Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեռն վերապրածի ծոռը զայրացած է

Փետրվար 11,2012 13:18

Վերջերս Ռուսաստանում լույս է տեսել թուրք գրող Մեհմեդ Փերինչեկի «Հայկական հարցը՝ կազմված ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերից» գիրքը, որը, հայ մասնագետների համոզմամբ, սովորական ապատեղեկատվություն է: Գրքում ասվում է, թե Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի է ունեցել ժողովուրդների բախում, որի արդյունքում տուժել են թե հայերը, թե քրդերն ու թուրքերը: Թուրք գրողը իր տեսանկյունից ներկայացնելով ժամանակի անցքերը՝ գրում է, թե իբր հայերը փորձել են էթնիկական զտում կատարել եւ ոչնչացնել բոլոր թուրքերին, ինչը կանխելու նպատակով էլ թուրքական կառավարությունը ստիպված է եղել համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ ճնշել ապստամբությունը:

Ասուլիսներից մեկում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել էր, որ չնայած այդ գրքում նշված է, որ օգտագործված է 120 փաստաթուղթ՝ Ռուսաստանի արխիվից, սակայն դրանք ընդամենը 63- ն են, մնացած 57-ը բոլշեւիկյան «սուտ փաստաթղթերն» են:

Ազգային արխիվի տնօրենը նաեւ հավելել էր, որ այդ ապատեղեկատվությանը հարված կհասցվի առաջիկայում տպագրվելիք եռահատոր «Վշտապատումով», որտեղ հարցազրույցներ են եղեռնից մազապուրծ փրկվածների հետ: Ականատեսների վկայություններում անգամ անուններով նշվում են թուրք ոստիկանապետերն ու բեկերը:

Հայկական արխիվի պահոցներից մեկում պահվում են նաեւ եղեռնի ականատես Պողոս Ավետիսյանի վկայությունները՝ Վանի նահանգի Արճակի գավառակի կոտորածների մասին, ըստ որոնց. «Ոստիկանները ամեն տեսակ սանձարձակություններ էին անում, զանազան պատրվակներով մտնում էին մարդկանց տները եւ դիպչում հայ կանանց: Օրերով կերուխումներ ու խնջույքներ էին կազմակերպում գյուղացիների հաշվին, իսկ բավարարված չլինելու պարագայում՝ ծեծի ու խոշտանգումի ենթարկում: Զորահավաքության վերջին օրերին արդեն առանց փաստաթղթերի էին ներխուժում գյուղ՝ աչքի ընկած մարդկանց գցում իրենց ոտքերի տակ՝ չնայելով տարիքին: Գյուղից մեծ քանակությամբ խոտ, վառելիք, գարի, ցորեն, թաթ, թաթման, ոչխար, ձավար էին հավաքում՝ առանց փողի եւ դրա փոխարեն դեռ մի բան էլ հարվածում էին մահակներով: Գյուղացիները հակաճառելու դեպքում դաժան չարչարանքների, նախատինքների ու ծաղրի էին ենթարկվում… Ջարդը սկսվել էր Վանի ապրիլյան կռիվներին զուգընթաց, քրդերի գլխավորն էր Ռսպի Սալոն, իսկ նրա սպասավորը՝ Խաշոն: Ջարդը սկսվել էր Վանի կուսակալ Ջեւդեթ բեյի արտոնագրով»:

Նման հիշողություններ թողած Պողոս Ավետիսյանի ծոռներից Գաբրիել Ավետիսյանը նեղսրտելով հակահայկական ապատեղեկատվության հեղեղից, եկել էր խմբագրություն, իր հետ բերելով որոշ փաստաթղթեր: «Հայրիկիս պապը՝ Պողոս Ավետիսյանը, քահանա էր, երիտասարդ, ամրակազմ, հասցրել էր 40 տան քավոր լինել: Գաղթի ժամանակ թուրքերը սպանել են կնոջը, տասնմեկ երեխաներից ողջ են մնացել միայն երեքը: Տղաներից մեկին սպանել են հենց իր իսկ հարսանիքի ժամանակ…Ախր ոնց կարելի է նման բաներն ուրանալ… Մեր գերդաստանը նրանց անունները երբեք չի մոռանա, ես իմ ծոռներին ու թոռներին կնքելու եմ իմ ապուպապերի անուններով: Թուրքերին ես անվանում եմ գայլեր՝ գառների մուշտակներով: 95 տարի անց ես գտել եմ իմ հայրիկի պապիկի գրառում-հուշերը, որտեղ նա մանրամասն պատմում է, թե ինչպես թուրքերը կոտորեցին մեր ազգին ու դաժանաբար վարվեցին հայերի հետ: Իսկ Մոսկվայում սուտ են խոսում, հորինել են…»: Եղեռն վերապրածի ծոռը զայրացած է, ուզում է պետական մակարդակով հակահարված տրվի ապատեղեկատվության տարափին ու զեղծարարություններին, թե չէ, իր ձեւակերպմամբ՝ զոհերի ոսկորները չեն կարող հանգիստ հանգչել:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829