Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատասխանում է «Ժառանգությանը»

Փետրվար 10,2012 22:32

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով «Ժառանգություն»կուսակցության այսօրվա հայտարարությանը, որտեղ նշված է. «Ազգային ժողովը, ուր ներկայացված են ԵԺԿ նորագիրներ հանդիսացող բոլոր երեք կուսակցությունները, շարունակում է ապաստան տալ ընտրական գողությանն ու քաղաքական խարդախությանը», եւ մանրամասնած՝ «Հավատարիմ մնալով ընտրական գործընթացներում եւ խորհրդարանական առօրյայում կեղծարարությունների տեւական ավանդույթին` ԵԺԿ-ին դիտորդ կոալիցիան ներկայացնող տարբեր անձինք` խորհրդարանի ղեկավարության (ի դեպ` նույնպես դիտորդական կարգավիճակ ստացած կուսակցությանց անդամներ) լռելյայն համաձայնությամբ եւ փորձարկված պարտակմամբ, մեղսակից դարձան բացահայտ կեղծիքին` պատգամավորների, լրագրողների ու հանրության աչքի առջեւ ապօրինաբար քվեարկելով բացակա գործընկերների փոխարեն»՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ, ես կնախընտրեմ ի տարբերություն ԵԺԿ-ում մեր գործընկեր կուսակցության՝ ավելի համառոտ գտնվել եւ նշել, որ ՀՀԿ-ն Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկն է, կա եւ կլինի՝ դա փաստ է: 

Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությանը, ապա չեմ կարծում, որ դրանից պետք է մեծ շոու սարքել: Ամեն դեպքում՝ խորհրդարանի ղեկավարությունը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը: Բայց տեղի ունեցածից մեծ շոու սարքելու փոխարեն՝ ավելի ճիշտ կլիներ, որ «Ժառանգության» մեր գործընկերները մասնակցեին քվեարկությանը, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ սարքեին»:

Հայտարարության մեջ կար անթաքույց ակնարկ, որ կատարվածի կրկնության դեպքում դուրս կգան ԵԺԿ-ից. «Նման հանցավոր գործունեության եւս թեկուզ մեկ դրսեւորման պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը պիտի չկարողանա` ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ էլ որեւէ այլ կերպ, հաշտեցնել ԵԺԿ կոչվող եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին իր մասնակցությունը հակաժողովրդավարական, հակահայկական եւ հակաեվրոպական վարքագծի պատասխանատուների ներկայության հետ»: ՀՀԿ խոսնակը մեր զրույցում սա անվանեց «ոչ այլ ինչ, քան քաղաքական էժան հնարք, որը դժբախտաբար, արդեն սովորություն է դարձել մեր գործընկեր ընդդիմադիր կուսակցության մոտ», եւ հավելեց. «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանում քաղաքական իրական ընդդիմության եւ իրական քաղաքական պայքարի ու քննադատության արժեքը, եւ մենք էլ գտնում ենք, որ առանց մրցակցության եւ քննադատության հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական երկիր: Բայց մենք դիմել էինք ԵԺԿ-ին անդամակցելու ոչ թե հաշվի առնելով, թե այս կամ այն կուսակցությունը եւս կարող է դրան մաս կազմել, այլ քանի որ արժեքային համակարգով մեր ապագան կապում ենք ժողովրդավարական Եվրոպայի եւ քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական արժեքների հետ: «Ժառանգությունն» իր վրա ուշադրություն սեւեռելու անհրաժեշտություն ունի ընտրություններից առաջ եւ շահարկում է ՀՀԿ-ի անունը, որպեսզի իր մասին էլ հիշեցնի»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829