Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին մեկօրյա այցով Մոսկվա է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդի» տեղեկություններով` երեկ նա արդեն վերադարձել է Երեւան: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին Ծառուկյանի մոսկովյան այցը, թերեւս, պատահական չէ: Ավելին, ենթադրվում է, որ այս այցով նա փորձել է կանխել Բաղրամյան 26-ում նախապատրաստվող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Այնուամենայնիվ, փորձեցինք ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանից պարզել մեր տեղեկությունը: Սակայն Մհերյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ո՛չ հաստատեց լուրերը` միայն ավելացնելով, որ ինքը տեղյակ չէ: