց՝ «ոչ թե ծիծաղում եմ, այլ ուրախանում եմ, պարոն Ջավախյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածելուց հետո հարցրեց՝ «ծիծաղելն ու ուրախանալը նույն բանը չե՞ն», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն տարբեր բաներ են, պարոն Ջավախյան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրող մարդ ես. էդ տարբերությունն ինձնից լավ պիտի իմանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բեզ պիծի մինուտ Նոբելյան մրցանակի լաուրեատ մարդ ես. ծիծաղելու ու ուրախանալու տարբերությունն ինձանից լավ պիտի իմանաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին հարցրեց՝ «բայց ինչի՞ վրա ես ուրախանում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո էդ Նոբելյանի վրա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ օրն ամբողջ հայ ազգն ա ուրախանալու», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր օրը», եւ Լիպոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «շնողնեցի Ջավախյան Լյովիկի Նոբելյան մրցանակի օրը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «հասկանում եմ, որ հանաք ես անում, բայց հեչ էլ չեմ նեղանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ էդ հանաքնիդ ինձի լափ էլ ձեռնտու են», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ինչո՞վ են ձեռնտու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն իմ իմանալու հարցն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ՝ կարաս էդ մուտիլովկեքդ շարունակես», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ մուտիլովկեք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ինձանի լավ գիտես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը չես հասկանում», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ մուտիլովկա բառի իմաստը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «մուտիլովկա ի՞նչ ա նշանակում», եւ Ջավախյանը Լիպոյին հարցրեց՝ «էդ ինչի՞ ես Արմոյին հարցնում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը էրեւանցի ա. մտածում եմ՝ կարող ա էդ բառի իմաստն իմանա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «ինքը էրեւանցի ա, բայց մուտիլովկի մասնագետը դու ես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ինքը էրեւանցի ա, բայց Նոբելյան մրցանակի թեկնածուն դու ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «ես էրեւանցի չեմ, բայց գիտեմ, որ մուտիլովկեն խառնակչությունն ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ նեղանում ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Լիպոյին հարցրեց՝ «որ քու անումը Նոբելի հետ կապեն, կարող ա՞ նեղանաս», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ անումը չեն կարա Նոբելի հետ կապեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «խի էդքան անարժան ե՞ս», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ գծով Նոբելյան մրցանակ չկա», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «խի քոնը ո՞ր գիծն ա», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «փիլիսոփայությունը», եւ Ջավախյանը քմծիծաղով ասաց՝ «ես էլ գիտեի թե՝ քոնը մաթեմատիկան ա», եւ Լիպոն քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «քո համար փիլիսոփայությունն ու մաթեմատիկան նույն բանն են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դպրոցում համ մաթեմատիկայից չէի կարում խնդիր լուծեմ, համ՝ ֆիզիկայից», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «ես քիմիայի խնդիրներն էլ չէի կարում լուծեմ», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «դրա համար էլ գրող եք դառել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրա համար էլ Նոբելյան մրցանակի հույսեր եք փայփայում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ավելի շատ ես հույսեր փայփայում, քան՝ մենք», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես ավելի շատ ձե՛ր համար եմ հույսեր փայփայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ քո», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ճիշտ կանես՝ քո՛ համար փայփայես», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «եթե մաթեմատիկոս ըլնեի, էլի Նոբելյանի հույսեր չէի ունենա», եւ Ջավախյանը քամահրանքով Լիպոյին ասաց՝ «քեզանի լավ գիտեմ», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «որ վախտին Նոբելի կնգա հետ քիչ քաշ գային, հիմի իրանց էլ էդ մրցանակից կհասներ», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, Նոբելի մասին ահագին բան գիտես», եւ Ջավախյանն արհամարհանքով նայեց Լիպոյին ու ասաց՝ «ահագին բան գիտեմ, բայց ահագին քիչ եմ խոսում» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «ի տարբերություն ոմանց», եւ Լիպոն մի քիչ մտածեց եւ մեղավոր ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ նեղանում ես, էլ Նոբելիդ մասին չեմ խոսա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված ոչ անի», եւ Լիպոն հարցրեց՝ «այսինքն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ Նոբելի թեմային էնքան ենք վարժվել, որ արդեն առանց էդ թեմայի չենք կարա», եւ Լիպոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ո՞վ չի կարա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ, դու էլ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «ես լավ էլ կարամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ա թվում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ինձ թվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «քեզ դիր ա գալի, որ մարդիկ կողքերանքդ պտիտ են գալի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու լրջանալով Ջավախյանին ասաց՝ «էդ միտքդ մի անգամ էլ ես ասել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էլի եմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ չես սիրում», եւ Լիպոն կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ չեմ սիրում», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ չես սիրում, որ մարդիկ շուրջբոլորդ պտիտ գան», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասենք թե սիրում եմ. էդ ի՞նչ կապ ունի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «լավ ա գոնե խոստովանում ես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «խոսքի օրինակ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս թեմայով էլի ենք խոսացել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «հիշում եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էն անգամվա մեր խոսակցությանն Արմոն ներկա չէր», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «Արմենի ներկայությունն ի՞նչ կապ ունի», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուզում եմ ասեմ՝ դու երրորդ անձնավորության ներկայությամբ լրիվ ուրիշ տոնով ես հետս խոսում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տոնով եմ խոսում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեգնական», եւ Լիպոն փռթկացնելով հարցրեց՝ «հեգնական տոնը ո՞րն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ինձանի լավ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երրորդ անձնավորության բացակայության ժամանակ հետս լրիվ լուրջ տոնով ես խոսում», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «լուրջ տոնը ո՞րն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լուրջ տոնն էն տոնն ա, որով երրորդ անձնավորության բացակայության ժամանակ ես հետս խոսում», եւ ես խոսակցությանը միջամտելով ասացի՝ «փաստորեն, իմ ներկայությունը ձեզ խանգարում ա» եւ ծիծաղելով ավելացրի՝ «եթե պետք ա՝ ես կարամ գնամ», եւ Ջավախյանը ծիծաղելով ինձ ասաց՝ «հենց գնաս, Լիպոն կսկսի հետս լուրջ խոսալ», եւ Լիպոն ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «ես ո՞նց կարամ քո հետ լուրջ խոսամ, այ շաշ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քեզ պետք ա ըլնում, հետս լավ էլ լուրջ-լուրջ ես խոսում», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ մասին եմ հետդ լուրջ-լուրջ խոսում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թեկուզ Նոբելի», եւ Լիպոն խորամանկ ժպտալով ասաց՝ «ես Նոբելի մասին միշտ էլ լուրջ եմ խոսում», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «խոսքս անձամբ իմ փայ Նոբելի մասին ա», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «անձամբ քո փայ Նոբելի մասին էլ եմ միշտ լուրջ խոսում», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Լիպոյին հարցրեց՝ «բա ինչի՞ ես փռթկացնում», եւ ես փռթկացնելով Ջավախյանին ասացի՝ «երրորդ անձնավորության ներկայությամբ փռթկացնելը բռնում ա», եւ Ջավախյանը ժպտալով ինձ հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի ես փռթկացնում, ադա», եւ ես փռթկացնելով ասացի՝ «երրորդ անձնավորության ներկայությամբ իմ փռթկացնելն էլ ա բռնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դու էդ թավուր չես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ թավուր չեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դու երրորդ անձնավորության ներկայությամբ էլ ես հետս նույն ձեւով խոսում, բացակայությամբ էլ», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դրանով ի՞նչ ես ուզում ասես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ Արմոն ազնիվ ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ուրիշ վախտ ուրիշ բան ես ասում», եւ Ջավախյանը կարմրելով հարցրեց՝ «Արմոյի մասի՞ն», եւ լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես խաբարբզիկ չեմ, որ Արմենի մասին ասածներդ Արմենի մոտ ասեմ», եւ Ջավախյանը Լիպոյին հարցրեց՝ «բա ասածդ ի՞նչ ա», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մի վախտ ասում էիր, որ աշխարհում ազնիվ մարդ գոյություն չունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «մի քիչ լավ չես հիշում. ես տըհենց չեմ ասել», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց ես ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ թե ասել եմ՝ աշխարհում ազնիվ մարդ գոյություն չունի, այլ ասել եմ՝ աշխարհում բացարձակ ազնիվ մարդ գոյություն չունի», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «այսինքն, Արմենը բացարձակ ազնիվ չի՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ սաղ ասածներին տեր եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմոն ոչ թե բացարձակ ազնիվ ա, այլ ամենագետ Լիպարիտի համեմատ ա ազնիվ», եւ Լիպոն փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «ամենագետ Լիպարիտն ո՞վ ա», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ով ասողը», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես ամենագետ Լիպարիտից ազնիվ», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աշտոժ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարաս չկասկածես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ Արմենից էլ ես ազնիվ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ազնվության հարցում Արմոյի հետ համարյա հավասար ենք», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «բա ո՞ր հարցերում եք անհավասար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «որոշ հարցերում ինքն ա ինձանի առավել, որոշ հարցերում՝ ես», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Արմենն էլ ա՞ Նոբելյանի արժանի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշտոժ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց՝ պոեզիայի գծով», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «արձակի գծով մենակ դու ես, չէ՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մինն էլ կար, բայց հիմի չկա», եւ Լիպոն ժպրտալով հարցրեց՝ «էդ բախտավորն ո՞վ ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Լիպոյին ասաց՝ «դու ինձանի լավ գիտես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Հրանտը՞», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Լիպոյին ասաց՝ «որ ասում եմ ինձանի լավ գիտես՝ չես հավատում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ համեստ տղա ես, Ջավախյան Լյովիկ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համեստությունից էսքան վախտ ոչ մեկը չի մեռել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ համեստությունը զարդարում ա մարդուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պարոն ամենագետ Լիպարիտ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ինձ հարցրեց՝ «լավ անուն կպցրի, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «վատ անուն չի», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես