Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը պատրաստվում է պատերազմի՞

Փետրվար 11,2012 12:56

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը իր կարծիքը հայտնեց ընտրություններում բանակի օգտագործման, «նախկին ու ներկա» ընկերների եւ «Ժառանգության» մասին:

Հայաստանյան քաղաքական դաշտի դեֆորմացիան, ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի, սկսվում է նրանից, որ Հանրապետական կուսակցությունն այն աստիճան է սերտաճել պետության կառույցների հետ, երբ արդեն դժվար է տարբերակել, թե որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում պետական չինովնիկի բուն պարտականությունները, որտեղ է ՀՀԿ-ն ներկայանում որպես կուսակցություն: Որպես ամենավառ օրինակ պարոն Իգիթյանը վկայակոչում է վարչապետ Տիգրան Սարգսյանի տարբեր հայտարարությունները, որոնցից դժվար է տարբերակել՝ Տիգրան Սարգսյանն այդ պահին որպես վարչապե՞տ է հանդես գալիս, թե՞ ՀՀԿ անդամ: Մեր զրուցակիցը համոզված է, որ այս խնդիրն էլ իր հերթին մեկ այլ խնդիր է առաջ բերում. «Երբ մի ընդդիմադիր կուսակցություն համարձակվում է մասնակցել ընտրություններին, այսպես ասած՝ մրցակից լինել Հանրապետական կուսակցությանը, պառլամենտում ներկայացված լինելու, առավել եւս մեծամասնություն ունենալու հավակնություններ ունենալ, ՀՀԿ-ն դա ընկալում է որպես մարտահրավեր կամ պատերազմի հայտարարում պետությանը: Ու պատերազմային տրամաբանության մեջ բոլոր տրամաբանական միջոցներով, պետական ատրիբուտներով սկսում են պայքարել: Ուժային, իրավական, իրավապահ բոլոր կառույցներով պայքար են սկսում, ու արդեն ստացվում է, որ ոչ թե ընտրական պայքար է կուսակցությունների միջեւ, այլ պետություն-ընդդիմություն պայքար է»: Հովհաննես Իգիթյանը հենց այս տրամաբանության մեջ է դիտարկում նախորդ օրը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը եւ փաստում է, որ եթե 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններում բանակն օգտագործվեց առանց օրինական հիմքերի, հիմա փորձ է արվում օրինական դաշտ ապահովել առաջիկա հնարավոր զարգացումներում. «Իմ կարծիքով՝ դա արվում է, որ եւ առաջիկա խորհրդարանական, եւ դրանց հետեւող նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում բանակի օգտագործումն օրինականացվի, եւ ընդդիմությունը չկարողանա  օգտագործել այս հանգամանքը հատկապես միջազգային կառույցներում: Այստեղ, կարծում եմ, դեր ունի նաեւ աշխարհի իրավիճակը, երբ այս կամ այն դիկտատորի դեմ ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ այդ դիկտատորներն առանց բանակի չեն էլ փորձում ժողովրդին դիմակայել»:

