Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք այս քաղաքի տերը» Սերժ Սարգսյանին առաջարկում է մտահոգվել Գլխավոր պողոտայի ճակատագրով

Փետրվար 11,2012 12:42

ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին
Երևանի քաղաքապետ պրն. Տ. Մարգարյանին

Մեծարգո պարոն նախագահ

Հարգարժան պարոն քաղաքապետ

Մենք` մի շարք մտահոգ քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ, արտահայտելով մեր մտահոգվածությունը և բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Երևան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ և լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչև Խանջյան փողոց:  Չնայած նրան, որ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված և 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երևանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:

Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների և տարածաճարտարապետական պլանավորման,  ուներ նաև իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների և կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով և մեղմացնելով օդը:

Երևանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի և շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:

Չնայած այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:

Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:

Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջև ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի և շատրվանների տարածքում կառուցվել է երթևեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:

Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ և նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առևտրական կրպակներ:

Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից (https://www.yerevan.am/phpthumb/phpThumb.php?src=../edfiles/imageDB/news/news_1328022506_3371_1_001.000.31.jpg&w=450) ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ  հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին և կրպակներին:

Ելնելով վերը նշված դիտողություններից և փաստերից, մենք՝ ստորև ստորագրած անձինք և կազմակերպությունները՝

  1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը և անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
  2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
  3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով և վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման և բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երևան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
  4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
  5. Մինչև հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների և շատրվանների վերականգնումը:
  6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչև Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երևան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը և Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական և հանրային քննարկումների:

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829