քեզ ավելի լավ անուն կարամ կպցնեմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «կպցրու՝ տենամ ի՞նչ անուն ես կպցնում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Համեստ Լյովիկ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին հարցրեց՝ «համեստությունս ե՞րբ ես տեհել», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի քիչ առաջ տեհա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի քիչ առաջ համեստաբար համաձայնվեցիր, որ Արմենն էլ ա Նոբելյան մրցանակի արժանի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց՝ պոեզիայի գծով», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «արձակի գծով Արմենը կարա Գինեսի գիրք էլ մտնի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հեշտուհանգիստ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրա էս վեպն աշխարհի ամենաերկար վեպն ա», եւ Ջավախյանը տհաճությամբ նայեց Լիպոյին ու հարցրեց՝ «անձամբ ե՞ս ստուգել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «իմացողներն են ասում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Լիպոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ստուգողները», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ճիշտ ե՞ն ասում, ադա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում են, երեւի մի բան գիտեն», եւ Լիպոն ժպտալով ինձ հարցրեց՝ «արդեն տասնմեկերորդ հատորն ես սկսել, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «տասնմեկերորդը վերջացրել եմ. տասներկուերորդն եմ սկսել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ դրանից մեծ վեպ գրած ըլնեին, հաստատ կիմանայինք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քամահրանքով Լիպոյին ասաց՝ «մեկը որ քեզ լսի, կմտածի՝ աշխարհի սաղ վեպերը կարդացել ես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամենակարեւորները կարդացել եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «դրա համար էլ ամենագետ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իզուր քեզ մի տանջի, ամենագետ ախպեր» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «շատերն են ուզեցել ինձ ու Արմոյին կռվացնեն, բայց չի ստացվել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «տարին տասներկու ամիս իրար հետ խռով եք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա ում հետ խռով», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմենն ու դու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր խռով ըլնելը կողմնակի մարդկերանց չի վերաբերվում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞մ կողմնակի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կողմնակին կողմնակի չես, բայց էդ չի նշանակում, որ կարաս ինձ ու Արմոյին կռվացնելու փորձեր անես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք իրար հետ միշտ ըսենց բարիշ էղեք, թող չուզողը ես ըլնեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «լավ ա գոնե ընդունում ես, որ դաննի մամենտ խռով չենք», եւ Լիպոն ասաց՝ «որ խռով չեք, ո՞նց կարամ ասեմ՝ խռով եք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «որ դաննի մամենտ խռով չենք, ո՞նց ես ասում՝ տարին տասներկու ամիս խռով եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ հիմիկվա էս պահը տարվա տասներկու ամիսների մեջ չի մտնում», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «Լիպոյի սխալը լավ բռնացրիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը որ սովորական մարդ ըլներ, չէի բռնացնի, բայց ամենագետ մարդը սխալ արտահայտություններ թույլ տալու իրավունք չունի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «սխալս ընդունում եմ, Համեստ Լյովիկ ջան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ներողամտորեն Լիպոյին ժպտալով ասաց՝ «արի կըլնի՝ ոչ դու ինձի անում կպցրու, ոչ էլ ես՝ քեզի» եւ մի քիչ էլ մտածեց ու խաղաղասիրաբար ժպտալով ավելացրեց՝ «էս ավելնորդ անումներից ոչ մեկս էլ ա շահ չունենք», եւ Լիպոն խաղաղասիրաբար ժպտալով ասաց՝ «միանգամայն համաձայն եմ, համեստ ջան», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին ու ասաց՝ «շարունակում ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գելի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ հրե՜ն ոչխարը», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերջ. էդ թեման վերջնական փակում ենք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ Լիպոն խորամանկ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ Նոբելյանի թեման», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «վաբշե Նոբելյանի՞, թե՞ իմ Նոբելյանի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրկուսն էլ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու անհանգստացած հարցրեց՝ «հիմի ե՞նք փակում, թե՝ վաբշե», եւ Լիպոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «համ հիմի, համ էլ՝ վաբշե», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «էդ թեման փակելը կամ բացելը քեզանի չի կախված, պարոն ամենագետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ թեման դու չես բաց արել, որ դու փակես», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյանի թեման», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «վաբշե Նոբելյանի՞, թե՝ քո՛ Նոբելյանի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դու ես չէ՞ «Ամենաանկեղծ մարդը» գրքի հեղինակը», եւ Ջավախյանն ասաց՝ «ինձանի լավ գիտես, որ ես եմ. ասելիքդ ասա», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «մի բան որ հարցնեմ, անկեղծորեն կպատասխանե՞ս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «կփորձեմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ինձանից բացի ուրիշ մեկը կա՞, որ քեզ Նոբելյան մրցանակ կամենա», եւ մինչ Ջավախյանը կմտածեր, Լիպոն ասաց՝ «հարցս ճիշտ չձեւակերպեցի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «խնդրեմ. ճիշտ ձեւակերպեք», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ինձանից բացի ուրիշ մեկը կա՞, որ քեզ Նոբելյանի արժանի ա համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կա», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես եմ»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829