Տեղեկատվությունը թաքցնելու համար «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի՝ դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները: 2012թ. հունվարի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց տեղեկատվություն ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամյա պայքարին՝ վերջնականապես մերժելով «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի վճռաբեկ բողոքի ընդունումը:
ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՊՈԱԿ-ին դեռեւս 2009թ.-ի փետրվարի 27-ին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ 2006, 2007, 2008թթ. ՊՈԱԿ-ի հետ հանձնարարության եւ նկարագրության պայմանագիր կնքած կազմակերպությունների ցանկը եւ այդ պայմանագրերից ՊՈԱԿ-ի ստացած հասույթի չափը: Ի պատասխան՝ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները համարվում են առեւտրային գաղտնիք: Այս պատասխանն անհեթեթ էր, քանի որ ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, չի հետապնդում առեւտրային շահ, հետեւաբար չի կարող ունենալ առեւտրային գաղտնիք: Հարկ է նշել, որ պահանջվող տեղեկությունները անգամ ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների առեւտրային շահ չեն կարող համարվել, քանի որ ԻԱԿ-ը խնդրել է ընդհանուր հասույթի վերաբերյալ տեղեկություն՝ այլ ոչ յուրաքանչյուր կազմակերպությունից ստացված գումարի չափը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս անհիմն մերժումը բողոքարկեց դատարան։ Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012թ. հունվարի 18-ի որոշմամբ ուժի մեջ թողնվեց ՀՀ վարչական դատարանի 2011թ. հունվարի 20-ի կայացրած որոշումը, համաձայն որի՝ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործողությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ, ՊՈԱԿ-ին պարտավորեցվեց հնգօրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը եւ հօգուտ ԻԱԿ-ի վճարել 24.000 դրամ, որպես ԻԱԿ-ի դատական ծախսերի փոխհատուցում:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