Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանյան դրվագներ

Փետրվար 11,2012 13:31

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Աբովյանով ճեմելը

Հաղթանակից հետո, ինչպես ծանր նիրհից հետո, մեր այնքան տառապանք տեսած ժողովուրդը խոսքը մեկ արած լցվեց Աբովյան փողոց եւ շատ շուտով դա կայուն սովորույթ դարձավ՝ եւ 40, եւ 50-ական թվականներին՝ ճեմել Աբովյան փողոցով: Դա մի ամբողջ ռիտուալ էր, որն իհարկե հիմնականում հնարավոր էր դառնում ամռան եւ աշնան ամիսներին: Մարդիկ հագնում էին ունեցած ամենալավ հագուստները (եթե, իհարկե, հնարավոր էր մի բան ճարել երեւանյան խանութներում), բայց կարեւորը վերջապես ոչ թե թանկ հագուստն էր, այլ մարդկանց տրամադրությունը, իսկ տրամադրությունը ստեղծվում էր հենց Աբովյան փողոցում: Այն դարձել էր հանդիպման սիրելի վայր: Մարդիկ երեկոյան կողմը գալիս էին այդ փողոցը Երեւանի բոլոր կողմերից, հիմնականում զույգերով, եւ պարզապես ճեմում էին կինո «Մոսկվայից» Հրապարակ, Հրապարակից՝ կինո «Մոսկվա», փողոցի աջ եւ ձախ մայթերով: Թերեւս «Ինտուրիստ» հյուրանոցի կողմի մայթը ավելի սիրված էր: Այդպես ճեմում էին, անշտապ, անհոգ ու ազատ: Ճեմելը ոչ ոք չէր կարող լիմիտավորել. երկիրը նոր էր հաղթանակ տարել ծանր պատերազմում, զինվորները տուն էին եկել, բազում հարսանիքներ էին եղել, ապա եւ բազում նորածիններ, գները, մանավանդ սննդամթերքի, այսպես թե այնպես մատչելի էին դառնում, չնայած ժողովուրդը աշխատավարձի ձեւով կոպեկներ էր ստանում, բայց գներն իրավունք չկար բարձրացնելու, եւ կյանքը որոշակի ձեւով կայունանում էր: Վաղվա օրը ավելի հույս էր ներշնչում: Այստեղից եւ ցանկությունը, որը կոչվում էր «Աբովյանով ման գալ»:

Քաղաքը այդ տարիներին շատ բնակչություն չուներ. շատերն իրար ճանաչում էին, սիրալիր բարեւում էին, ժպտում, մի պահ կանգնում, մեկ-երկու խոսք փոխանակում: Թեեւ կանացի շորերը համեստ էին, սակայն եթե կային կանացի բարեմասնությունները, ապա դրանք, ուզենաս թե չուզենաս, միեւնույն է, պիտի երեւային: Եվ իր հերթին շատ նուրբ ձեւով նշմարվեին եւ գնահատվեին հիսունականների հայ տղամարդկանց կողմից, բնականաբար առաջացնելով երկկողմ տոնական տրամադրություն: Կանայք էլ, անշուշտ, զգում էին, որ իրենք, իրենց քայլվածքը, շարժուձեւը, ժպիտը եւ մանավանդ հայացքը գնահատվում է եւ արձագանք է գտնում հակառակ սեռի ճեմողների կողմից: Եվ այս գիտակցությունը նրանց մոտ էլ տոնական նոր, անսովոր, բայց հաճելի զգացմունքներ էր առաջ բերում:

Ահա թե ինչու էր սիրված ճեմելը Աբովյան փողոցով: Նշված հատվածում ոչ մի սրճարան (կաֆե, բար կամ բուֆետ) չկար, միայն մի հատ ջրերի խանութ՝ Հայֆիլհարմոնիայի շենքի դիմաց, եւ այնտեղ կարելի էր զովացուցիչ ջուր, հյութ կամ լիմոնադ խմել, իսկ 1950-ական թթ՝. ինչպես նաեւ «Սովետական շամպայն»:

Մեկ էլ կար մի շատ ճաշակով եւ համեստ, փոքրիկ բուֆետ Աբովյանում խոյացած Երեւանի կենտրոնական ունիվերմագի ինքնատիպ, մոդեռն շենքի եւ հայտնի գաստրոնոմի միջեւ: Այդ բուֆետը, ուր շատ լավ սուրճ էին տալիս, կոչվում էր Մարսելի բուֆետ, ֆրանսահայ բուֆետապանի անունով: Եվ մեկ էլ կար մի շքեղ ռեստորան, ունիվերմագի երրորդ հարկում, բացված ՏրՏոՑՏՐչ-ի խանութ-սրահին կից, ուր առեւտուրը վալյուտայով էր, ռեստորանը այդպես էլ կոչվում էր՝ ՏրՏոՑՏՐչ: Սակայն դա ոչ մեծաքանակ, բարձր եկամուտ ունեցող խավի համար էր: Բայց ուտել-խմելը այդ շրջանում էական չէր, կարելի էր այդ հատվածում բարձր մայթին դրած սառնարան-արկղերից պաղպաղակ գնել,- թե լիմոնադը, թե պաղպաղակը կոպեկներ արժեին,- եւ երեւանցիք շռայլ թույլ էին տալիս իրենք իրենց հյուրասիրել պաղպաղակով: Երեկոյան ավելի ուշ փողոցն էլ կախարդական էր դառնում, կանանց աչքերն ավելի էին փայլում, եւ շուրջբոլորը բռնվում էր այն տարիներին այնքան տարածված եւ շա՜տ կանանց կողմից այնքան երազած «Կրասնայա Մոսկվա» կանացի օծանելիքի բույրով: Հիշյալ դուխին ստալինյան շրջանի պարգեւն էր սովետական կանանց, այն մեր խորհրդային «Շանելն» էր: Եվ հարկ է ասել, ինչքան ես հիշում եմ, նա հիանալի բուրմունք ուներ: Տուփը կաս-կարմիր էր, սրվակը՝ շատ գեղեցիկ, արտադրվում էր Մոսկվայում, կարծեմ «հՉՏոՏՊՈ» անունը կրող «կՈՐՒþՎպՐվՈÿ ՒՈոՐՌՍՈ»-ի կողմից եւ բավական թանկ արժեր: Ով հիշում է այդ հոտը, կհիշի նաեւ, որ «Կրասնայա Մոսկվան» մեծ դեր է խաղացել եւ թույլ տվել, որ սովետական կինը իրեն մի քիչ կին զգա: Այն մի քանի կաթիլը, որ կանացի մատները տանում էին իրենց տիրուհու քունքին, կամ ծնոտի տակին, անշուշտ, եւ ինքնազգացողություն էին բարձրացնում, եւ թույլ տալիս մտածել, որ կարող են ավելի դուր գալ, հաճելի լինել իրենց հետ Աբովյան փողոցով ճեմող կողակցին, ընկերոջը կամ ազատ ունկնդրի կարգավիճակով անցնող անծանոթին: Որքան էլ զարմանալի չլինի, այդ տարիներին Պրոսպեկտը երեկոյան ժամերին համարյա դատարկ էր լինում:

Օ՜, 50-ականների կանայք ի՜նչ հնարամտություն պետք է գործածեին, որ կարողանային երեւանյան ունիվերմագի նեղ շտեմարաններից ձեռք բերել հագնել-կապելու պիտանի շորեր… Էլ չենք խոսում ներքնազգեստի մասին, որն, ինչպես գիտեք, հիմք դարձավ բացահայտելու ռուսական գեղեցիկ գործակալուհուն՝ Ռուբեն Մամուլյանի աղմկահարույց «ԽՈտՐՏվՏՉօռ փցսՏՍ» հակախորհրդային ֆիլմում:

Եվ այնուամենայնիվ երեւանյան կանայք, հենց միայն Աբովյանով ճեմելու համար, ջանք ու եռանդ չէին խնայում գեղեցիկ երեւալու երկայն «դեմիսեզոնային» վերարկուները հագած ու ֆետրե լայնեզր շլյապաները դրած իրենց նշանած-ընկերոջ կամ ամուսնու կողքին: Եվ որ նրանց տեսքը քիչ թե շատ համահունչ լինի ժամանակի նորաձեւության պահանջներին, քիչ դեր չխաղացին 40-ական թվականների վերջերից մեծ թվով Հայաստան եկած հայրենադարձները եւ հայրենադարձուհիները, որոնց տողերիս հեղինակը իր էսսեներից մեկում սիրով անվանել է «մեր ախպարները»: Նրանց մեջ կային շատ շնորհքով դերձակ-դերձակուհիներ, որոնք իրենց աչքով տեսած լինելով «դրսի աշխարհների» կանանց «կապն ու հագը» եւ իրենք էլ ունենալով բնածին ճաշակ, արեցին ամեն ինչ, որ մեր համաքաղաքացուհիներն ավելի գեղեցիկ եւ, որ ավելի կարեւոր է, ավելի գրավիչ երեւան: Հմուտ վարպետները խորհրդային տրիկոտաժի արտադրանքից էլ կարող էին ճաշակով զգեստ ձեւել, ինչն իր հերթին կպարգեւեր երջանկության պահեր այնքան դառնություններ ճաշակած մեր բնակչության կանացի հատվածին:

Երբեք, ի դեպ, հեշտ, դյուրին կամ անվրդով չի եղել հայ կնոջ վիճակը, եւ այն փոքր ուրախությունը եւ աննկատ ինքնուրույնությունը, որ տալիս էր Աբովյանով ճեմելը, պետք էր թանկ գնահատել:

