Երեկ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ հուշագրի ստորագրում, ինչը նպատակ ուներ ապահովել ԵՊՀ ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը եւ մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը: Կարեւորելով հուշագրի ստորագրումը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դրանով սկիզբ է դրվում համալսարանի եւ նախարարության միջեւ համագործակցության նոր շրջանին. «Այն կնպաստի հատկապես իրավաբանության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը եւ իրավունքի ոլորտում մասնագետների համալրմանը»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով՝ հուշագրի ստորագրումը քայլ է՝ նախարարության եւ համալսարանի ուժերը մեկտեղելու հարցում, ինչը կնպաստի առկա խնդիրների լուծմանը. «Որ հետագայում որեւէ մեկը չասի՝ ով է գրել այս կամ այն օրենքը: Մեր երկիրը չունի մեծ պաշարներ, եւ միակ զենքը գիտելիքն է: Եթե խնդիրների լուծման հիմքը այսօր չդնենք, ապա կթողնենք՝ մնա վաղվա օրվան, ինչը ցանկալի չէ»: Նախարարը հավելեց, որ հայրենասեր է այն մարդը, ով իր տեղում իր աշխատանքն է կատարում, իսկ ուսանողների աշխատանքը գիտելիք ստանալն է, քանի որ կրթված մարդն է հետագայում ունենալու դեր եւ պաշտոն. «Թե չէ՝ պետհամարանիշների զրոների քանակը չափանիշ չէ»:
Հուշագրի համաձայն՝ արդարադատության նախարարությունում կկազմակերպվի գործնական պրակտիկա, որի ընթացքում կկիրառվեն տեսական գիտելիքները: Հրայր Թովմասյանի հավաստմամբ՝ ուսանողները ստիպված չեն լինի սուրճ դնել կամ թղթեր տանել-բերել՝ հուշագրում մանրամասն նշված է, թե ինչպես է կազմակերպվելու եւ անցկացվելու պրակտիկան:
Արդարադատության նախարարության կազմակերպած «Գրքեր դատապարտյալներին» ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ն գրքեր նվիրեց նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարաններին:
Կարդացեք նաև
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