Շախմատի աշխարհի թագի համար այս տարի անցկացվելիք հավակնորդների մրցամարտը կանցկացվի Լոնդոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դրան հավակնում էր նաեւ Բաքուն: Սակայն մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ Լեւոն Արոնյանը կտրականապես մերժել էր իր մուտքը Ադրբեջանի մայրաքաղաք, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին: Սա արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանի համառ նախաձեռնությամբ սկզբունքային հեռակա պայքար է ծավալվում Արոնյան անհատի եւ հարեւան երկրի շախմատային ֆեդերացիայի միջեւ եւ երկրորդ անգամ այն ավարտվում է հայ գրոսմայստերի հաղթանակով:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որին նախագահական խորհուրդը հանձնարարել էր վերջնական որոշում կայացնել եւ այդ մասին հայտարարել՝ որոշեց, որ հավակնորդները կպայքարեն Լոնդոնում՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը:
Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ ՖԻԴԵ-ն մրցաշարի կազմակերպումը վստահել է ամերիկյան նորաստեղծ «Ագոն» բիզնես ընկերությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