Լրահոս
Օրվա լրահոսը

Վերափոխել սեփական «եսը». Սիրահար զույգերի ներդաշնակության բանաձեւերից

Փետրվար 10,2012 22:28


 

«Երբ նրան առաջին անգամ տեսա, ինձ թվաց` որ նա իմ կյանքի միակ սերն է: Սակայն տարիներ անց հասկացա, որ սխալվել եմ. պետք չէր շտապեի: Ափսոսում եմ, որ զուր ժամանակ վատնեցի` սիրելով և ամուսնանալով նրա հետ: Մենք բոլորովին էլ չենք համապատասխանում միմյանց», – պատմում է Լուիզան: Վերջինը երիտասարդներին հորդորում է չշտապել ընտրության հարցում, քանի որ հետո կարող է ուշ լինել:

Մասնագետները խորհուրդ են տալիս զույգերին մինչ ամուսնանալը բժշկական, աստղագիտական կամ հոգեբանական թեստավորումներ անցկացնել` հետագա տհաճ պատմություններից խուսափելու նպատակով: «Ինչպե՞ս կարելի է իմանալ` այս կամ այն անձը համատեղելի՞ է մեզ, թե՞ ոչ» հարցին աստղահոգեբան Նունե Թորոսյանը պատասխանում է, որ որոշ զույգեր չեն խորանում իրենց հարաբերություններում և փորձում են թեթև նայել կյանքին: Սակայն կան ավելի բարդ մարդիկ, ովքեր կամ ուշ են ամուսնանում կամ ամունանում են և հետո ամուսնալուծվում: «Շատերը, հատկապես երիտասարդների մեծամասնությունը, իրենց զուգընկերոջն ընտրում են` արտաքին տվյալներից ելնելով, սակայն ներդաշնակ լինելու համար այն բավարար չէ», – ասաց հոգեբան Պաուլ Դոբրանսկին: Astro Destin ռումինական աստղագիտական կայքից կարելի է տեղեկանալ, որ երկու անձի աստղագիտական քարտեզի միջև չկա 100 տոկոս ներդաշնակություն (համատեղելիության նվազագույնը 35-40 տոկոս է, իսկ սեռական համատեղելիությունը` 20 տոկոս), սակայն եթե զույգերն աշխատեն և մեծ նշանակություն տան իրենց հարաբերություններին, այդ թիվը կմեծանա` հասնելով 80-90 տոկոսի: «Մեզանից յուրաքանչյուրն ունի ներքին էներգիայի որոշակի հոսք և մոլորակային որոշակի դասավորություն, որոնց շնորհիվ հնարավոր է համապատասխանել կամ չհամապատասխանել միմյանց», – ասաց աստղահոգեբան Նունե Թորոսյանը: Իսկ աստղագետ Մարսիա Սաքսը նկատել է, որ մարդիկ սովորաբար համակրում են նրանց, ովքեր իրենց աստղագիտական քարտեզում ունեն միևնույն բացասական կողմերը: Այսինքն` նրանք հակված են ընտրելու բնավորության ընդհանուր գծեր ունեցող մարդկանց: Մյուս կողմից, հաճախ անգիտակցաբար, համակրում ենք մեր բնավորությունում բացակայող տարրեր ունեցող մարդկանց, սակայն որոնք մեզ այդքան էլ համապատասխան չեն: Այդ ամենը Մարինեն սեփական մաշկի վրա է զգացել. «Միշտ համակրել եմ ինձանից տարբեր տղաներին, սակայն վերջինների հետ վեճերն անխուսափելի են, իսկ բաժանությունն արագ է վրա հասնում: Այսօր ևս ամուսնացել եմ իմ հակապատկերի հետ, բայց այս անգամ ընդհարումներին զոհ գնալը ճակատագրական կլինի: Արդեն քայլն արված է»: Արմանն այդքան էլ համաձայն չէ, որ տարբեր բնավորությամբ մարդիկ կարող են անընդհատ վիճել: «Այո, սիրում եմ ինձանից տարբեր աղջիկների, բայց ոչ մեկի հետ երբեք չեմ ընդհարվել և չեմ էլ պատրաստվում այդ անել: Գուցե դա նրանից է, որ չեմ բարդացնում իմ հարաբերությունները շրջապատիս հետ»:

Փաստորեն, երկու անձի միջև ներդաշնակության նախապայմանը` մոլորակների դասավորությունն է, որոնք պետք է մեկը մյուսին լրացնեն: Հակառակ դեպքում ներդաշնակության հասնելու հավանականությունն ավելի քիչ է: Աստղագետների կարծիքով, եթե զույգերից որևէ մեկի մոտ բացակայում է հագևոր առաջընթացն ու ինքնակատարելագործումը, ժամանակի ընթացքում նրանցից մեկը ձեռք կբերի միևնույն բևեռականությունը («+»,«-»=«++» կամ «–»): Դա է երկար տարիներ երջանիկ կյանքով ապրող զույգերի բաժանման պատճառը: Բոլոր մարդիկ, զույգերը ևս, ժամանակ առ ժամանակ անցնում են դժվար պահերի միջով: Սակայն դա չի նշանակում, որ պետք է տեղի տալ կրքերին` խառնաշփոթ ստեղծելով: «Զուգընկերոջ վրա մեխքը փաթաթելու փոխարեն ավելի լավ է հայացք գցել սեփական անձի ներսը և ինքնակատարելագործվել», – ասաց Նունե Թորոսյանը: Վերջինն իր հաճախորդներից մեկի մասին մի դեպք հիշեց, ով իրենից տեղեկացել էր, որ բնավորության որոշ բացասական գծերի պատճառով այնքան էլ համատեղելի չէ իր սիրելի տղամարդու հետ: «Այդ երիտասարդ կնոջն ասել էի, որ եթե ցանկանում է երջանիկ ապրել այդ երիտասարդի հետ, պետք է աշխատի իր վրա` վերափոխելով սեփական «Ես»-ը: Բայց վերջինը հուսահատ հեռացավ իմ մոտից», – պատմում է աստղահոգեբանը: Երկու տարի անց այդ կինը եկավ` մասնագետին  շնորհակալություն հայտնելու, քանի որ վերջապես ամուսնացել էր իր սիրելի տղամարդու հետ: «Հիշելով իմ տված խորհուրդը` փորձել էր ինքնակատարելագործվել: Արդյունքն ապշեցնող էր. նա դարձել էր անճանաչելի, նույնիսկ սեփական ծնողների աչքերում», – հավելեց Ն. Թորոսյանը:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829