Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ «Չայնիի ոլորաններում»։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարներ, ինչպես նաև մի քանի անհատ քաղաքացիներ՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենաներով, Կոտայքի մարզի «Ճանշին»-ի աշխատակիցների հետ փորձում են նշված հատվածից դուրս բերել ձյան տակ մնացած մեծ թվով ավտոմեքենաներ, դրանց վարորդներին և ուղևորներին։ Ավտոմեքենաների խցանման երկարությունը մոտավորապես 4-ից 5 կմ է, որը փակվել է ձնաբքի պատճառով։
Այս պահին այստեղ են գտնվում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ու 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը և 3-րդ վաշտի ողջ անձնակազմը:
Կարդացեք նաև
Արդեն հիմնականում մարդկանց տեղափոխել են։ Խցանման վայրից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց։ Այս պահին մի քանի տրանսպորտային միջոցներ դեռևս մնացել են ձյան տակ։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Նշված ճանապարհահատվածը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից 3 ժամ է՝ փակված է, որպեսզի ձյան տակի մարդկանց և ավտոմեքենաները կարողանան օպերատիվորեն դուրս բերել, ինչպես նաև որպեսզի ճանապարհը հնարավոր լինի մաքրել կուտակված ձյունից։