Պարոն Իգիթյանը չկիսեց «Առավոտի» այն դիտարկումը, որ սույն օրինագծի ընդունմամբ իշխանությունը փորձում է առավել ընդգծել 2008 թվականի հետընտրական զարգացումներում Ռոբերտ Քոչարյանի հակաօրինական քայլերը: Նրա կարծիքով՝ փորձ է արվում ճիշտ հակառակն անել. «Ոչ թե ընդգծել, այլ հետին թվով օրինականացնել Քոչարյանի գործողությունները, մեղմացնել ընդդիմության կողմից մինչ այսօր հնչող մեղադրանքները՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի օգտագործման մասով»: Այս «օրինականացումը», մեր զրուցակցի համոզմամբ, ցույց է տալիս, որ իշխանությունը կանխատեսում է մասսայական դժգոհություններ, որոնք առանց բանակի, միայն ներքին զորքերի միջամտությամբ դիմակայել չի լինի: Իգիթյանն ինքը համոզված է, որ ընդվզում լինելու է, եւ Սերժ Սարգսյանից մինչեւ ՀՀԿ շարքայինների կողմից արվող բոլոր հայտարարությունները, թե այս ընտրությունները լինելու են ամենափայլունը Հայաստանի պատմության մեջ, չեն մեղմելու ժողովրդի ըմբոստությունը: Ավելին, նա կարծում է, որ այդ հավաստիացումներն ուղղված են բացառապես օտարերկրյա դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին, ինչն ապացուցում է, որ իշխանությունները զգուշանում կամ վախենում են նրանց արձագանքներից: Իսկ, ընդհանրապես, ՀՀՇ վարչության անդամը կարծում է, որ իշխանությունը նախապատրաստվում է ընտրություններին նույն մեթոդոլոգիայով, ինչ որ 2008-ին էր. «Նույն մարդիկ, նույն կառուցվածքներով, համարյա օրենքի նույն կետերով պիտի կազմակերպեն եւ անցկացնեն այս ընտրությունները, միայն, կարծում եմ, խորամանկությունը մի քիչ կզարգացնեն՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների զեկույցները, որոնցում մատնանշվում էին այս կամ այն խախտումները: Իշխանությունն այնպես կանի, որ խախտումներն ակնառու չլինեն: Բայց սա չի նշանակում, որ հասարակության մեծ մասը, ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ընդդիմանա կեղծիքներին ու փողոց դուրս չեն գա»:

Մեր զրուցակիցը չի վիճարկում, որ հասարակությունը հիասթափված է ոչ միայն իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, այլ նաեւ հիմնական ընդդիմադիր ուժից՝ ՀԱԿ-ից. ի դեպ, կրկնակի ցավալի է, որ ՀԱԿ-ից հիասթափվում են նաեւ հենց ՀԱԿ-ի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալած մարդիկ: «Այո, բայց պետք է հաշվի առնել, որ կա երկու ճամբար. ՀՀԿ-ն՝ ավտորիտար, մեկ անձի շուրջ հավաքված, եւ կան այլ ուժեր, որոց մեջ կան կուսակցություններ, որոնք գաղափարական, ծրագրային թեզեր ունեն, անկախ նրանից՝ մենք նրանց սիրում ենք, թե ոչ: Պարտադիր չէ, որ իշխանությանը դեմ ամբողջ զանգվածը գնա ՀԱԿ-ին ընտրելու, չնայած ՀԱԿ-ը հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե պառլամենտում տեղեր ունենալն է կամ իշխանության խնդիր լուծելը, այլ այս մթնոլորտը, իրավիճակը փոխելը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ եթե ՀԱԿ-ը կարողանա իր ծրագիրը ճիշտ օգտագործել, դրական արդյունքների կարելի է հասնել:

