Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ արվեստագետներին

Փետրվար 11,2012 13:04

Սիրելի Միքայել Պողոսյան, Վարդան Պետրոսյան, Մկո (Մկրտիչ Արզումանյան), Շուշան Պետրոսյան, Գոռ Գրիգորյան (Գլումով), այս սրտաբուխ բաց նամակով դիմում ենք ձեզ եւ ի դեմս ձեզ՝ բոլոր հայ արվեստագետներին:

Մենք սիրում ենք ձեզ: Ձեր արվեստում մենք միշտ գտնում ենք մեր շերտը, մեզ հասցեագրվածը եւ ուրախանում, որ մեր արվեստագետները չեն ստեղծագործում միայն մայրաքաղաքի ունկնդրի համար եւ չեն մոռանում հասարակ գյուղացուն: Վերջին շրջանում մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք ձեզ դիտելու, քանի որ մեզնից շատերն արդեն ունեն կայուն աշխատանք, նորմալ աշխատավարձ եւ կարող են իրենց թույլ տալ ձեր արվեստին առնչվել համացանցով: Հենց համացանցից էլ իմացանք, որ դուք մտահոգված եք Թեղուտի անտառների պահպանության խնդրով եւ մտադիր եք դեմ հանդես գալ Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրագրին:

Մեզ համար շատ հուզիչ է ձեր մտահոգությունը Թեղուտի անտառներով: Համոզված ենք, որ դուք առաջնորդվում եք հայրենիքին նպաստ բերելու ցանկությամբ եւ ձեր խնդիրն առաջին հերթին համարում եք հայրենապահպանությունը: Համոզված ենք, որ Թեղուտի եւ Շնողի ծառերից առաջ եւ առավել ձեզ մտահոգում են Թեղուտի եւ Շնողի ազգաբնակչության ապագան, այդտեղ ապրող մարդկանց կյանքն ու կենցաղը:

Եթե երկու-երեք տարի առաջ ձեզ բախտ է վիճակվել լինել Թեղուտում կամ Շնողում, ապա դուք տեսել եք, թե ինչպես էին մարդիկ ապրում Թեղուտ եւ Շնող համայնքներում այդ ժամանակ: Եթե ոչ, ապա հայտնենք, որ այստեղ մարդիկ հայտնվել էին սոցիալական ծանրագույն պայմաններում, արտագաղթել էր բնակչության կեսից ավելին եւ աշխատունակ բնակչության գերակշիռ մասը: Նրանք, ովքեր մնացել էին, դժվարանում էին հոգալ իրենց եւ իրենց երեխաների նույնիսկ տարրական կենսական կարիքները: Մանրամասնենք, որ ավելի հասկանալի լինի. մարդիկ միջոցներ չունեին իրենց երեխաների համար շոր ու կոշիկ առնելու կամ գոնե կարիքի դեպքում երեխային բժշկի տանելու: Հետեւաբար, եթե հաշվի առնենք Թեղուտի վիճակագրական տվյալները, տարիներ առաջ գյուղում ծնվում էր տարեկան 1-5 երեխա, իսկ վերջին երկու տարում ծնվել է 32 երեխա:

Այսօր Թեղուտի լեռնահանքային համալիրը դեռ շինարարության փուլում է, սակայն մեր համայնքներում արդեն այլ իրադրություն է: Ընկերությունում արդեն աշխատում է ավելի քան 850 մարդ, իսկ շահագործման փուլում կաշխատի 1400-ից ավելի: Մարդիկ արդեն հնարավորություն ունեն ապրելու շատ թե քիչ մարդավայել պայմաններում:

Հավատացե՛ք, Թեղուտի անտառը առավել թանկ է հենց մեզ համար: Մենք իրոք պետք է պահպանենք եւ պահպանում ենք անտառը՝ իր յուրօրինակ կենդանական աշխարհով: Ի տարբերություն այդ խնդրով միայն վերջերս հետաքրքրվող տարբեր անձանց՝ գյուղի բնակիչները ի սկզբանե շահագրգիռ վերաբերմունք են ցուցաբերել ծրագրի վերաբերյալ կազմակերպված բազմաթիվ քննարկումներին, որոնց ընթացքում ոչ միայն ստացել ենք մեզ հուզող խնդիրների վերաբերյալ պատշաճ պարզաբանումներ, այլ նաեւ ներկայացրել ենք մեր պահանջները բնապահպանական հարցերում: Նաեւ այդ քննարկումների շնորհիվ է, որ «Վալլեքս» ընկերությունը հանքավայրի շահագործման համար հատվող անտառի յուրաքանչյուր հեկտարի դիմաց անտառապատում եւ տարիներ շարունակ խնամում է երկու հեկտար: Մենք լավատեղյակ ենք ծրագրի բնապահպանական խնդիրներին եւ համոզված ենք, որ բնապահպանական վնասը մեղմվելու է եւ փոխհատուցվելու այնպես, ինչպես աշխարհի ամենազարգացած երկրներում: Մենք այսօր ունենք եզակի հնարավորություն՝ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով հասնել տնտեսական զարգացման:

Աշխատատեղերի բացակայության պատճառով մեր տարածաշրջանն այսօր կորցրել է մարդկային ներուժի զգալի մասը եւ շատ է թուլացել: Մի՛ մոռացեք, որ սա սահմանամերձ շրջան է, որի ամրությունից կախված է յուրաքանչյուր հայաստանցու անվտանգությունը: Հանքավայրի շահագործման ծրագրով իրավիճակը սկսել է արմատականորեն փոխվել: Լոռու մարզի այս հատվածը սկսել է բառացիորեն վերակենդանանալ: Լեռնահանքային համալիրում աշխատանքը այսօր պահում է եւ տեսանելի հեռանկարում կպահի թեղուտցուն՝ Թեղուտում, շնողցուն՝ Շնողում, լոռեցուն՝ Լոռիում: Թեղուտցիների մեծամասնության համար կտրականապես մերժելի է ծրագրի իրականացման համար որեւէ խոչընդոտ:

Սրանով ձեզ խնդրում ենք, մի՛ տրվեք սադրանքների, մի՛ հավատացեք ամեն բարի գործ սեւացնողների: Եթե ձեզ իրապես հետաքրքրում է, թե ինչ է կատարվում իրականում, ապա հրավիրում ենք Թեղուտ եւ Շնող: Եկե՛ք, ձեր աչքերով տեսեք կառուցվող կոմբինատն էլ, հատվող անտառն էլ, տնկվող անտառն էլ: Համոզված ենք, ձեր արվեստը գնահատողներին ձեր ասելիքը շատ ավելի հարուստ կլինի սեփական աչքերով ամեն ինչ տեսնելուց հետո:

Այս բաց նամակով դիմում ենք նաեւ Հայաստանի որոշ «բնապահպանների». գուցե հեշտ է մայրաքաղաքում նստած՝ դատողություններ անել բնապահպանության, եզակի բուսատեսակների ու կենդանատեսակների մասին: Որպես Թեղուտի եւ Շնողի բնակիչներ՝ մենք հարցնում ենք՝ իսկ որտե՞ղ էիք դուք, երբ վատթարագույն սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով Թեղուտում եւ Շնողում առավել վտանգված էր բանական էակը՝ մարդը: «Բնապահպանական» մտահոգությունների քողի ներքո մի՛ պղտորեք մարդկանց մտքերը, անհայտ ծագման ֆինանսական ծախսեր արդարացնելու համար մի՛ արատավորեք մեր արվեստագետների բարի անունը:

Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչներ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829