Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանությունները պատրաստվում են ընտրակեղծիքների

Փետրվար 11,2012 12:52

Ընդդիմադիրների կարծիքով՝ դրա մասին է խոսում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը

Այս շաբաթ ՀՀ խորհրդարանը 62 «կողմ», 0 «դեմ» եւ 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որով ՀՀ իշխանություններն արդեն օրենքի ուժով հնարավորություն կունենան բանակը ներգրավել ներքաղաքական պրոցեսներում: Մի բան, որը մինչ այժմ համարվում էր հակաօրինական ոչ միայն այն պատճառով, որ հակասում էր ՀՀ Սահմանադրությանն ու «Պաշտպանության մասին» օրենքին, ըստ որոնց՝ ՀՀ բանակը կոչված է բացառապես պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, այլեւ օրենքով չէր կարգավորվել եւ չէր հստակեցվել բանակի եւ զինուժի գործառույթները արտակարգ դրության պայմաններում:

Ահավասիկ, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի հոդված 9-ում՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը», ամրագրված է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները», այդ թվում նաեւ հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով՝ «զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում», «արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում ու նյութական արժեքների փրկություն», իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ նաեւ ապահովել «հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում»:

Օրինագծում նշված է նաեւ, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենքով եւ կարգով: Ակնհայտ է, որ հիշյալ դրույթները «կարված» են հենց ներքաղաքական զարգացումները, իշխանությունների գործողությունների դեմ հասարակության կամ քաղաքական ընդդիմության ընդվզումը ճնշելու համար, առավել եւս, որ իշխանություններին, ինչպես մարտիմեկյան դեպքերը ցույց տվեցին, ոչինչ չի խանգարում խաղաղ ցուցարարներին որպես զինված մարդիկ ներկայացնելու:

Հանուն արդարության պետք է շեշտել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը դեռ 2007-ին, եւ այն ժամանակ էլ օրինագիծը պարբերաբար ընդգրկվել էր խորհրդարանի նստաշրջանի օրակարգում, հետո «քնել» էր, երկու-երեք անգամ լրամշակվել ու միայն այս տարվա փետրվարի 1-ին ներկայացվել ԱԺ քննարկման եւ ընդգրկվել քառօրյայի օրակարգում: Ընդ որում, անցած 5 տարիների ընթացքում էլ օրինագծում ընդգրկված է եղել բանակը եւ նրա միջոցներն արտակարգ իրավիճակում օգտագործելու վիճահարույց դրույթը: Թե ինչո՞ւ 5 տարի ԱԺ-ում «քնացնելուց» հետո օրենքի նախագիծը որոշվեց հենց հիմա՝ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ, կրկին շրջանառության մեջ դնել եւ ընդունել, թերեւս, ենթադրելի է: Դրա մասին ԱԺ-ում խոսել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Բանն այն է, որ 2008-ի «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավումը ընտրություններից հետո ընտրակեղծիքների դեմ ընդվզող ընդդիմությանն ու հասարակությանը զսպելու գործում դարձավ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի՝ իշխանությունների գործողությունների ամենախոցելի կողմը, այլեւ ներքաղաքական պրոցեսներում բանակի ներգրավման անթույլատրելիության մասին հայաստանյան ընդդիմության պնդումները հասան մինչեւ ՍԴ եւ նույնիսկ միջազգային ատյաններ՝ ԵԽԽՎ, որտեղ մի քանի օրենսդիրներ այդ առնչությամբ նույնիսկ համատեղ հայտարարությամբ հանդես եկան:

Արդյոք հիմա իշխանությունները, որոնք հայտարարում են ժողովրդավարությանն իրենց, իբր, հավատարմության եւ առաջիկա ընտրություններն արդար եւ ազատ անցկացնելու մասին, այս օրինագիծն ընտրություններից առաջ շրջանառության մեջ դնելով՝ չե՞ն մատնում իրենց՝ ընտրությունները վերստին կեղծելու եւ դրա դեմ հնարավոր զանգվածային ընդվզումը զսպելու մտադրությունները: Թե՞ սա ընդամենը 2008-ի մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցությունը հետին թվով օրինականացնելու եւ այդ էջը շրջելու միջոց է: «Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳ նախկին նախարար, իսկ այսօր ընդդիմադիր գործիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն ասաց. «Երկուսը միասին, որովհետեւ նույնիսկ ոչ մասնագետի կողմից փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, երբ ժողովուրդը, ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդվզում են, իշխանություններն իրենց խոցելի տեղերն աշխատում են լրացնել համապատասխան օրենսդրությամբ: Սա է նրանց վարքագիծը՝ նախկին սխալներն ուղղել, բացթողումները լրացնել եւ հասարակության հնարավոր ընդվզումները զսպելու նոր գործիքներով պատրաստվել ապագա խորհրդարանական ընտրություններին»:

Նախկին նախարարի ասելով՝ ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանն այս օրինագծի հակասելը խնդրի երկրորդ կողմն է. «Այս կարգի օրինագիծը «Մարտի 1» տեսած երկրում, իշխանությունների վայրագությունը սեփական կաշվի վրա զգացած ժողովրդի պարագայում լայն հասարակական քննարկման պետք է ներկայացվեր եւ ոչ թե այսպես հապճեպ եւ իրար փոխարեն կոճակներ սեղմելու միջոցով ընդունվեր, եթե, իհարկե, իշխանությունները նպատակ չունեին ի չարս օգտագործել այս օրենքը: Բայց, ցավոք, ինչպես միշտ, իրենք ապագան կանխորոշելու, ապագայում իրենց գործողություններում ձեռքներին ավելի ազատություն տալու համար են այսպիսի օրինագիծ քննարկում: Ինչեւէ, ես համոզված եմ, որ նման իրավական նիհիլիզմի պարագաներում չէր կարելի այս կարգի օրենքն այսպես հապճեպ քննարկման ներկայացնել եւ ընդունել»:

Արդյոք այս օրինագծի ընդունումը կարո՞ղ է որպես ցուցիչ հանդիսանալ առ այն, որ առաջիկա ընտրություններում էլ իշխանությունները մտադիր են կամ առնվազն չեն բացառում կեղծելու տարբերակը ու նախապատրաստվում են դրա դեմ հնարավոր զանգվածային ընդվզումը ճնշել նաեւ բանակի օգնությամբ: «Այդ կարգի ինդիկատորներն այնքա՛ն շատ են, որքան ուզեք»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Սուրեն Աբրահամյանը՝ թվարկելով նաեւ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կատարած, այդ գործում առանցքային դերակատարում ունեցած անձանց, այդ թվում՝ պաշտոնյաներին, չպատժելու փաստերը:

Որպես հավելում՝ նկատենք, որ այս օրինագծին դեմ չեն արտահայտվել ո՛չ գլխադասային հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը, ոչ էլ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները. նրանք կամ բացակայել են, կամ «ձեռնպահ» են քվեարկել:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829