Վերջին շրջանում խոսակցություններ եղան, որ ՀՀՇ-ի կորիզի վրա ստեղծված «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները քննարկումներ են սկսել առաջիկա քաղաքական զարգացումներին համատեղ մասնակցության ձեւերի շուրջ: Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հնարավոր համագործակցությանը, նկատի ունենալով, որ մի ուժի ներկայացուցիչներն իր նախկին ընկերներն են, իսկ մյուս ուժին՝ «Ժառանգությանը», մեղմ ասած, ՀԱԿ-ում այդքան էլ չեն սիրում: «Նախկին ընկերներ», եթե կոնկրետ իմ՝ պերսոնալ իմաստով եք ասում, ես իրենց «նախկին ընկեր» չեմ համարում. նրանք ինչպես եղել են ինձ ընկեր, այնպես էլ մնացել են: Ամեն մեկը թող ինքը որոշի, թե իր համար ինչ է նշանակում՝ նախկին կամ ներկա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ իր համար դժվար է ՀԱԿ-ի մասին խոսել, քանի որ ինքը ՀԱԿ-ի ներկայացուցիչ չէ, ՀՀՇ վարչության անդամ է, իսկ ՀԱԿ-ն ունի պաշտոնական ներկայացուցիչ, որը հավաքական, կոմպրոմիսային կարծիք է ներկայացնում: «Մենք ՀՀՇ-ում միշտ փորձում ենք քննարկել, եւ նույնիսկ ՀՀՇ-ում կան տարբեր կարծիքներ: Ես, որպես Հովհաննես Իգիթյան, «Ժառանգությանը» միշտ նորմալ եմ համարել եւ գնահատում եմ «Ժառանգության» առանձին անդամների հատկապես 2008-ի մարտի 1-ին արած գործը: Ես տեսել եմ նրանց թե ոստիկանական այլանդակությունների դեմն առնելու ժամանակ, թե ԵԽ-ում եւ այլ միջազգային կառույցներում ռեժիմի հանցագործությունները ներկայացնելու ժամանակ: Չունենալով մեծ քաղաքական փորձ՝ որոշ բաներ հաջողեցին, որոշ բաներ՝ ոչ, բայց կարեւորն այն է, որ նրանք փորձում էին պայքարել հանցագործությունների եւ այլանդակությունների դեմ: Ընդ որում, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտն ընդհանրապես այլասերված է, որոշ դեպքերում քաղաքական կուսակցությունը զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, ինչը դատապարտելի չէ: Ինձ համար ցանկացած մարդու ցանկացած տեսակի պայքարը ողջունելի է: Պայքարի ինչ-որ ձեւը նախընտրելի է անտարբեր կեցվածքից»: «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» հնարավոր համագործակցությանը Հովհաննես Իգիթյանը խանդով չի վերաբերվում, ավելին, կարծում է, որ նրանք մեկ ցուցակի մեջ չեն միավորվի, բայց նրանց պայքարը «խփում է նույն խնդրին՝ Հայաստանի ավտորիտար ռեժիմին»:

Ինչեւէ, մեր զրուցակիցը համոզված է, որ գործընթացը, գուցե փոքր-ինչ երկարատեւ, բայց գնում է իշխանափոխության, եւ երկու փաստարկ է բերում. եթե իրապես նորմալ ընտրություններ լինեն, հանրությանը հնարավորություն տրվի գնահատել մարդու ինտելեկտուալ եւ բարոյական կարողությունները՝ անվիճելի է, որ գործող իշխանությունը վերարտադրման շանս չունի: Եթե, այնուհանդերձ, գործի դրվեն իշխանական լծակները, կեղծիքների մեխանիզմները եւ այլն, միեւնույն է՝ հանրությունն ըմբոստանալու է այդ անօրինականությունների ու կեղծիքների համար. «Այսօր 2008 թվականը չէ: Այլ աշխարհաքաղաքական իրավիճակ է, տարածաշրջանի նկատմամբ դրսի ուշադրությունը մեծ է, Հայաստանին ներված որոշ կեղծիքների եթե նորերը գումարվեն, դա կլինի Հայաստանի վրա ճնշման նոր եւ մեծ ալիք, որին էլ Հայաստանը չի դիմանա: Բացի այդ, այլընտրանքային լրատվամիջոցների հնարավորություններն են մեծացել, սոցցանցերը մարդկանց ինֆորմացիա փոխանակելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս: Մենք դա տեսել ենք բնապահպանական շարժումների, ընդդեմ բանակում տեղի ունեցող միջադեպերի, անօրինական ձերբակալությունների եւ այլ օրինակներով: Իշխանությունն այս ամենը պետք է հաշվի առնի: Եվ եթե իշխանության մեջ դեռ կան մարդիկ, ում համար իշխանությունը գերնպատակ չէ, առաջնայինը Հայաստանն է, պետք է հասկացնեն, որ իրապես արդար ընտրությունները հենց իշխանությանն են ձեռնտու»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829