Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսիկներին Հրազդանի կիրճ էին իջեցրել ու հափշտակել

Փետրվար 11,2012 13:08

Հայ մեղադրյալները խնդրում են սահմանել պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջան

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին ավարտվեց թիվ 10130211 քրեական գործի դատաքննությունը:

Այդ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Բաբկեն Հասրաթյանի, Գուրգեն եւ Գեւորգ Պետրոսյանների, Արթուր Հարությունյանի, Տիգրան Սորտինյանի եւ Հայարփի Վանեսյանի նկատմամբ:

Նրանք մեղադրվում էին ՀՀ քրօրի 176 hոդվածի 2- րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4 -րդ կետերով, իսկ Հ. Վանեսյանը 38-176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2 եւ 4 կետերով:

2011թ. սեպտեմբերի 12-ին, ժ. 00. 05-ի սահմաններում, Երեւանի Հրազդան գետի կիրճում նշյալ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սայիդ Ռոսթամիին եւ Բեհնամ Աղայիին ծեծի էին ենթարկել, վնասվածքներ պատճառելով՝ նրանցից բացահայտ հափշտակել էին 40 000 դրամի «Սոնի Էրիքսոնը», 222 000 դրամի ոսկյա շղթան, «Սվիսթար» ժամացույցը, 148 000 դրամի արժողության ոսկյա թեւնոցը, պարսկական «Ճանապարհորդային չեկը», որը ոստիկանության տվյալների համաձայն՝ կազմել էր 186 000 դրամ: Ըստ գործի նյութերի, Հայարփին եւ Անդրանիկն էին իրանցիներին խաբեությամբ կիրճ իջեցրել: Դատաքննությունն անցավ արագացված ընթացակարգով: Դա նշանակում է, որ նշյալ անձինք իրենց լիովին մեղավոր էին ճանաչել եւ զղջացել էին կատարվածի համար:

Բաբկեն Հասրաթյանը, որը նախկինում դատված չի եղել, ծառայել է ազգային բանակում: Նա ուներ կրտսեր սերժանտի կոչում, ՊՆ 41507 զորամասի հրամանատարի ստորագրությամբ նախաքննության մարմնին էր ներկայացրել ծառայողական դրական բնութագիր: Զորացրվելուց հետո նա շարունակել է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ երրորդ կուրսի ուսանող է: Բաբկենի ընտանիքը բազմանդամ է, հայրը՝ Ա. Հասրաթյանը, 2-րդ, իսկ տատիկը 3-րդ կարգի հաշմանդամներ են, մայրը չի աշխատում, իսկ եղբայրն էլ ժամկետային զինծառայող է: Բաբկեն Հասրաթյանը, բացի Հայարփիից, մյուս մեղադրյալների հետ դիմել է թերթին, որպեսզի արդարադատական մարմինները կարդալով իրենց կողմից «պահի տակ» եղածի մասին, հաշվի առնեն իրենց ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը՝ վճռի կատարման ժամանակ:

Դատարանը ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանել նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, չնայած դատախազ Արայիկ Մանուկյանը պահանջել էր մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Ի դեպ, բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրվել է նույն պատիժը, իսկ Գեւորգը դատարանի դահլիճից անհապաղ բաց է թողնվել:

19-ամյա Գեւորգ Պետրոսյանն էլ զորակոչվել էր զինծառայության, սակայն ՌԿՀ -ի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար՝ «անձի էմոցիոնալ անկայության խանգարում /փսիխոպաթիա/ ախտորոշմամբ: Այն հաստատվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ: Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվել էր Գուրգեն Պետրոսյանը:

Գեւորգ եւ Գուրգեն Պետրոսյանների ընտանիքը նույնպես բազմանդամ է, չնայած մայրը մանկուց հաշմանդամ է ճանաչված, սակայն 6 հոգուց բաղկացած ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է նրա վրա, քանի որ հայրն էլ է վատառողջ ու վերջերս է վիրահատվել եւ անաշխատունակ է:

Մեղադրյալների անապահով լինելու հանգամանքը փաստվեց նաեւ նրանով, որ նրանք դատարանում հանրային պաշտպան են ունեցել՝ անվճարունակ լինելու պատճառով:

Մեղադրյալները օգնել են նախաքննությանը՝ հանցագործության բացահայտման գործում, ինչը ՀՀ քրօրի 62 հոդվածի համաձայն՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ են:

Մեղադրյալներն ասում են, որ ի սկզբանե ընդունել են մեղքը, իսկ տուժողներն էլ վնասի հատուցում եւ պահանջ չեն ներկայացրել: Ըստ նրանց, տուժողների կողմից դատարան ներկայացված կողոպտված իրերի արժեքները ուռճացված են եղել: Մասնավորապես, ոստիկանության հաղորդման մեջ ժամացուցների գինը գրված էր 800.000 դրամ, մինչդեռ, ապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ ժամացույցի արժեքը 1.500 դրամ է հաստատվել, մնացած իրերն էլ չեն հայտնաբերվել: Ըստ Բաբկենի, իրենց մոտ ոչ ոսկե շղթաներ են եղել, ոչ էլ այդքան գումար, եւ դա է եղել պատճառը, որ տուժողները հենց նախաքննության ժամանակ չեն պնդել վնասի հատուցման մասին, հետեւաբար պահանջ չի ներկայացվել նրանց կողմից: Դատախազը բողոք է ուղարկել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: «Բոլորս էլ առաջին անգամ ենք նման իրավիճակում հայտնվել, չենք ապրել ցոփ ու շվայտ կյանքով: Մենք հասարակ եւ պարկեշտ կենցաղով ապրող ընտանիքներից ենք: Մենք խնդրում ենք, որպեսզի մեր նկատմամբ սահմանվի նվազագույն տուգանք կամ կիրառվի ՀՀ քրօրի 70 hոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի», ասում էին մեր լրատվամիջոցին դիմած մեղադրյալները:

Նշենք, որ նրանք 4 ամիս եղել են ազատազրկված: Ընդսմին, Բաբկեն Հասրաթյանի եւ Տիգրան Սորտինյանի հարազատները պատրաստվել են վճարելու, իսկ Գուրգեն եւ Գեւորգ Պետրոսյանները, Արթուր Հարությունյանը եւ Հայարփի Վանեսյանը հիմա էլ խնդրում են դատարանից՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջան նշանակելու դատական ակտ կայացնել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829