Լրահոս
Օրվա լրահոսը

Կրասնոդարցի սոպրանոն կհանդիպի օպերայի գեղարվեստական խորհրդին

Փետրվար 11,2012 13:16

Հայաստանում է կրասնոդարցի երգչուհի Մարիետա Դերլուղյանը՝ իր առաջին CD-ն ձայնագրելու նպատակով: Վոկալիստների համառուսաստանյան մրցույթի դափնեկիր (2007թ.) կոլորատուրային սոպրանոն տասը տարի պրոֆեսիոնալ բեմում է, ինչը զուգահեռում է Կրասնոդարի Սուրբ Հովհաննես, իսկ 2010-ից էլ՝ Սուրբ Մեսրոպ եւ Սահակ եկեղեցիներում հոգեւոր երաժշտություն հնչեցնելով:

«CD-ի ձայնագրման, հետագայում թողարկման աշխատանքներին աջակցում է Կրասնոդարի Պաշկովյան շրջանի հայկական մշակութային կենտրոնը: Ձայնագրությունները կիրականացվեն Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ: CD-ում տեղ կգտնեն հոգեւոր երգեր, Կոմիտաս, Բաբաջանյան, մի խոսքով՝ միայն հայկական երաժշտություն»,- տեղեկացրեց երգչուհին: Հավելեց նաեւ, որ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ հիմնական բեմական գործունեությունը ընթացել է ծննդավայրում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում:

Հետաքրքրությանը, թե ինչու է ընտրել ազատ արվեստագետի ուղին, օրինակ՝ չընդգրկվելով Կրասնոդարի ճանաչված երաժշտական թատրոնում, Մարիետա Դերլուղյանը պատասխանեց հարցի երկրորդ մասին. «Շուտով բալետային տարբերակով թատրոնում բեմադրվելու է ժամանակակից ներկայացում՝ ըստ Մոցարտի «Կախարդական սրինգի», որտեղ ինձ հրավիրել են կատարելու գիշերային թագուհու արիան: Թատրոնում մշտապես ներկայացումներ են իրականացնում անվանի բեմադրիչներ, այդ թվում՝ Յուրի Գրիգորովիչը, Ալեքսեյ Ստեպանյուկը, Դմիտրի Բերտմանը եւ ուրիշներ, խաղացանկում են Խաչատրյանի «Սպարտակը», Բիզեի «Կարմենը», Չայկովսկու «Եվգենի Օնեգինը» եւ այլ գլուխգործոցներ»: Երգչուհին նշեց, որ դժգոհ չէ ազատ արվեստագետի իր կարգավիճակից. «Վերջերս եկեղեցում իմ ելույթով տպավորվել էր աշխարհահռչակ Միշել Լեգրանը, նրա ռուսաստանյան պրոդյուսերն էլ խոստացել է, որ մաեստրոն ինձ կներկայացնի Ֆրանսիայի հանդիսատեսին»:

Զրույցի ընթացքում երգչուհին անընդհատ խոսում էր կոնկրետ Կրասնոդարում բնակվող տաղանդավոր հայազգի երաժիշտներից: Ռեպլիկին, թե ի վերջո նրանցից ո՞վ է «ամենան», մեր զրուցակիցը տվեց տաղանդավոր սաքսոֆոնահար, ջազմեն Գեորգի Գարանյանի անունը:

Հարցին՝ մտադիր չէ՞ ներկայանալ նաեւ հայաստանցի հանդիսատեսին, Մարիետա Դերլուղյանը պատասխանեց. «CD-իս ձայնագրման աշխատանքների ավարտից հետո կուզեի ներկայանալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի խորհրդին…»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ Կրասնոդարում շատ է խոսվում այն մասին, թե ճանաչված օպերային տենոր Գեղամ Գրիգորյանը Գառնիում հիմնելու է մեկ այլ օպերային թատրոն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Գեղամ Գրիգորյանն այս օրերին Վիլնյուսում է գտնվում: Նրանից համապատասխան մեկնաբանություն կստանանք, երբ վերադառնա Հայաստան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829