Հանաք բան չէր, Աբովյանով զբոսնելիս կարող էիր տեսնել բոլոր ժամանակների հայ ամենականացի տիկնանցից մեկին՝ Մետաքսյա Սիմոնյանին: Ինչպե՜ս էր նա քայլում արտույտի մանրիկ, շորոր քայլվածքով, բնական նազանքով, ինչն արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժման մեջ, եւ թվում էր, թե նա ոչ թե քայլում է, այլ մի շքեղ գոնդոլա է ճեղքում-անցնում Աբովյան փողոցով՝ առաջ բերելով հիացմունքի ալիք: Իսկ այն երջանիկը, որ կարժանանար նրա հայացքին, երբ գեղեցիկ աչքերը անպայման պետք է մեղմորեն ձախից աջ գնային եւ աջ հոնքն էլ մի փոքր վեր ձգվեր, երկար, շա՜տ երկար պիտի հիշեր Մետաքսյայի հայացքը:

Սունդուկյան թատրոնից Աբովյանով վեր գնացող լեգենդար կանանց մեջ կարող էիր տեսնել իրենց գեղեցկությամբ ու կանացի թովչանքով առինքնող մեր դերասանուհիներից Իզաբելլա Դանզասին, Եվգինե Սեբարին, Բելլա Իսահակյանին, Ժենյա Սարգսյանին, Օֆելյա Սաղաթելյանին, երգչուհիներից՝ դեռ այն տարիներին երեւանցի Զառա Դոլուխանովային, Գոհար Գալաչյանին, Լուսիկ Քոշյանին, պարուհիներ Ելենա Արարատովային, Անժելիկա Մալխասյանին, Արեւ Բաղդասարյանին, պարզապես սիրուն Եվային կամ Լեյլիին… Այս գեղեցկուհիները եւ ճշմարիտ աստղերը ապրում էին Երեւանում եւ զարդարում էին իրենցով Աբովյանը, ինչպես ամռան գիշերները աստղերը զարդարում են երկինքը:

Յուրաքանչյուր ակնթարթ Աբովյանը կարող էր մի բուռ երջանկություն պարգեւել մարդուն, ինչպես ծաղկավաճառ Կարաբալան, որն անսխալ կերպով ընտրում էր ճեմողների շարքում ամենագեղեցիկին ու նվիրում իր ծղոտե զամբյուղի ամենագեղեցիկ ծաղիկը եւ մի երջանիկ զգացում ապրում, քանզի գեղեցիկ կնոջը ծաղիկն ավելի է գեղեցկացնում…

Ինչպես նկատեցիք, ճեմողների մեջ հիշատակեցի միայն կանանց անունները եւ թեեւ նրանցից շատերը վաղուց արդեն չկան, սակայն Աբովյանի մայթերին դաջված են նրանց ոտնահետքերը, եւ երկար կմնան:

…Հրապարակում շա՜տ գեղեցիկ ամանորյա եղեւնի է, այս տարվա նման նա գեղեցիկ երբեք չէր եղել, օրը մթնում է, Աբովյանը լուսավառվում է հազար ու մի լապտերներով բռնկված, բացվում են անթիվ-անհամար սրճարանները, բարերն ու ռեստորանները, փողոցով վարար գետի պես անցնում է սեւ, փայլուն կոնքերով, շքեղ ու թանկարժեք մեքենաների շքերթը: Քաղաքն անցնում է գիշերային կրքերի ձեռքը, Աբովյանի մայթերից գալիս է «Շանելի», «Ժադորի» բույրը, լսվում են անգլերեն, պարսկերեն, ռուսերեն խոսակցության պատառիկներ, կանացի ճաշակավոր հագուստների շքեղահանդես է Աբովյանը: Արագ ու թեթեւ ճեմելով հենց նոր Առնո Բաբաջանյանի սրահի ուղղությամբ անցան Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը…

Ես բարձրանում եմ Աբովյանով. ծաղիկները վաճառել գնացել է Կարաբալան, ունիվերմագի գաստրոնոմի դռները փակ են… Էս ժամին միայն պահակից կարող ես օղի առնել: Խանոյանի ֆոտոյի ցուցափեղկից քեզ են նայում Հրաչյա Ներսիսյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը: Նրանք հենց նոր անցան կողքիցս ու մտան «Ինտուրիստի» ճաշարանը, ուր խորքի դահլիճում փոքրիկ սեղանի շուրջ զրույցի են բռնվել՝ կոնյակի ու սուրճի ընկերակցությամբ, Չարենցն ու Իսահակյանը եւ իրենց խոսքում, հիշելիս երեւանյան գեղեցկուհիներին, անպայման հիշում են Արմենուհի Տիգրանյանին եւ Արուս Ոսկանյանին…

Մինչեւ «Ինտուրիստի» սրահ մտնելը Հրաչը Քյավառեցի Խաչիկի բուֆետում ըմպում է իր 50 գրամ կոնյակը, նրան աչքով է անում դերասան Գենը. «Քոնը առաջինն է, իսկ իմը արդեն հինգերորդը», նախասրահից գալիս է Քոչարի ծխամորճի հաճելի բուրմունքը, ջազ-նվագախումբը թեժ գործի մեջ է, լսվում է Չոռնի Սուրիկի կլարնետի եւ Հայրիկոյի երգի ձայնը…

Կյանքը շարունակվում է. 2012 թվականի հունվարի յոթն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829