Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը սահմանափակ չէ, ոսպնյակների տեսականին է սահմանափակ

Փետրվար 11,2012 13:00

ԲՀԿ-ի բարեգործական աչքի ոսպնյակները ոչ բոլոր հիվանդներին են հարմար

Ամեն անգամ նախընտրական շրջանում տարբեր կուսակցություններ ընտրողների սրտերն ու ձայները շահելու համար մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացնում: Անգամ շարժական կլինիկաներ են շրջում մարզերով՝ մարդկանց անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով:

Այս տարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առողջապահական անվճար ծառայություններ է մատուցում «Էրեբունի» հիվանդանոցում:

75-ամյա Անիկ Մեսշչյանը, որը ԲՀԿ-ական է, որոշել էր օգտվել սեփական կուսակցության բարեգործությունից եւ աչքի վիրահատության համար դիմել էր կուսակցության պատասխանատուներին: Գրասենյակից տիկին  Մեսշչյանին ուղեգրել են «Էրեբունի» հիվանդանոց: Սակայն Անիկ Մեսշչյանը հիվանդանոցում պարզել է, որ այդ անվճար օգնությունն այնքան էլ անվճար չէ: Ա. Մեսշչյանի ներկայացմամբ՝ «Էրեբունի» բուժկենտրոնում նրան վստահեցրել են, որ աչքի ոսպնյակն ինքը պետք է գնի, բուժզննումն էլ՝ թե ձեռք բերված ոսպնյակը որքանով է  համապատասխան նրա աչքին, կրկին պետք է սեփական գրպանի հաշվին անի, իսկ ոսպնյակի տեղադրումն արդեն «Էրեբունիում» կկատարեն: «Էլ ի՞նչ բարեգործություն, որ էդ ամենը պիտի իմ հաշվին անեմ: Աչքի ոսպնյակների արժեքը 50-100 հազար դրամ է, դրան էլ գումարած աչքի հատակի ստուգումը՝ մոտ 150 հազար դրամ պիտի ծախսեմ: 37 հազար դրամ ստացող թոշակառուն ո՞նց կարող է էդպիսի ծախսեր անել, երբ  2 որբ թոռներ ունեմ, մեկը նոր է եկել բանակից ու աշխատանք չի կարողանում գտնել, մյուսն էլ դեռ  ծառայում է: Ես ի վիճակի չեմ 150 հազար դրամ հավաքել, որ կարողանամ աչքիս հարցը լուծել: Եթե պիտի մարդիկ վճարեն, ուրեմն թող անունը բարեգործություն չդնեն՝ մեզ էլ հուսախաբ չանեն».- «Առավոտի» հետ զրույցում պատմեց թոշակառու տիկինը:

Այս առնչությամբ զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի հետ: Նրա պարզաբանմամբ՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղեգրերով կլինիկայում մոտ 500 աչքի վիրահատություն է  կատարվել, որի համար նաեւ ոսպնյակներ են գնել: Իսկ եթե տիկնոջն ասել են, որ ինքը պետք է այլ տեղից գնի ոսպնյակը, ուրեմն կլինիկայի ոսպնյակները տիկնոջը հարմար չեն եղել. «Աչքի ոսպնյակները, մեքենաների պես, տարբեր տեսակի եւ տարբեր գների են լինում: Մենք ձեռք ենք բերել նորմալ, սովորական ոսպնյակներ: Լինում են հիվանդներ, որոնք, ճիշտ է, կուսակցության ուղեգրով են եկել, բայց մեր ոսպնյակները չեն հավանում՝ ինչ-ինչ պատճառներով: Բայց մերն էլ լավն են»: Մեր այն հարցին՝ գուցե բուժսպասարկումը սահմանափակ գումարի սահմաններում է, եւ դա է եղել պատճառը, որ տիկնոջը հորդորել են այլ կլինիկա գնալ բուժզննման համար, պարոն Ռոստոմյանը պատասխանեց. «Գնային ոչ մի սահմանափակում չկա: Այն բուժծառայությունները, որոնք մեր կլինիկայում կատարվում են, բոլորին, ովքեր կուսակցության ուղեգրով են գալիս, տրամադրվում են անվճար, ներառյալ վիրահատությունները: Եթե տիկնոջը այլ կլինիկա են ուղղորդել, ապա երեւի այն պատճառով, որ մեր բժշկուհին հիվանդ էր եւ մոտ մեկ ամիս աշխատանքի չէր գալիս: Թե չէ՝ ոչ մի խնդիր չկա աչքի բուժզննման հետ կապված: Ես առաջին անգամ եմ լսում, որ մեզ մոտ նման դեպք է եղել, բայց եթե այդ կինը կրկին դիմի մեզ, ապա մենք, իհարկե, անվճար բուժզննում կկատարենք, եւ եթե տեսնենք, որ մեր ոսպնյակներն իր աչքին հարմար չեն, ապա մի բան կանենք, այլ ոսպնյակ կպատվիրենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արաբկիրի գրասենյակի պատասխանատու Պողոս Փլավչյանն էլ մեզ հետ զույցում հավաստիացրեց, որ գնային սահմանափակում չկա, ով ինչ բուժօգնության կարիք ունի, անկախ գնից՝ տրամադրում են ուղեգիր. «Կարող է մարդուն պետք է սրտի ստենդավորում, այ, այդ դեպքում չենք կարող ուղեգիր տալ, քանի որ «Էրեբունիում» նման ծառայություն չկա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829